ՀՀ գործող իշխանությունները սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ ցույց տվեցին: Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Այն, ինչում մեղադրում են իմ պաշտպանյալին, իրականում հենց գործող իշխանությունները սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ ցույց տվեցին, երբ իշխանության երկու ճյուղերը՝ գործադիր եւ օրենսդիր, ժողովրդին կոչ են անում բոյկոտել երրորդ իշխանությանը՝ դատական: Ժողովրդի հետ բոյկոտում են դատարանները, իսկ ոստիկանությունը հետեւում է, որպեսզի հասարակական կարգը չխախտվի: Դա կմտնի դասագրքեր որպես դասական օրինակ»,-նշեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նաև նշեց նման խախտումների հանդեպ եվրոպական կառույցների վերաբերմունքը:
«ՄԻԵԴ-ում բողոքներից մեկը վերաբերում է դատարանների վրա ճնշմանն ու դատարանները բոյկոտելու Փաշինյանի կոչին: Պարոն Քոչարյանը հարցազրույցում ասել է այդ մասին, ես նույնպես կկրկնեմ: Պատկերացրեք, որ ինչ-որ իշխանության օրոք նման կոչ հնչեր: Պատկերացրեք միջազգային ատյանների արձագանքը: Սակայն մենք դա չենք տեսնում: Եվ չգիտենք՝ ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ում բողոքների ընթացքը: Սակայն տեսնում ենք նման գործողությունների հանդեպ հանգիստ վերաբերմունք: Եթե նման դեպք տեղի ունենար այլ իշխանության օրոք՝ սկսած ԽՍՀՄ-ից, Եվրոպայի կողմից նվստացուցիչ արձագանք կլիներ»,-եզրափակեց Հայկ Ալումյանը: