f

Անկախ

​​​​​​​Թե ինչպես  հետխորհրդային հանրապետությունները վերածվեցին «Սորոսի արտիստների թատրոնի»


Իրադարձությունները Հայաստանում և Մոլդովայի նախագահական ընտրություններում ամերիկյան միլիարդատեր Սորոսի հովանավորյալ Մայա Սանդուի հաղթանակը կրկին Ռուսաստանին առաջադրում են «անիծյալ հարցերը». մի՞թե իրոք անշահախնդիր  է Արևմուտքի օգնությունը, ո՞րն է բարեգործության ու մարդու իրավունքների պաշտպանության և սեփական շահերից ելնելով՝ ուրիշ պետությունների վրա հսկողություն հաստատելու նպատակով նրանց  ներքին գործերին միջամտելու սահմանը: Այս հարցերի պատասխաններն է փնտրել «Մոսկովսկի կոմսոմոլեցի» թղթակից Մարինա Պերեվոզկինան՝ «շրջայց» կատարելով հետխոհրդային հանրապետություններում և փնտրելով Սորոսի ոտնահետքերը:  Նրա արձանագրած փաստերը հստակ ցույց են տալիս, որ այնտեղ, որտեղ Սորոսն իր ոտքին տեղ է անում, այդ երկիրը հայտնվում է ավերիչ հեղափոխությունների շրջապտույտում՝ զրկելով զարգանալու և առաջ շարժվելու հնարավորությունից:

Վրաստան. վարդի գինը

2003 թվականի ուշ աշնանը ես հանդիպեցի արդեն Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեի հետ նրա Կրցանիսի նստավայրում: Հեռվում աղմկում էր հեղափոխական Թբիլիսին, իսկ այստեղ՝ թավշյա վարագույրներով առանձնասենյակում, Էդուարդ Ամրոսովիչն անկեղծ խոսում էր նրանց մասին, ովքեր կազմակերպել էին իր տապալումը:

Ամերիկյան ֆինանսիստ Ջորջ Սորոսի ոգին թևածում էր գրասեղանի վրա, որտեղ կանաչ «գլխարկով» լուսամփոփն էր՝ որպես հպարտ մրրկահավ ծովի ալեհեր հարթության վրա: Նախկին նախագահը մեղադրում էր Սորոսին այն բանում, որ ցանկացել է «հարավսլավական փորձը ներդնել Վրաստանում» և ֆինանսավորել է արմատական, երկրում «վարդերի հեղափոխություն» արած կազմակերպություններին: Մասնավորապես «Կմարա» երիտասարդական կազմակերպությանը, որը սերբական «Հակահարվածից» փոխ է առել ոչ միայն պայքարի մեթոդները, այլև խորհրդանիշը, որը պատկերում է բռունցքը սեղմած ձեռք. իբր ժողովրդական ցասման խորհրդանիշ:

Իրավիճակի նրբությունն այն էր, որ Շևարնաձեն ու Սորոսը վաղուց անձամբ ծանոթ էին միմյանց: Դեռ 2000-ին՝ Սորոսի Վրաստան այցի նախօրեին, «Ազատություն» ռադիոկայանը (ճանաչված է Ռուսաստանում օտարերկրյա գործակալ- "МК") հիշեցնում էր, որ վերակառուցման ժամանակներում «ԽՍՀՄ արտգործնախարարն օգնեց հաջողակ ֆինանսիստին (ի դեպ, ծագումով Հունգարիայից) իր համար պատուհան բացել երկաթյա վարագույրում»: Ասենք, «հաջողակ ֆինանսիստին» ողջունում էր այն ժամանակ ոչ միայն «գաղտնի այլախոհ» Շևարնաձեն, որ իր իսկ խոստովանությամբ զբաղված էր ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյում ԽՍՀՄ-ի փլուզման աշխատանքով, այլև սոցիալիստական հայրենիքի նվիրյալ Անդրեյ Գրոմիկոն, որ այն ժամանակ զբաղեցնում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը:

Այսօր կարող ենք ապշել խորհրդային առաջնորդների միամտությունից, որոնք, այդ աղվեսին հավանոց մտցնելով, սրբորեն հավատում էին, որ նրան հետաքրքրում են սոսկ համեղ հավիկների մշակութային զարգացումն ու լուսավորությունը: Համենայն դեպս, սկզբում ամեն ինչ բավական անմեղ էր թվում:

«Մեկենաս ու մարդասեր» Ջորջ Սորոսն առաջին անգամ ԽՍՀՄ-ում է եղել 1987 թ. մարտին: Տեղի է ունեցել նրա հանդիպումը Գրոմիկոյի հետ: 1988 թ. մայիսի 16-ին Խորհրդային մշակույթի հիմնադրամը, Խորհրդային խաղաղության հիմնադրամը և ամերիկյան Սորոսի հիմնադրամը (ճանաչված է ՌԴ-ում անցանկալի կազմակերպություն - "МК") համաձայնություն ստորագրեցին «Մշակութային նախաձեռնություն» հիմնադրամի ստեղծման մասին: Այդ հիմնադրամում աշխատում էր հայտնի քաղտեխնոլոգ Գլեբ Պավլովսկին որպես «Քաղաքացիական հասարակություն» ծրագրի տնօրեն:

1991 թ. Սորոսը փակեց հիմնադրամը (լուրեր էին պտտվում, թե ֆինանսական չարաշահումների պատճառով): Դրանից հետո ՌԴ եկավ «Բաց հասարակություն» ինստիտուտը (ճանաչված է ՌԴ-ում անցանկալի կազմակերպություն - "МК"): Համանման կազմակերպություններ ի հայտ եկան շուտով նաև նախկին խորհրդային այլ հանրապետություններում:

Վրաստանում Սորոսի հիմնադրամը գրանցվել է 1994 թ.: Ով ասես, որ նրանից դրամաշնորհ չի ստացել: Այդ թվում և ապագա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ապագա վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ: Դա անկեղծորեն խոստովանել է ինքը՝ բարեգործը:

«Ինչպես հայտնի է, Շևարնաձեի օրոք կտրուկ բարձրացել էր կոռուպցիայի մակարդակը, և բարեփոխիչների խումբը՝ խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիայի և արդարադատության նախարար Միխայիլ Սաակաշվիլու գլխավորությամբ, սկսեց հակակոռուպցիոն շարժումը: Այդ խմբին աջակցում էր նաև իմ հիմնադրամը»,- ասել է Սորոսը:

Այնուհետև նա անցավ արդեն անմիջականորեն հեղափոխական գործունեության աջակցությանը: Մամուլում թվեր էին նշվում. Շևարնաձեին գայընկեց անելու համար մեկենասը 10 տարում մոտ 40 մլն դոլար է ծախսել: Այսպես, «Կմարա» («Հերիք է») կազմակերպության ակտիվիստները նրա փողերով մեկնում էին Բելգրադ՝ ուսումնասիրելու սերբական «բուլդոզերային» հեղափոխության փորձը (որին նույնպես նպաստել է Սորոսը): Սորոսի հիմնադրամի հաշվին մեկնել է նաև «Ազատության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Գիգա Բոկերիան և ինքը՝ Սաակաշվիլին: 2003 թ. ամռանը Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է սերբական «Հակահարձակում» կազմակերպության ակտիվիստների այցը Վրաստան, որոնք ուսանողներին վարչակարգի տապալման վարպետության դաս են տվել:

Վրացական հեղափոխության ժամանակ ես հանդիպել եմ Թբիլիսիում «Կմարայի» ակտիվիստների հետ: Իհարկե, նրանք պնդում էին, որ որևէ աշխատավարձ Սորոսից չեն ստանում: Փողը տրվում է գրասենյակի վարձակալության, պլակատների, գրքույկների, շապիկների, կեպիների, ներկի, գովազդի համար… Նույնիսկ վարդերը, որոնք հեղափոխության խորհրդանիշը դարձան և քաղաքացիական ակտիվիստուհիները տալիս էին ոստիկաններին, նույնպես գնվում էին Սորոսի փողերով:

Զարմանալի չէ, որ հեղափոխությունից հետո իշխանության եկան Վրաստանում ամբողջ «սորոսանոցներ»: Նախ՝ ինքը՝ Սաակաշվիլին, որը մինչ օրս հաջողակ ֆինանսիստի աշխարհաքաղաքական շախմատում  թագուհու դերն է խաղում: Նոր կաբինետի չորս նախարար նախկինում աշխատել էր Սորոսի հիմնադրամի կառույցներում: Խոսքը կրթության նախարար Կախա Լոմայայի (հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի նախկին գործադիր տնօրեն), էկոնոմիկայի նախարար Իրակլի Ռեխվիաշվիլու (հիմնադրամի աշխատակից Բուդապեշտում), մշակույթի և սպորտի նախարար Գեորգի Գաբաշվիլու և արդարադատության նախարար Գեորգի Պապուաշվիլու մասին է:

Հեղափոխությունից հետո Սորոսը հայտարարեց, որ Վրաստանի նոր ղեկավարությանը վճարելու է երկրորդ աշխատավարձ: Այսինքն՝ բացի բյուջեից ստացվող աշխատավարձից, նախագահը, խորհրդարանի նախագահը և վարչապետը ամսական ստանում էին մեկուկես հազար դոլար, նախարարները և գլխավոր դատախազը՝ 1200-ական դոլար: Եվս 5 հազար պետական պաշտոնյաների հավելավճարն ավելի ցածր է: Աննախադեպ երևույթ:

2012 թ. հոկտեմբերին Վրաստանի իշխանությունը փոխվեց: Սակայն «սորոսականները» մնացին: Ընդ որում, նրանց կարելի է հայտնաբերել ոչ միայն ընդդիմության, այլև ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների շարքերում: Այսպես, Սորոսի հիմնադրամում է աշխատել Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Կոբախիձեն, որ անցած տարվա ամռանը ստիպված եղավ հրաժարական տալ «Գավրիլովի ճգնաժամի» կապակցությամբ: Ինչպես նաև նրա հետնորդ Արչիլ Տալակվաձեն: Այնպես որ սորոսանոցի ճտերը նախկինի պես մեծամասնություն են կազմում երկու մրցակից ճամբարներում էլ: Իզուր չէ, ըստ երևույթին, որ վրացական խորհրդարանն անվանում են «Սորոսի արտիստների թատրոն»:

Մոլդովա. միլիոն Մայա Սանդուի համար

Հերթական մեծ հաղթանակը Ջորջ Սորոսը տարավ վերջերս Մոլդովայում: Նախագահ ընտրվեց նրա բազմամյա հովանավորյալ Մայա Սանդուն: Պստիկ, բայց ճստիկ Մոլդովան կարևոր աշխարհաքաղաքական դիրք ունի: Այսօր երկիրը չեզոք կարգավիճակ ունի, բայց եթե հաջողվի առաջ մղել նրա միացումը Ռումինիային, ապա ինքնըստինքյան կլուծվի նրա ՆԱՏՕ մտնելու հարցը: Կմնա դուրս մղել Ռուսաստանին Մերձդնեստրից, և ՆԱՏՕ-ն կմոտենա ընդհուպ Օդեսայի մարզի սահմաններին:

Սանդուի կապը Սորոսի հետ խնամքով թաքցվում էր, բայց ասեղը պարկում չես թաքցնի: Պարզվեց, որ 2009-2010 թթ. ապագա նախագահը մոլդովական Սորոսի հիմնադրամի սենատի անդամ է եղել և նրա փողերով սովորել է Հարվարդի համալսարանում: Հենց Սորոսի միջնորդությամբ է նա ստացել Վաշինգտոնում Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը: 2012 թ. Սանդուն  զբաղեցրեց կրթության նախարարի պաշտոնը Յուրի Լյանկեի կառավարությունում: Վերջինս նույնպես սերտ կապեր է ունեցել Սորոսի հետ: Նրա խորհրդականները, Վրաստանի օրինակով, Սորոսից «երկրորդ աշխատավարձ» էին ստանում ամսական 4200 դոլարի չափով: Սանդուի համար Լյանկեն բարեգործից ամբողջ մեկ միլիոն եվրո է քաշել, որը ծախսվել է կրթության համակարգի բարեփոխումների (իմա՝ քայքայման) վրա:

- Մոլդովայում 1992 թ. եղել է 38 հասարակական (ոչ առևտրային՝ ՈԱԿ) կազմակերպություն, իսկ այսօր՝ մոտ 14 հազար,- «МК»-ի հետ հարցազրույցում ասաց Մոլդովայի սոցիալ-դեմոկրատական ինստիտուտի տնօրեն, խորհրդարանի պատգամավոր Բոգդան Ցիրդյան:- Նրանցից առնվազն102-ը անմիջականորեն մտնում են Սորոսի ցանցի մեջ: Մոլդովական ՈԱԿ-ների միջին տարեկան բյուջեն 2017 թ. կազմել է 108 մլն եվրո: Այսօր, անկասկած, այդ բյուջեներն էապես աճել են: Մենք ճշգրիտ թիվը չենք կարող իմանալ, քանի որ դա չի ցուցադրվում: Հայտնի է մի բան. 1991-2018 թթ. մոլդովական ՈԱԿ-ներում ներդրվել է մոտ մեկ մլրդ եվրո: Ավելի ստույգ՝ մեկ մլրդ 50 մլն: Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ այդ տարիներին Մոլդովան արտասահմանից ընդհանուր ստացել է 4 մլրդ: Այսինքն՝ արտասահմանյան ֆինանսական ողջ օգնության մեկ քառորդը գնացել է ՈԱԿ-ներին: Մոլդովայում Սորոսի ցանցում գոյություն ունեն 26 խոշոր «շնաձուկ» ՈԱԿ-ներ, որոնց ընդհանուր տարեկան բյուջեն ավելի քան 21 մլն եվրո է:

- ՈԱԿ-ներն ինչ-որ կերպ կապվա՞ծ են միմյանց հետ:

- Նրանք Մոլոդովայում ստեղծել են միասնական ցանց: Այդ ցանցի մասն են կազմում այն ՈԱԿ-ները, որոնք ֆինանսավորվում են ոչ միայն Սորոսից, այլև ամերիկյան Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամից (NED) և Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամից: Ցանցը կառավարվում է միասնական կենտրոնից: ՈԱԿ-ները համաժամանակյա են կատարում իրենց բոլոր գործողությունները՝ հայտարարությունները, բողոքի ցույցերը, հավաքական ակցիաները: Կառավարումը գալիս է կա՛մ ամերիկյան դեսպանությունից, կա՛մ անմիջականորեն Վաշինգտոնից: Փաստորեն, ՈԱԿ-ները Մոլդովայում ստեղծել են զուգահեռ իշխանության, «խորքային պետության» ֆենոմենը: Այդ խորքային պետությունը սերտաճել է ուժայիններին, գլխավոր դատախազությանը, ՏԱԾ-ին (Տեղեկատվության և անվտանգության ծառայություն) և փաստացի չի ենթարկվում սահմանադրական իշխանությանը:

- Ինչպե՞ս է դա դրսևորվում:

- ՈԱԿ-ներն ի վիճակի են սաբոտաժի ենթարկելու կամ վարկաբեկելու իշխանության որոշումները: Մոլդովայում սորոսական ցանցի ամրապնդումը կապված է այն հանգամանքի հետ, որ մենք դեռ 2005 թ.՝ նախագահ Վորոնինի օրոք, ստորագրել ենք Մոլդովա-Եվրամիություն գործողությունների ծրագիր և Մոլդովա-ՆԱՏՕ գործողությունների ծրագիր: Այդ փաստաթղթերն էլ նախատեսում էին ՈԱԿ-ների զանգվածային ներդնում պետական իշխանության մարմիններում: Յուրաքանչյուր նախարարությունում ստեղծվել էին կոլեգիաներ, որոնց մեջ պարտավոր էինք ներգրավել ՈԱԿ-ներին: Կառավարության բոլոր որոշումները, բոլոր օրինագծերը պարտադիր անցնում են ՈԱԿ-ների փորձաքննությունը: Փաստորեն այդ ՈԱԿ-ները դարձել են երկրի արտաքին կառավարման գործիք:

- Ինչի՞ վրա է ծախսվել Սորոսից Սանդուի համար ստացված միլիոն եվրոն:

- Դա յուրացրել է երեք ՈԱԿ, որոնք շատ պատահական պարզվել է, որ մոտիկ են Մայա Սանդուին: Այդ կառույցների առաջնորդները հետագայում հայտնվեցին նրա կուսակցությունում կամ կառավարությունում, երբ նա վարչապետ էր: Նրանցից մեկը նույնիսկ կրթության նախարար դարձավ 2019-ին, իսկ այսօր նոր նախագահի խորհրդականն է… Սանդուի նախարարների մեծ մասը սորոսական են: Նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցության քաղբյուրոյի բոլոր 13 անդամները Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներ են: Նրանք կա՛մ աշխատել են այնտեղ, կա՛մ այնտեղից գրանտ են ստացել: Սորոսական են նաև նրա բոլոր խորհրդականները:

- Սորոսն ինչ-որ կերպ օգնե՞լ է նրան նախագահական ընտրություններում:

- Սանդուի կապը Սորոսի հետ ընտրությունների ժամանակ պարզապես ակնհայտ էր: Սորոսի ողջ ցանցը, իսկ դա ավելի քան հարյուր ՈԱԿ է և ավելի քան հարյուր ԶԼՄ, այդ թվում և 25 հեռուստաալիք, 21 ռադիոկայան, մոտ 80 կայքէջ, զօրուգիշեր քարոզում էր Սանդուի օգտին և պատառ-պատառ էր անում Դոդոնին, որին աջակցում էր միայն երեք հեռուստակայան: Դոդոնին «կպցնում» էին, որ նա և՛ կոռուպցիոներ է, և՛ բանդիտ, նա մեղավոր է կորոնավիրուսի համավարակի համար և համաշխարհային ճգնաժամի թիկունքում է: Այն սուտը, որ տարածում էին նրանք, հնարավոր չէր հերքել, քանի որ հնչում էր բոլոր հեռուստաէկրաններից, բոլոր ֆեյսբուքներից ու ինստագրամներից: Եթե Դոդոնը որևէ պատասխան էր տալիս, վայրկենապես արգելափակվում էին ֆեյսբուքում բոլոր էջերը, մյուս սոցիալական ցանցերում նույնպես: Դա տոտալ պատերազմ էր: Այսօր սորոսականները փաստացի Մոլդովան կիսագաղութի վիճակում են պահում և իրականացնում են երկրի արտաքին կառավարումը: Դրան հակադրելու համար առայժմ փաստորեն ոչինչ չունենք:

- Մոլդովական ո՞ր հեռուստատեսային ալիքներն է վերահսկում Սորոսը:

- Եկեք խոսենք ոչ միայն Սորոսի հիմնադրամի մասին, այլև ամերիկյան Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի մասին, քանի որ այդ երեք հիմնադրամները գործում են կարգավորված:  Սորոսն անմիջականորեն վերահսկում է 21 տարածաշրջանային հեռուստատեսություն և մեկ համապետական հեռարձակման խոշոր ալիք՝ «Ռեգիոնալ- TV»-ն: Բայց բոլորը միասին վերահսկում են ևս 4 ալիք՝ համազգային ծածկույթով: Մոլոդովայի յուրաքանչյուր շրջանում Սորոսի TV ալիք և Սորոսի ռադիո կա: Մի քանիսը հեռարձակվում են նաև Մերձդնեստրում:

Հայաստան. գրանտակերների պարահանդեսը

2018 թ. իրադարձությունները Հայաստանում գունավոր հեղափոխության դասական օրինակ էին՝ միայն որոշ ազգային առանձնահատկությամբ: Այդ առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով (Թուրքիա և Ադրբեջան) և դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ նրա համար գոյատևման խնդիր են: Այդ պատճառով Արևմուտքի համար Հայաստանը ևս մի հակառուսական ֆորպոստ դարձնելը դժվար խնդիր է, բայց սկզբունքորեն լուծելի:

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանում է «Սորոսի արտադրանք», մենք շատ լավ հասկանում ենք, որ նրա նպատակն է գժտեցնել Երևանին Մոսկվայի հետ: Բայց մի՞թե նա սխալվում է:

Հասկանալի է՝ ինքը Փաշինյանը բոլոր մեղադրանքները Սորոսի հետ կապի մասին հերքում է: Նա մատնանշում է այն հանգամանքը, որ Սորոսը սկսել է գործել Հայաստանում 1997 թ. և շատ լավ աշխատել է նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք: Սակայն այն ժամանակ ՀԿ-ները հանրապետությունում մարգինալ գոյություն էին քարշ տալիս:

Ամեն ինչ փոխվեց Փաշինյանի իշխանության գալով: Սորոսական «թոշակառուները», որոնք ակտիվ մասնակցություն ունեին թավշա հեղափոխությունում, անմիջապես բազմեցին իշխանության բոլոր ճյուղերում և բոլոր կաբինետներում: Ըստ հայկական ԶԼՄ-ների տվյալների՝ գրանտակերները «Իմ քայլը» խմբակցության (վարչապետի կողմնակիցները, ներկայումս խորհրդարանական մեծամասնությունը, 88 պատգամավոր) մոտ 20 տոկոսն են կազմում:

Բայց նրանք չսահմանափակվեցին խորհրդարանով:  Փաշինյանի կառավարման սկզբնական շրջանում գիտության և կրթության նախարարի տեղակալ դարձավ Սոս Ավետիսյանը՝ Սորոսի հիմնադրամի ծրագրերից մեկի համակարգողը: Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը դարձավ Սասուն Խաչատրյանը՝ Հայաստանում Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի եղբայրը: Սորոսի հիմնադրամի կողմից կառավարվող «Տարածաշրջանային զարգացման կենտրոնի» համակարգողն ու ղեկավարն էին խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիանա Ղալթախչյանը և անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Բայց ոչ միայն Սորոսով: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Transparency International (Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ - "МК") կազմակերպության աշխատակից Արմեն Գրիգորյանը: Եվ շատ ուրիշները, որոնց լրիվ ցուցակը թվարկելու համար թերթը հնարավորություն չունի:

Բավական պերճախոս է նաև այն փաստը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո՝ 2019 թ. մարտին, Սորոսից ֆինանսավորվող կազմակերպություններն ազատվեցին հարկերից: Հայաստանում շատերը դա համարում են պարգև հեղափոխության ժամանակ աջակցության դիմաց:

Ինչպես և Մոլդովայում, Հայաստանում «ոչ կառավարական սեկտորը» հանդես է գալիս որպես զուգահեռ իշխանություն, որը Փաշինյանի օրոք սերտաճել է սահմանադրական իշխանությանը: Համաձայն ամերիկյան Dun&Bradstreet ընկերության տվյալների շտեմարանի, որ հրապարակեց հայկական «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը, Հայաստանի 40 առաջատար արևմտամետ կազմակերպությունների տարեկան բյուջեն կազմում է 33 մլն դոլար: Նրանցից 15-ը տարեկան ստանում են 1-2 միլիոն դոլար: Ընդ որում, այդ միջոցների ծագումը միշտ չէ, որ հասկանալի է:

Այս օրերին Հայաստանում նոր հեղափոխություն է տեղի ունենում, այս անգամ՝ Փաշինյանի դեմ: Այն սկսվել այն բանից հետո, երբ պատերազմում պարտությունից վրդովված հայերը գրոհեցին Երևանում մի քանի շենքերի վրա, այդ թվում և Սորոսի հիմնադրամի:

Ադրբեջան. թշնամի վաստակեցին

Ոգեշնչված Հայաստանում ունեցած հաղթանակով՝ Սորոսը խցկվեց նաև Ադրբեջան, բայց այնտեղ նրան արագ կոտրեցին: «Բաց հասարակություն-Ադրբեջան» ինստիտուտը աշխատել է Բաքվում 1999-2010 թթ.: Այնուհետև նրա հաշիվները սառեցվեցին, իսկ աշխատակիցներին կանչեցին հարցաքննության գլխավոր դատախազություն: 2014 թ. կազմակերպության գրասենյակը վերջնականապես փակեցին: Դրանից մի շաբաթ առաջ տեղական թերթերից մեկում հրապարակվեց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հոդվածը, որում Սորոսը մեղադրվում էր Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ:

Մեկենասն ու բարեգործը շատ խիստ վիրավորվեց: Եվ շուտով Լոնդոնում՝ խորհրդաժողովում, հայտարարեց. «Երկրներից մեկը, որին Արևմուտքը, ցավոք,  չափազանց ներողամիտ է վերաբերվում, Ադրբեջանն է, որտեղ բավական անախորժ դիկտատորական վարչակարգ է թագավորում… Եվ ես կարծում եմ, որ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ աջակցելով նրան»:

Իհարկե, Ադրբեջանը, ի դեմս Սորոսի, ուժեղ թշնամի վաստակեց: Բայց փոխարենն այնտեղ դեռևս որևէ գունավոր հեղափոխություն չի եղել…

Բայծկան և ասիական վագրերը

Բելառուսում Սորոսի հիմնադրամը սկսել է գործել 1993 թվականից: 1997 թ. հիմնադրամը մեղադրվել է արտարժույթի պարտադիր վաճառքից խուսափելու մեջ և տուգանվել է 3 միլիոն դոլար: Իսկ գործադիր տնօրենը՝ ԱՄՆ քաղաքացի Պիտեր Բերնը, արտաքսվել է երկրից: Դրանից հետո հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն «Սորոսի հետքը» հստակ տեսանելի է երկրի վերջին իրադարձություններում: Հիմնադրամը գործում է ուրիշ երկրներում ունեցած իր «միջադիրների» միջոցով, առաջին հերթին՝ Ուկրաինայի:

Ուզբեկստանից սորոսական «Բաց հասարակությանը» վտարել են 2004 թ.՝ ութ տարվա գործունեությունից հետո: Հիմնադրամը պարզապես չեն վերագրանցել: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը հասցրել է ծախսել երկրում ավելի քան 20 մլն դոլար, ընդ որում, գրանտ ստացողների շարքում եղել է նաև արդարադատության նախարարությունը: Այն նախարարությունը, որը մերժել է նրա վերագրանցումը:

Շուտով Սորոսը, ըստ ավանդույթի, պատասխան հարված է հասցրել՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը վերանայել իր վերաբերմունքը Ուզբեկստանի իշխանությունների նկատմամբ: Մինչդեռ, եթե փորձենք խորանալ, ապա մեղավորը հենց հիմնադրամն էր: Ոչ ոք չէր ստիպել հրապարակայնորեն լեզվից թռցնել, որ կուզենար վրացական «Վարդերի հեղափոխության» կրկնությունը  Կենտրոնական Ասիայի՝ ԱՊՀ կազմում գտնվող հինգ պետություններում՝ Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:

«Երկաթյան վարագույրի» հետևում ապրող Թուրքմենստանում արտասահմանյան ՈԱԿ-ների գործունեությունն արգելված է: Այդպիսիք երբեք այնտեղ չեն եղել: Իսկ ահա Տաջիկստանում և Ղազախստանում Սորոսը հանգիստ աշխատում է: Նրա կազմակերպություններն այնտեղ շատ զգույշ են և որևէ լուրջ սկանդալում չեն նկատվել: Թեպետ, իհարկե,  տվյալ պետությունների իշխանության բոլոր միջանցքներն աստիճանաբար լցվում են սորոսական «թոշակառուներով»:

Ղրղզստանը կորած է

Ղրղզստանում Սորոսը սկսել է գործել 1993 թ. և 10 տարվա ընթացքում ծախսել է մոտ 40 մլն դոլար:

«Մեր կարծիքով՝ սորոսական կառույցների գործունեության համար առավել բարենպաստ պայմանները ստեղծված են Ղրղզստանում,- հրճվանքով գրել է ուզբեկ քաղաքագետ Սադրիդդին Աբդուռահիմովը 2004 թ.:- Այստեղ բացվել է Ջ. Սորոսի ֆինանսավորած Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանը… Ղրղզստան այցի ժամանակ (2003 թ. հունիս) Ջ. Սորոսը պաշտպանեց հանրապետությունում Հանրային քաղաքականության ինստիտուտ բացելու գաղափարը: Գրող Չինգիզ Այթմաթովն իր հերթին առաջարկեց Սորոսին ստեղծել մշակութային կենտրոն «Իսսիկ-Կուլ լճափի ցանկացած կետերում»: Երկրի նախագահ Ա. Ակաևը Ջ Սորոսին հանձնեց Մանասի 3-րդ աստիճանի շքանշան»:

Իսկ 2005 թ. Ղրղզստանում բռնկվեց «Վարդակակաչների հեղափոխությունը»: Նախադրյալը, ինչպես սովորաբար, ընտրություններն էին: Կառավարության ու խորհրդարանի շենքերը գրոհով գրավվեցին, ավազակները կողոպտեցին մայրաքաղաքը, նախագահ Ասկար Ակաևը փախավ երկրից: Իշխանության եկավ նախկին վարչապետ Կուրմանբեկ Բակիևը: 2010 թ. ապրիլի 7-ին նա նույնպես տապալվելու էր զանգվածային անկարգությունների հետևանքով և լքելու էր երկիրը: 2014 թ. Ղրղզստանի ռազմական դատարանը հեռակա դատապարտելու էր նրան ցմահ բանտարկության:

Այն ժամանակվանից ի վեր Ղրղզստանը կորցրել է հեղափոխությունների, դատավճիռների, զանգվածային անկարգությունների հաշիվը: Բայց Սորոսի հիմնադրամն այնտեղ իրեն շատ լավ է զգում:

Ուկրաինա. նրանք կռվում էին հանուն Սորոսի

Ջորջ Սորոսը հպարտանում է Ուկրաինայով՝ որպես իր ամենահաջողված նախագծով: Նրա ներկայացուցչությունը՝ «Վերածնունդ» միջազգային հիմնադրամը, բացվել է Կիևում 1990 թ., երբ Ոկրաինան դեռ խորհրդային հանրապետություն էր: Պաշտոնապես այն ժամանակվանից ի վեր հիմնադրամի խողովակներով անցել է 200 մլն դոլար՝ ծախսվելով տարբեր ծրագրերի վրա: Սորոսի և նրա սաների դերը ուկրաինական երկու մայդաններում անվիճելի է և հսկայական: Միլիարդատիրոջ ծառայությունները հետմայդանյան իշխանությանն ահռելի են: Դրանք գնահատել է նաև Պյոտր Պորոշենկոն, որի ձեռքից 2017 թ. նոյեմբերին Սորոսը Ազատության շքանշան ստացավ՝ Ուկրաինայի ամենաբարձր պարգևներից մեկը:

Սակայն մեծ միամտություն կլիներ Յուշչենկոյին, Պորոշենկոյին և առավել ևս Զելենսկուն սկանդալային միլիարդատիրոջ դրածոն համարել: Ամեն ինչ ավելի բարդ է: Զելենսկու հետ Սորոսը նույնիսկ անձամբ չի հանդիպել: Ասենք դրա կարիքը չկա էլ. նրա շոշափուկները թափանցել են երկրի իշխանության և կառավարման բոլոր ատյանները և ԶԼՄ-ների մեծ մասը: Դա հնարավորություն է տալիս հաջողությամբ խաղացնելու նախագահին և իրադարձությունները երկրում ուղղելու դեպի անհրաժեշտ հունը:

Իսկ թե ով է կատարում Սորոսի գործակալի գործառույթները Ուկրաինայում, հայտնի է՝ Միխայիլ Սաակաշվիլին: Եվրոմայդանի ժամանակ նա պաշտպանում էր Պորոշենկոյին, որի համար վերջինս նշանակեց նրան Օդեսայի նահանգապետ և Ուկրաինայի քաղաքացիություն տվեց: Սակայն շուտով վարդերի հեղափոխության առաջնորդը հարձակվեց Պորոշենկոյի վրա՝ անվանելով նրան «չարչի» և մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ինչի պատճառով էլ զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից և վտարվեց երկրից: Հիմա նրան տաքացնում է Զելենսկին:

Սաակաշվիլին դարձել է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարը: Դա նախագահին առընթեր հատուկ կառույց է: Կարծում եմ, որ Սաակաշվիլուն Ուկրաինայում հատկացված է Սորոսի և այլ արևմտյան կառույցների կողմից «վերակացուի» դերը: Հենց որ նախագահը շեղվի արևմտյան ուղղությունից, անմիջապես Սաակաշվիլու շուրթերից նրա վրա կթափվեն կոռուպցիայի մեղադրանքներ, իսկ նրա նստավայրի պատուհանների տակ կհավաքվի ոչ մեծ, բայց հոծ մայդան՝ ձևավորված փախած վրացական նախագահի կողմնակիցներով:

 

 

Հասարակություն Ջորջ Սորոս «Բաց հասարակության հիմնադրամներ»

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին