f

Անկախ

«Գենացվալե»․ բիզնես, որ մարտահրավեր է նետել կորոնավիրուսին


Կորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը ռեստորանային բիզնեսն է։ Շատ ռեստորաններ, սրճարաններ ու փաբեր արդեն փակվել են, շատերը դեռ գոյատևում են խնայողությունների կամ հավելյալ վարկերի հաշվին, շատերն էլ աշխատում են առանց շահույթի՝ փորձելով պահպանել շուկայում տարիների ջանքերի շնորհիվ զբաղեցրած դիրքն ու հաճախորդներին։

«Գենացվալե» պանդոկների ցանցը վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից է Հայաստանում։ Գործում է 2007 թվականից և 13 տարիների ընթացքում լուրջ հաջողություններ է գրանցել, բացել ևս 4 մասնաճյուղ, ապագայի մեծ պլաններ մշակել։ Ցավոք, կորոնավիրուսը խառնել է նաև նրանց ծրագրերը, և մեծ ռիթմով աշխատող ընկերությունն այսօր  գործում է նախկինից 70 տոկոս նվազ ակտիվությամբ։

«Այսօր մեր ոլորտն ունի ստեղծածը պահպանելու, գոյատևելու խնդիր։ Օրինակ, կան օրեր, երբ մեր մասնաճյուղերից որևէ մեկում այդ օրվա ընդհանուր հասույթն աշխատավարձից էլ քիչ է լինում, բայց մենք շարունակում ենք աշխատել, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր աշխատակիցներին պահելը, նրանց աշխատավարձով ապահովելը։ Եվ ընդհանրապես, անկախ ամեն ինչից, պետք է աշխատել ու նոր բան ստեղծել»,-ասում է «Գենացվալեի» հիմնադիր Հակոբ Չոբանյանը։

Ընկերությունը մինչև այս տարվա մարտ ամիսն ուներ 230 աշխատակից։ Ցանցը նաև ընդլայնվելու ծրագրեր ուներ, Թումանյան փողոցում արդեն սկսվել էին նոր մասնաճյուղի բացման աշխատանքները։ Հիմա անորոշ ժամանակով կասեցրել են։ Մինչև պանդեմիան «Գենացվալեն» իր 5 ռեստորաններում օրական 1000-1200 հաճախորդ էր ընդունում։ Այսօր մնացել է դրա 30 տոկոսը։ Հաճախորդների մի մասը զբոսաշրջիկներն էին։ Իսահակյան փողոցում գործող «Գենացվալեում», օրինակ, հատուկ տուրիստական խմբեր էին ընդունում։ Հիմա Իսահակյանը փակ է, տուրիստներ չկան, բայց մտածում են օգոստոսի 1-ից վերաբացել։

«Շահույթի մասին նույնիսկ չենք էլ մտածում, մեր գերխնդիրը, ինչպես նշեցի, մեր աշխատողներին աշխատանքով ապահովելն է։ Դա նաև օգնում է, որ թե՛ աշխատակիցները, թե՛ մենք միշտ ձեռքներս զարկերակի վրա պահենք ու փորձենք առաջ գնալ»,-ասում է Հակոբ Չոբանյանը։

Համագործակցությունը ստիպված են եղել դադարեցնել միայն ռեստորանի երաժիշտների հետ։ Մնացած աշխատակիցները, թեկուզ ժամերի որոշակի կրճատումով, բայց վերադարձել են աշխատանքի։

Այս իրավիճակում ոլորտի զարգացումը գործարարը տեսնում է օնլայն տիրույթում։ Մոդեռնիզացնում են ընկերության կայքը, շուտով կունենան նաև հեռախոսային հավելված։

«Մտածում ենք նաև արագ սննդի ոլորտում ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ մարդիկ այսօր խուսափում են խմբերով իրար հետ շփվելուց և ռեստորան այցելելուց»։

Չնայած նշում է, որ առաքման ոլորտում էլ շատ մեծ սպասելիքներ չունեն․ այս ընթացքում առաքումների առանց այն էլ հագեցած շուկան գերհագեցել է, քանի որ գրեթե բոլորը սկսել են առաքումներ իրականացնել։ Մյուս կողմից էլ առաքման ծառայություններից օգտվելու պահանջարկն է նվազել, քանի որ շատերը տանն են և գերադասում են ինքնուրույն պատրաստել։ Եվ առաջարկի գերազանցումը պահանջարկին առաջացրել է ոլորտի անկում։

Հակոբ Չոբանյանի կարծիքով՝ համավարակից հետո շուկայում մնալու են նրանք, ովքեր բիզնեսը հիմնելիս նվազագույնի են հասցրել ռիսկերը։

«Օրինակ, մեր մասնաճյուղերից ու կենտրոնացված պահեստի տարածքների մեծ մասը մեր սեփականությունն են։ Ես գտնում եմ, որ դա կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ։ Մինչև պանդեմիան շատերը մեզ ասում էին, որ մենք սխալ ենք, երբ մեր ցանցն ընդլայնում ենք սեփական տարածքներում, քանի որ կարելի է տարածքները վարձակալել։ Բայց այսօր ովքեր ունեն վարձակալությամբ վերցրած տարածքներ, վարկային մեծ պարտավորություններ, պանդեմիայի հետևանքներն առաջինն են զգում»։

Առհասարակ, կարծում է, որ հայաստանյան բիզնես ոլորտում դժվարությունները շատ են։ Լինելով «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր-անդամներից՝ նա գտնում է, որ գործարարների շահերի պաշտպանության և խնդիրների լուծման համար կարևոր է միավորել ջանքերը, հատկապես, եթե այդ խնդիրներն  առնչվում են պետական կառույցներին։

«Մինչև միության ստեղծումը ամեն մեկս ինքնուրույն էինք փորձում մեր խնդիրները լուծել։ Բայց շատ ավելի արդյունավետ է, երբ այդ խնդիրները միասնաբար են բարձրաձայնվում։ Դա առավել ազդեցիկ է»։

Ամփոփելով՝ Հակոբ Չոբանյան ասում է, որ անկախ ամեն ինչից, գործարարը պետք է լինի նպատակասլաց, աշխատասեր և դժվարությունների առաջ չընկրկող։

Հիշում, է, որ իրենց ու հորեղբայրների ընտանիքները Թբիլիսիից Երևան տեղափոխվեցին ամենավատ ժամանակաշրջանում՝ 1990-ականներին, երբ Հայաստանում ցուրտ ու մութ տարիներն էին։ Եկան, հաստատվեցին, տարբեր գործեր ձեռնարկեցին և այսօր բոլորն էլ հաջողակ գործարարներ ու հայտնի ընկերությունների սեփականատերեր են։

«Երբ մենք տեղափոխվեցինք, ես նույնիսկ հայերեն խոսել չգիտեի։ Սկսեցինք տաբեր գործերով զբաղվել՝ խմիչքի արտադրությունից մինչև գորգագործություն, 2007 թվականին Կիևյան փողոցում բացեցինք առաջին «Գենացվալեն»»։

Հետաքրքիրն այն է, որ «Գենացվալեն» ի սկզբանե հիմնադրվել է ոչ իբրև բիզնես, այլ որպես ընտանեկան ու ընկերական խնջույքների անցկացման վայր, հետո կամաց-կամաց իր դռները բացել է նաև երևանցիների համար։ 

Հակոբը կարծում է, որ իրենք մեծ դեր են ունեցել ոչ միայն Երևանում վրացական խոհանոցի, այլ առհասարակ ռեստորանային մշակույթի զարգացման առումով։

«Մենք ստեղծեցինք մի նոր կոնցեպտ, որի մեջ ներառված է մի քանի ֆորմատ միաժամանակ՝ երեկոյան հավաքույթների վայր, որտեղ կարելի է խնջույքներ անցկացնել, ռեստորան, պանդոկ, ճաշարանային ֆորմատ հատուկ լանչերով, ինչպես նաև առաքման ծառայություն»։

Հ․Գ․

Թբիլիսիից Երևան տեղափոխվելուց տարիներ անց Հակոբ Չոբանյանը կրկին վերադառնում է Թբիլիսի, բայց միայն բիզնեսով։ Նրա ընկերությունն այսօր Հայաստանից Վրաստան է արտահանում մեկ տասնյակից ավելի հայկական ընկերությունների արտադրանք։ Իսկ Թբիլիսիում գործում են նաև «Արմենիա» անունով նրա հիմնած երկու խանութները, որտեղ ներկայացված է բացառապես հայկական արտադրանք։ Ասում է՝ Վրաստանում նույնպես կարծրատիպեր են կոտրել, և հայկական արտադրանքն արդեն մրցունակ է ու իր կայուն տեղն է զբաղեցնում վրացական բազմազան ու բծախնդիր շուկայում։

Հակոբ Չոբանյան Գենացվալե խմբագրի ընտրանի Հայաստան ռեստորանային բիզնես

Այլ հոդվածներ հեղինակից

Բացահայտվել է հանցագործության 79 դեպք․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Եղեգնաձորի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում․ Վահրամ Միրաքյան
Ո՞վ կփոխարինի Մանե Թանդիլյանին խորհրդարանում
Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն
ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Երեխայի հետ միայնակ կնոջը տուգանեցին, երբ մի քանի մետր այն կողմ դիմակներն իջացրած տղամարդիկ էին. Վրթանեսյան
Հայաստան–Բելառուս տրանզիտ
Պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես. Մարուքյանը՝ Թանդիլյանի մանդատը վայր դնելու մասին
Արմավիրում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը և հայտնվել դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
Դանակահարություն Մյասնիկյան գյուղում․ Բաղրամյանի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ)
Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Մանե Թանդիլյան
Պլանային գազանջատումներ Երևանում ու Արագածոտնի մարզում
Ռուսաստանի հետ ճանապարհը կբացվի սեպտեմբերից․
«Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով
Կառավարության նիստում օճառն անպակաս էր
Արտաքին ապրանքաշրջանառության առաջին տեղում Ռուսաստանն է
ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան
«Ժողովուրդ». Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն, թե ոչ
Հոսանքազրկում Երևանում և մարզերում
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց գրեթե բոլոր հարցերին պատասխանել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը
Ավելին
Ավելին