f

Անկախ

«Գիտե՞ք, թե դա ինչ նվաստացում էր». ինչպես են ապրում հայերը Ադրբեջանի հետ նոր սահմանին. BBC-ի ռեպորտաժը Սյունիքից-2


Կիսված գյուղեր, կտրատված ճանապարհներ, կանգ առած արտադրություններ: Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ. աշնանային պատերազմից հետո տասնյակ կիլոմետրերով նոր սահմաններ են առաջացել, որոնց ճշգրիտ գծագրումը դեռ պետք է որոշել: BBC-ի ռուսական ծառայության թղթակիցները Հայաստանում անցել են նոր սահմանի ողջ երկայնքով և դիտարկել են, թե ինչպես են տեղի բնակիչներն ընտելանում իրենց հարևաններին:

Սկիզբը տե՛ս այստեղ

Շուռնուխ՝ կիսված գյուղ

Որոշ վայրերում արդեն սկսել են  բնակարան կառուցել այն մարդկանց համար, որոնք ստիպված էին թողնել իրենց տները: Հայ-ադրբեջանական նոր սահմանը Շուռնուխ գյուղը գրեթե կիսել է երկու մասի:

Շուռնուխում ապրում է մոտ 80 մարդ, 35 տուն կա, դեկտեմբերի վերջին այստեղ ժամանեց պատվիրակություն, որում երեք ադրբեջանցի գեներալ էին, մեկ ռուս և Հայաստանի բանակի  փոխգնդապետ: Բնակիչներին հայտնեցին, որ 11 տուն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում, ուստի հարկ է ազատել դրանք:

«Գեներալներից մեկը ձեռքը կոնքին կանթած ասում է ինձ. «Հիմա սա ադրբեջանական հող է»: Իսկ մեր կողմից միայն փոխգնդապետ է, որը լռում է: Գիտե՞ք, թե դա ինչ նվաստացում է»,- պատմում է գյուղի ղեկավար Հակոբը, որ հարկադրված է եղել թողնել իր տունը և ընտանիքով տեղափոխվել գյուղի վարչական շենք:

Խորհրդային ժամանակ այդ միհարկանի սպիտակ շենքում բուժկետ է եղել, իսկ գյուղի ղեկավարությունը հարևան մեծ երկհարկանի շենքում էր: Բայց դեռ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շենքն ընկել է «գրադների» հրաձգության տակ, այն չեն վերականգնել՝ բուժկետն ու գյուղապետարանը համատեղելով մի շենքում:

Այն տան պատուհանից, որտեղ ապրում է 57-ամյա Լարիսան, երևում է իր տունը ճանապարհի մյուս կողմում, որը ստիպված է եղել լքել:

«Շատերն ասում են, որ ամեն ինչ թողել են՝ հուսալով փոխհատուցում ստանալ, բայց իրականում ամբողջ ունեցվածքը տարել են,- կատակում է նա:- Մենք ամեն ինչ վերցրել ենք, բացի այն ձողերից, որ տնկել էինք բանջարանոցում լոբու տնկիների համար: Ես ուզում էի վերցնել դրանք, բայց հետո տեսնեմ՝ ադրբեջանցիներն արդեն տանում են վառելու»:

«Չեմ ուզում լաց լինել, բայց խոտ չկա, անասունի համար տեղ չկա, նրանք այդ պատճառով սատկում են»,- ասում է կինը: Այն տան նախասրահում, որտեղ հիմա նա ապրում է ընտանիքով, մորթած կովի մսեղիք է դրված:- Մորթեցինք, որովհետև գոմը փոքր է, չեն տեղավորվում»: Լարիսան թեյ է խմում և պատուհանից նայում է իր նախկին տանը: Սեղանին ընկույզի մուրաբա է (նա ընկույզը ամռանը բերել է հիմա արդեն ադրբեջանական Զանգելանից) և պանիր, որը նա պատրաստել է իր տանը, որն այժմ նույնպես սահմանից անդին է:

Նրանց հսկողության տակ անցած տներից մեկի տանիքին ադրբեջանցի զինվորները տեսախցիկ են տեղադրել և դրա օգնությամբ հետևում են գյուղի անցուդարձին, իսկ երբ տեսնում են, որ լրագրողներ են եկել ինչ-որ բան նկարելու համար, դիմում են այնտեղ հերթապահող ռուս սահմանապահներին:

Եվս մի տեղահանված՝ Էդիկ Հայրապետյանը, պատմում է, որ ռուս սահմանապահներն օգնեցին տները լքած բնակիչներին վերադառնալ այնտեղ, եթե ինչ-որ բան մոռացել էին վերցնել:

«Մի պապիկ մոռացել էր այնտեղ կոշիկները, հեռացել էր հագին եղածով: Այստեղ այնպիսի ձյուն սկսվեց, նա հիշեց, որ պետք է վերադառնալ, օգնություն խնդրեց ռուսներից, նրանք կապվեցին ադրբեջանցիների հետ, որոնք թողեցին, որ պապիկը վերցնի իր կոշիկները նախկին տնից»,- ասում է Էդիկը:

Ե՛վ Լարիսան, և՛ Էդիկը տրտնջում են, որ Ադրբեջանին անցան արոտավայրերը, որտեղ Շուռնուխի բնակիչներն արածացնում էին անասուններին: Հիմա արածելու տեղ չկա, անգամ ջուր խմեցնելու համար հարկ է ուղեկցել անասուններին և հետևել, որ պատահաբար չանցնեն ադրբեջանական կողմը, որտեղից արդեն կարող են անասունը չվերադարձնել: Գյուղի ծայրում արդեն 12 նոր տան հիմքեր են գցել հարկադրաբար տեղահանվածների համար, խոստացել են կառուցել մինչև 2021 թ. վերջը:

Փակուղի

«Սթրեսը մարդիկ մեծ դժվարությամբ են հաղթահարում, քանի որ շատ ժամանակ չի անցել,- ասում է Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:- Մեր քաղաքից վերջին կոնֆլիկտի ժամանակ զոհվել է 17 մարդ, նրանցից 14-ը՝ երիտասարդ տղաներ մինչև 20 տարեկան: Իսկ ողջ մարզից զոհվել է մոտ 100 մարդ»:

Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող 15-հազար բնակչությամբ Վարդենիս ժամանեցինք, երբ քաղաքապետն այնտեղ չէր, գնացել էր հարևան գյուղերից մեկը պատերազմում զոհված երիտասարդին հրաժեշտ տալու, որի դիակը չէին գտնում երեք ամիս:

Մինչև պատերազմը Վարդենիսով էր անցնում նոր ճանապարհը, որ Երևանը կապում էր Ստեփանակերտի հետ: Այդ ճանապարհով կարելի էր Լեռնային Ղարաբաղ ամենից արագ հասնել, այնպես որ դրանից օգտվում էին և՛ տեղի բնակիչները, և՛ զբոսաշրջիկները, և՛ տարածաշրջան եկող լրագրողները: Երբ Հայաստանը պարտվեց պատերազմում, Վարդենիսը տարանցիկ քաղաքից վերածվեց փակուղու, շարժն այդ ճանապարհով կտրուկ նվազեց, սկսեցին փակվել հյուրանոցները, խանութները, սրճարանները, լցակայանները:

Քաղաքապետը Վարդենիսի տնտեսական կորուստները պատերազմի հետևանքով գնահատում է տարեկան 500-700 մլն դրամ (1,1-1,3 մլն դոլար):

«Առաջ տարվա այս ժամանակ քաղաքով անվերջանալի շարանով մեքենաներ էին անցնում, ավտոբուսներ զբոսաշրջիկներով, ծաղկում էր փոքր բիզնեսը, իսկ հիմա մեզ մոտ գալիս են միայն ձեր գործընկերները և Կարմիր խաչը,- ասում է տեղի բնակիչ Պավլիկը:- Շատ բիզնեսմեններ և բնակիչներ արդեն ճամպրուկներն են դասավորում և մտածում են ուրիշ քաղաքներ տեղափոխվելու մասին»:

Պատերազմից հետո Ադրբեջանին վերադարձված շրջաններից Վարդենիս է տեղափոխվել 56 ընտանիք՝ ավելի քան 200 մարդ, և քաղաքային իշխանությունները փորձում են հիմա օգնել նրանց բնակարանով ու աշխատանքով:

 Բայց Վարդենիսի խնդիրները միայն փակված ճանապարհով չեն սահմանափակվում: Հայաստանի ամենխոշոր ոսկու հանքը՝ Սոթքը, մինչև պատերազմը երկրի ամենախոշոր հարկատուների եռյակում էր: Պատերազմից հետո հանքի 70 տոկոսը հայտնվեց ադրբեջանական կողմում և այժմ պարապուրդի մեջ է:

Արամ Մելքոնյանը պատմում է, որ Սոթքում աշխատում էր մոտ 1000 մարդ, որոնցից 550-ը՝ Վարդենիսի բնակիչ: «Վերջին մի քանի օրերին այնտեղ կրճատումներ են եղել, դա մեծ դժվարություն է քաղաքի համար, համայնքապետարանի համար, քաղաքապետի համար,- ասում է նա:- Մենք պետք է մտածենք, թե ինչով պիտի զբաղվեն այդ մարդիկ, բոլորը վարկեր ունեն, դա շատ մեծ խնդիր է»:

Մի քանի օֆշորների միջոցով հանքը պատկանում է ռուսաստանցի սեփականատերերին, որոնք հիմա, ըստ քաղաքապետի տեղեկության, բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հանքը շարունակի աշխատել նախկին ռեժիմով գոնե երկու տարի: Բայց բանակցությունների մանրամասները հայտնի չեն:

Առայժմ ադրբեջանցի զինվորներն իրենց կողմից հանքի վրա բարձրացրել են Ադրբեջանի դրոշը, իսկ Ռուսաստանից բերված պահակներն ասացին մեզ, որ ընկերության ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հաջողվի խոսել, քանի որ նրանք անընդհատ խորհրդակցությունների մեջ են:

Պատերազմից հետո Ադրբեջանի տարածքում հայտնվեցին նաև շատ արոտավայրեր, որտեղ տեղի բնակիչները արածացնում էին իրենց անասունը: Շատերը կովի կաթը վաճառում էին «Էկոկաթ» պանրի գործարանին, որն իր արտադրանքի 99 տոկոսը վաճառքի է ուղարկում Ռուսաստան: Տարեկան գործարանը արտադրում է մոտ 600 տոննա պանիր: Օրական ձեռնարկությունն ընդունում էր մոտ 40 տոննա կաթ, բայց հիմա, ինչպես կանխատեսում է Վարդենիսի ղեկավարը, ծավալները կնվազեն, իսկ բնակիչները կսկսեն վաճառել իրենց կովերը, որոնք արդեն արածելու տեղ չունեն:

Գործարանի հիմնադիր և սեփականատեր Արթուր Մովսիսյանը խոստովանում է, որ պատերազմը հարվածեց իր բիզնեսին, բայց չի ցանկանում խոսել այդ մասին. «Ես այն մարդը չեմ, որ լաց լինի: Մենք պետք է ուժեղ լինենք և առաջ շարժվելու ուղիներ գտնենք»:

«Մարդիկ տրամադրություն չունեն, և դա ամենամեծ խնդիրն է: Ինչ-որ բան անելու, ներդնելու համար մարդիկ պետք է տրամադրություն ունենան»: Արթուրը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմաններին, նա կարծում է, որ առհասարակ աշխարհում չպետք է սահմանների տեսքով սահմանափակումներ լինեն պետությունների միջև: «Ո՞ւմ են պետք դրանք: Երկրները քաշքշում են դրանք, դա միշտ հանգեցնում է կոնֆլիկտների: Սահմանները սահմանափակում են բոլոր ոլորտներում»,- ավելացնում է նա:

«Կանցնի ժամանակ, վերքերը կբուժվեն»

Վարդենիսի քաղաքապետի հետ քայլում ենք քաղաքում, նա ցույց է տալիս փակված խանութները, դեղատները, լցակայանները և պատմում է, որ հույսը դնում է միջկառավարական եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վրա, որի ստեղծման մասին Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Կրեմլում հունվարի 11-ի հանդիպման ժամանակ:

Մինչև մրատի 1-ը աշխատանքային խումբը, որ ձևավորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, պետք է ներկայացնի տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պլանը: Ադրբեջանը պետք է Նախիջևան և այնուհետև Թուրքիա բեռներ փոխադրելու հնարավորություն ստանա, Հայաստանը պետք է ապահովվի Ադրբեջանի միջով Ռուսաստանի հետ տրանսպորտային միջանցքով:

«Եռակողմ խմբի քննարկման գլխավոր հարցերից մեկը Երևան-Վարդենիս-Քելբաջար-Ստեփանակերտ ճանապարհն է,- ասում է Վարդենիսի քաղաքապետը:- Այդ ճանապարհը կարող է ընտրվել, քանի որ դա ամենից մոտն է ռուսական սահմանին, այն շատ լավ է կառուցված, դրա վրա շատ փող է ծախսվել: Կարծում եմ՝ չեն թողնի, որ այդ ճանապարհը պարզապես կորչի: Եթե այստեղիցԱդրբեջանի միջով՝ Գյանջայի միջով ուզենանք հատել Ռուսաստանի սահմանը, ապա կստացվի 160-180 կմ: Սա ամենակարճ ճանապարհն է: Ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կբացվի այդ ճանապարհը և մեր քաղաքը նորից կսկսի շնչել: Հիմա քաղաքն անշարժ է»:

Մինչև քաղաքապետ դառնալը Արամ Մելքոնյանը զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, այնպես որ հիմա Վարդենիսում ավարտվում է բռնցքամարտի դպրոցի կառուցումը, իսկ բանակում ծառայելիս նա եղել է հետախույզ:

Երբ մենք հանդիպեցինք քաղաքապետին պատերազմի ժամանակ, նա մարտունակ վիճակում էր, ձգտում էր ռազմաճակատ գնալ և դժգոհում էր, որ Երևանի ղեկավարությունը չի թողնում իրեն կռիվ գնալ, քանի որ պետք է հոգ տանի իր քաղաքի մասին: Հիմա նա պարբերաբար մեկում է ոչ թե առաջնագիծ, այլ նոր սահման, որտեղ շարունակում են կանգնած մնալ հայ զինվորականները:

Նա պատմում է, որ հրամանատարությունն արգելում է զինվորականներին շփվել հակառակորդի հետ, այսուհանդերձ նրանց միջև որոշ շփում կա. «Մարդիկ կանգնած են իրարից 20 մետր հեռավորության վրա: Առավոտյան զարթնում են և կարող են բարևել իրար, լինում է, որ հաղորդակցվում են, երբ ինչ-որ բան է պետք, տալիս են: Դա լավ է, դա ապագայի հույս է»:

Մելքոնյանը մի կարծիք է հայտնում, որն այնքան էլ ընդունված չէ հիմա Հայաստանում. վաղ թե ուշ երկու երկրների բնակիչները կսկսեն ընդունել միմյանց: «Հայաստանի և Ադրբեջանի միջև իհարկե շփում կլինի: Կանցնի ժամանակ, վերքերը կբուժվեն: Մի ժամանակ մարդիկ շփվում էին ադրբեջանցիների հետ, ապրում էին հարևանությամբ: Կարծում եմ՝ այդ դրացիական հարաբերությունները կվերականգնվեն: Դա պետք է, պարզապես պետք է: Իհարկե, վերքերը դեռ երկար չեն ամոքվի, դրա համար տասնամյակներ են պետք, բաց պետք է, որ մարդիկ ապրեն, կարողանան աշխատել և առաջ գնալ: Դրա համար պետք է հարևանների պես լինել»:

Աղբյուրը՝ BBC

 

 

պատերազմի հետևանքները նոր սահմաններ BBC ռուսաստանյան ծառայություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին