f

Անկախ

Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը


Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է հրապարակվել։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝  270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին