Ես խորապես ցավում եմ, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում Հայաստանի իշխանությունները շարունակում են վենդետայի քաղաքականություն վարել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ: Հունիսի 22-ին խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները պարզապես չեն ցանկանում Սահմանադրական դատարան ունենալ, այլ ցանկանում են ունենալ Սահմանադրական դատարան, որը կբավարարի միայն իրենց շահերը: «Ես հասկանում եմ, որ գուցե ՍԴ դատավորը, ով գործող իշխանության սրտով է, Վահե Գրիգորյանն է, ով տարվա ընթացքում, չկատարելով իր պարտականությունները, մոտ 15 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել, օգտագործել է այն արտոնությունները, որոնք սահմանված են Սահմանադրական դատարանի դատավորների համար: Ընդ որում, նա չի կատարել որեւէ պարտականություն, որ դրված է նրա վրա օրենքով»,- ընդգծեց Տոնոյանը: