Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աշխատակազմի պատասխանը։
«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը եւ Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:
Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի եւ կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:
Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում»,– ասվում է Նախագահի աշխատակազմի պատասխանում։
«Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի եւ փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է Արա Զոհրաբյանը։