Մի քանի օր առաջ ԶԼՄ-ներից մեկում երկրում ռազմական դրության ռեժիմի պայմաններում ռազմատեխնիկայի տեղափոխումը ցուցադրող տեսանյութ հրապարակվեց: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին:
Նա ԱԱԾ ղեկավարությանն առաջարկեց անհրաժեշտ իրավական բազայի բացակայության դեպքում զբաղվել դրա մշակմամբ, որպեսզի հետագայում պատասխանատվության ենթարկի այդպիսի նյութեր տարածող լրատվամիջոցներին: «Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ երկիրը պատերազմի էպիկենտրոնում էր: Նրանք նկարահանում եւ բաց աղբյուրներում հրապարակում էին տեղեկություններ ռազմատեխնիկայի, սպառազինության կոնկրետ տեսակների մասին, ինչն անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը՝ նման դեպքերում առաջարկելով ծայրահեղ միջոցների դիմել:
ԱԱԾ տնօրենի տեղակալն, իր հերթին, աջակցեց պատգամավորին: