Երեկ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը, որի ընթացքում ֆուտբոլիստները ծնկի են իջել՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Black lives matter շարժմանը։ Ուշագրավ է, որ այդ ակցիային չի մասնակցել Ռուս մրցավար Սերգեյ Կարասևի գլխավորած անձնակազմը։
UEFA-ի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով այս դրվագը հայտնել է, որ ռուս մրցավարներին որևէ պատիժ չի սպասվում․ «Խաղացողները, մարզիչներն ու պաշտոնական անձինք իրենք են որոշում՝ ուզում են ծնկի իջնել, թե ոչ։ Այնպես որ, կարգապահական որևէ տույժ նախատեսված չէ»,-ասված է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշենք, որ շարժումն ուղղված է սևամորթների դեմ իրականացվող բռնությունների և սիստեմատիկ ռասիզմի դեմ։ Շարժման մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված սևամորթների համար և բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնցից են ռասայական պրոֆիլավորում, ոստիկանական դաժանություն և ռասայական անհավասարություն։ Նման ակցիաներ կազմակերպվում են նաև մեծ հնչեղություն ունցեող միջոցառումների, սպորտային հանդիպումների ընթացքում՝ ի աջակցություն շարժման գաղափարների։