f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 31-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 9282-ի, ապաքինվածներինը՝ 3386-ի, մահվան դեպքերինը՝ 131-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ հունի 7-ին, վարակվածների թիվը հասավ 13130-ի, որոնցից 4014 -ն առողջացել են, մահացել է 200 մարդ, ընդհանուր կատարվել է 69 171թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ հունիսի 1-ին, հայտնաբերվել էր 210 նոր դեպք,  հունիսի 2-ին՝ 517, հունիսի 3-ին՝ 515, հունիսի 4-ին՝ 697,  հունիսի 5-ին՝ 596, հունիսի 6-ին՝ 547, հունիսի 7-ին՝ 766

Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 3848-ով և ընդհանուր հատեց 13 հազարը, մահերի թիվն ավելացավ 69-ով: Փաստորեն ներկայումս մի շաբաթվա ընթացքում մահանում է մոտավորապես այնքան մարդ, որքան նախորդ երկու ամիսների ընթացքում:

Ե՞րբ է սկսվել քայլքը դեպի դժոխք

Շաբաթվա առաջին օրը վարչապետը հայտարարեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, սակայն հանրության մեծ մասը, հաշվի առնելով նրա նախկինում հայտնած բազմաթիվ ստերը, կասկածանքով վերաբերվեց այդ տեղեկությանը:

Երկրորդ օրը նա իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ հրապարակեց, որը ցույց էր տալիս Երեխաների օրվա առթիվ Շենգավիթ վարչական շրջանում կազմակերպված միջոցառում: Դա որակվեց որպես «ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում ու սպառնալիք ազգային անվտանգությանը» և ԱԱԾ տնօրենին հանձնարարվեց զբաղվել դրա կազմակերպիչների հարցով։  Բացի այդ,  վարչապետը մարդկանց կուտակումների թեմայով իր ֆեյսբուքյան էջում ֆլեշմոբ  հայտարարեց՝  խնդրելով, որպես հանրային վերահսկողություն,   հակահամաճարակային կանոնների  խախտումների մասին լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել իրեն։ Եվ նրա էջում հայտնվեցին հունվարի սկզբին կազմակերպված մանկական խնջույք, 2016-ին տեղի ունեցած միջոցառում և այլն։ Դրանք քննադատող գրառումներից հետո Փաշինյանն իր էջից հեռացրեց այդ նյութերը։ Նա հեռացրեց նաև մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկարը, որում երևում էին աղջկա դեմքը և ազդրերը:  Նա լուսանկարը մակագրել էր «Անթաքույց գեղեցկություն», օգտատերերն էլ անպարկեշտ մեկնաբանություններ էին թողել, սակայն հանրության ճնշող մեծամասնությունը վարչապետի այդ արարքը որակեց «անթաքույց գռեհկություն» և մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Այսուհանդերձ Փաշինյանը շարունակեց հրապարակել հակահամաճարակային կանոնները  խախտող քաղաքացիների լուսանկարները։ Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ  որակեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,- գրեց նա:

Չորեքշաբթի վարչապետը հայտարարեց, որ առկա ճգնաժամը առողջապահական խնդիր չէ, այլ կարգուկանոնի, առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, դեռ մի բան էլ ավելի, ուստի նա եկել է այն եզրակացության, որ աշխարհում չկա որևէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարց կարողանա լուծել, ՀՀ կառավարությունն անմեղ է, մեղավորն անգիտակից ժողովուրդն է, դիմակ չի կրում, ձեռնոց չի հագնում և ֆիզիկական հեռավորություն չի պահում:

Շաբաթվա չորրորդ օրը Փաշինյանը հայտարարեց, որ այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ վարակված են, բնականաբար նրանց շրջապատն էլ չգիտի, և հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները:

Ուրբաթ կրքեր բորբոքվեցին մի տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները քաղաքացուն բերման էին ենթարկում դիմակ չկրելու համար։ Դա մարդու նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և նրա արժանապատվությունը ոտնատակ տալու նողկալի տեսարան էր: Եվ թեպետ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոստիկանների գործողությունները համարեց  առերևույթ անհամաչափ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանությունը ուժային կառույց է և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կարող է և պետք է ուժ կիրառի. «Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»:

Շաբաթվա վերջում էլ վարչապետը հայտարարեց, որ  երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայմաններում է աշխատում, վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղեր չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների համար, «կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 200 քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին», և արձանագրեց՝ «մենք արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով»։

Եվ տեղնուտեղը հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանում ու մարզերում կան մի շարք դատարկ բուժկենտրոններ (ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ կորոնավիրուսի համար բաժանմունք, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, «Արամյանց» բժշկական կենրոն, Վեդիի հիվանդանոց ևն), որոնք ինքնուրույն, առանց վերևից հրահանգների սպասելու, պատրաստվել են կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուն, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունն այդ բուժկենտրոններին վարակակիրներ ընդունելու թույլտվություն չի տալիս: Փաստորեն, Հայասանում կան դատարակ և վարակակիրներ ընդունելու պատրաստ բուժկենտրոններ, բայց քաղաքացիները հայտնվել են անօգնական վիճակում:

Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն: Ո՞վ է սրա պատասախանը տալու: Այս հարցերը, որ ըստ էության հռետորական են և հնչում են այսօր  հանրության մեծ մասի շուրթերից, վաղ թե ուշ պաշտոնական պատասխան են գտնելու, և որքան ուշացած, այնքան դաժան է լինելու այդ պատասխանը:

Ուստի պատահական չէ, որ բարձրացված աղմուկից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով բավարար նյութատեխնիկական բազա և շենքային պայմաններ ունեցող հիվանդանոցներին ցանկության դեպքում դիմել նախարարությանը և ներգրավվել covid-19 վիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում։

Շաբաթ օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, նշեց, որ բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում են փետրվարից, չորս ամիս, տեղում վարչապետը փորձեց ուղղել նրան, թե կորոնավիրուսը պաշտոնապես Հայաստանում արձանագրվել է մարտ ամսին, և փետրվարի նշումը որակեց լարվածության հետևանքով թույլ տրված վրիպում: Սակայն առկա տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Դավիդյանցը չի վրիպում և չէր կարող վրիպել:

Փաշինյանը պետք է հեռանա

Եվ այսօր ևս մի կարևոր հարց է կախված օդում. ինչո՞ւ է Փաշինյանը գաղտնի պահել կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը, արդյոք ոչ այն պատճառով, որ զբաղված էր ոչ թե ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու իր պարտականությամբ, այլ բռնված էր Սահմանադրական դատարանն ապօրինաբար զավթելու մոլուցքով: Ուրեմն ե՞րբ է սկսվել այս դժոխքը տանող ճանապարհը: Նրանք ովքեր փորձում են գտնել այս հարցի պատասխանը կամ այս իրավիճակի արմատները, հասնում են մինչև 2018 թվական, երբ Նիկոլ Փաշինյանը քայլում էր դեռևս Գյումրի-Երևան ճանապարհով՝ ևս մեկ անգամ հաստատելով այն ճշմարտությունը, որ դժոխք տանող ճանապարհը պատված է վարդերով, տվյալ դեպքում՝ ժողովրդին տրված սուտ խոստումներով:

Հետևաբար շատերի համար կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմով հանդերձ, պետք է հեռանա: Իշխանության ղեկին մնալու նրա յուրաքանչյուր օրն այսուհետ մեզ ավելի ու ավելի է մոտեցնում անդունդին, որից այլևս ելք չկա:  Սակայն բոլորը գիտեն ԻՆՉԸ, այսինքն՝ Փաշինյանի հեռանալու անհրաժեշտությունը, սակայն չգիտեն ԻՆՉՊԵՍԸ, այսինքն՝ ինչպես նրան հեռացնել: Անցած երկու տարիները ցույց են տվել, որ քաղաքական ուժերի հայտարարությունները և իշխանությունների մերկացումները որև է դեր չեն խաղում այս նոր հորջորջված, իրականում մահի ու թշվառության օրրանի վերածված Հայաստանում:

Ամբողջ շաբաթվա ընթացքում, կորոնավիրուսից բացի, շարունակեց քննարկման առարկա մնալ Փաշինյան ընտանիքին վերագրվող ծխախոտային և ադամանդային մաքսանենգության, ավելին՝ զենքի անօրինական վաճառքի թեման: Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսագրություններն այդ ամենի մասին դարձել են հայ հանրության «ամենասիրված» սերիալը: Եվ առաջադրվող մեղադրանքներին ի պատասխան գեթ մի ստորակետ չի եղել: Այս իրավիճակում նախկինների կոռուպցիայի մասին դատողությունները և նրանց պատասխանատվության ենթարկելու սպառնալիքները, խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն լեզվակռիվներն արդեն նյարդային ծիծաղ են առաջացնում:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց արգելել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։ Դրա իրական պատասխանատուն՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռևազյանը, հրաժարական տալու փոխարեն, Դանիայից «մխիթարեց» հայ հանրությանը, թե 2-2,5 տարի լավ աշխատելու դեպքում հնարավոր է վերականգնել թռչելու իրավունքը: Եվ ինչո՞ւ պիտի հրաժարական տար, եթե հրաժարական չի տալիս նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած առողջապահության նախարարը: Փոխարենը, առանց մեկնաբանության, հրաժարական տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այդ կոմիտեի ևս մի քանի պաշտոնյաներ, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երկրում իրավիճակն ավելի աղետալի է, քան պատկերացնում ենք:

Ոտքի են ելել գյուղացիներն ու առևտրականները: Մասնավորապես երեքշաբթի թեժ կրքեր բորբոքվեցին Արարատի մարզի «Մեյմանդար» բնամթերքի մեծածախ շուկայում: Պարետի սահմանափակումները հունից հանել են նրանց: Մարդիկ նշում էին, որ այդ աշխատանքով օրվա հացի փող են վաստակում, վախենալով կորոնավիրուսից՝ սովի՞ց մեռնել: Ոմանք էլ հիշեցնում էին, որ իրենց ուժերով է Փաշինյանը դարձել վարչապետ.  «Ճանապարհ ենք փակել, իր պատճառով ծեծ ենք կերել, իսկ այսօր…»: Իսկ այսօր ոստիկանական հատուկ գործողության հետևանքով նրանցից  երեք տասնյակ մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ:

Հինգշաբթի վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե այս որոշումը դիտարկենք նախորդ շաբաթ կայացած մի քանի այլ որոշումների շղթայի մեջ, կերևա, որ դատական իշխանությունը կարծես չափել է իր վախը և հրահանգներ կատարելու փոխարեն անցել է իր իրական գործառույթների կատարմանը:

Ի լրումն՝ ուրբաթ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ «Պարզագույն սիլլոգիզմ» հրապարակմամբ, որում կորոնավիրուսը Հայաստանին հայտարարված պատերազմ որակեց և այդ իրավիճակում իշնաության դեմ պայքարը՝ «կամա թե ակամա դավաճանություն ազգին», ինչը իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն հակառակ ազդեցությունն ունեցավ՝ ամրապնդելով այն գիտակցությունը, որ դավաճանությունը ներկայիս իշխանության կործանարար քաղաքականությունն է և դրան չդիմադրելը::

Ակնհայտորեն իշխանական նավակը սկսել է ճոճվել, ուստի կորոնավիրուսից առավել անկառավարելի են դարձել իշխանությունների գործողությունները, որոնք հիսթերիայի նշաններ են ցույց տալիս: Մի հանգամանք, որ անկանխատեսելի է դարձնում նույնիսկ առաջիկա շաբաթների հեռանկարը:

 

Հասարակություն նոր կորոնավիրուս

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին