Իմպիչմենտի գործով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությունը գործընթացը հակասահմանադրական է համարում: Նիստը հեռարձակվում է Ամերիկյան Սենատի կայքում: Գրում է Gazeta,ru-ն:
Թրամփի փաստաբան Մայքլ վան դեր Վինը, իր խոսքում, գործն «անարդար և ակնհայտորեն հակասահմանադրական քաղաքական պատասխան գործողություն» է անվանել:
«Ոչ մի մտածող մարդ չէր կարող լրջորեն համարել, որ նախագահի հունվարի 6-ի ելույթը բռնության կամ ըմբոստության դրդում էր», - նշել է փաստաբանը:
Նրա խոսքերով՝ պետության նախկին ղեկավարը կոչ է արել աջակիցներին խաղաղորեն պաշտպանել իրենց իրավունքները:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց դեմոկրատ Ջո Բայդենը: Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, չճանաչեց ընտրությունների արդյունքները և վիճարկեց դրանք դատարաններում:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր ընտրությունների արդյունքները:
Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմպիչմենթի մասին բանաձեւի ընդունման օգտին: ԱՄՆ Սենատը գործընթացը ճանաչեց սահմանադրական: