Երևանում օգոստոսի 27-ին կմեկնարկի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համերգային ծրագիրը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը:
«Ֆրեսկոն» ապացուցել է, որ կրոնական և աշխարհիկ աշխարհընկալումների միջև չկա հակասություն: Այս իմաստով, փառատոնը բացառիկ ձևաչափ ունի և ամենամյա ուղերձները չափազանց կարևոր են մեզ հիշեցնելու համար մի շարք կարևոր արժեքների մասին»,- ասաց Խզմալյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» փոխել է նաև մշակույթի նկատմամբ մարդկանց աշխարհընկալումները:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն ասաց, որ բացման արարողությունը Բերդ քաղաքում անցել է իրենց սպասվածի նման, ունեցել են բազմաթիվ դրական արձագանքներ:
«Օգոստոսի 27-ից մեկնարկելու է համերգային ծրագիրը: Լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այս տարի ներկայացված էր 3 000 ֆիլմ՝ 85 երկրից: Փառատոնում ընդգրկվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ «Ֆրեսկոն» աստիճանաբար մեծանում է և դառնում ժողովրդական տոն:
Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, 7-րդ փառատոնը նույնպես անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և օրհնությամբ: