Արդարադատության նախարարին կա՛մ սխալ են զեկուցել, կա՛մ նա ամբողջությամբ չի ուսումնասիրել նյութերը, քանի որ Ռուստամ Բադասյանը, չունենալով համապատասխան լիազորություններ, Վիրաբյանին աշխատանքից ազատելու անօրինական որոշում է կայացրել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
«Որոշման պատճառները կապված են այն բանի հետ, որ ՊՈԱԿ-ը 2018-ի կեսերին հարկեր չի վճարել: Եթե դա այդպես է, ապա այդ դեպքում տնօրենի լիազորությունները պետք է դադարեցվեին հենց հաջորդ օրը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից, որի կազմում այդ ժամանակ գտնվում էր Ազգային արխիվը, ինչը չարվեց: Այսինքն` խախտումներ չէին հայտնաբերվել»,- ասաց նա:
Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ այս որոշումն ուղղված է Վիրաբյանի անձի դեմ, քանի որ նման իրավիճակներ կան նաեւ այլ ՊՈԱԿ-ներում, սակայն այսպիսի խնդիրներ ոչ մի տեղ չեն առաջացել: «Որոշումը կբողոքարկվի դատարանում»,- եզրափակեց փաստաբանը: