Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի եւ Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները: Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը: Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց եւ մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել եւ նպատակահարմար չի համարել պատասխանել: Նշենք, որ մինչեւ այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ: