Դեմքի մաշկի գույնը, լեզվի բորբոքումը, ինչպես նաև որոշակի ցավային զգացողությունները կարող են վկայել B12 վիտամինի պակասի մասին։ Այս վիտամինն անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի և արյան կարմիր բջիջների արտադրության համար, որոնք պատասխանատու են թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխման համար:
Օրգանիզմում վիտամին B12-ի ճշգրիտ մակարդակը, ինչպես ցանկացած այլ վիտամինի պարագայում, կարող է որոշվել միայն արյան անալիզով: Բայց կան անուղղակի նշաններ, որոնք տեսանելի են հայելու մեջ։ Ինչպես գրում է Express-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետներին, դեմքի և լեզվի վրա կա 4 ախտանիշ, որ կարող է վկայել այս կենսական նյութի պակասի մասին։
Գունատ մաշկ
Երբ հյուսվածքների թթվածնով հագեցվածությունը նվազում է, մաշկը կարող է ձեռք բերել յուրահատուկ գույն, որը կարելի է բնութագրել որպես «գունատ»: Նույնիսկ բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ սովորականից ավելի գունատ կթվան, ինչը կարող է նրանց արտաքինին հիվանդագին տեսք հաղորդել։
Մաշկի դեղնավուն երանգ
Մաշկի դեղնություն կարող է առաջանալ, երբ վիտամին B12-ի պաշարները հասնում են կրիտիկական մակարդակի և գործնականում սպառվում են: Դեղնախտի նշանները նկատելի են ոչ միայն մաշկի վրա, նույն երանգն առաջանում է աչքերի սպիտակուցի վրա։
Այտուցված, կարմիր և հարթ տեսք ունեցող լեզու
Սա լեզվի բորբոքման նշան է, որը կարող է վկայել նաև վիտամին B12-ի վտանգավոր ցածր մակարդակի մասին:
Քաշի կորուստ
Եթե առանց դիետայի և նիհարելու ջանքերի նկատում եք, որ քաշ եք կորցրել, և ձեր հագուստն արդեն մեծ է ձեր հագով, պարտադիր չէ, որ դա որևէ սարսափելի հիվանդության հետևանք լինի։ Քաշի կորուստը կարող է նաև վկայել վիտամին B12-ի պակասի մասին:
Վիտամին B12-ի պակասը ոչ միայն կարելի է տեսնել, այլև զգալ, նշում են մասնագետները։ Եթե այս վիտամինի պակաս ունեք, դուք կարող եք ցավոտ զգացողություններ ունենալ դեմքի վրա։
Դեմքի ցավ
Տարբեր հետազոտություններ ապացուցում են, որ դեմքի ցավը կարող է լինել նաև վիտամին B12-ի պակասի նշան։ Այսպիսով, դուք կարող եք պարբերաբար ցավ զգալ աչքի տակ կամ այտոսկրի հատվածում։ Ամենից հաճախ ախտահարվում է դեմքի միայն մեկ կեսը:
Մեկ այլ տարբերակ՝ ցավը կարող է դրսևորվել ճակատի հատվածում։ Տհաճ զգացողությունները ժամանակի ընթացքում կարող են ուժեղանալ՝ տարածվելով դեպի քթի կողքային հատվածները։
Թրթռացող աչք
Առաջին բանը, որ մենք մտածում ենք, երբ մեր աչքն սկսում է թրթռալ՝ նյարդերից է։ Որոշ դեպքերում նման տհաճ ախտանիշը կարող է իրականում վկայել, որ վերջերս մեծ սթրես եք տարել։ Այնուամենայնիվ, աչքերի թրթռոցը կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Բանն այն է, որ մեր ակնագնդերի շուրջ շատ նյարդեր կան, որոնք արձագանքում են այս վիտամինի պակասին: Դուք կարող եք զգալ և՛ կոպերի ցնցում, և՛ սեղմող ցավ աչքերում:
Վիտամին B12-ի պակասի այլ հնարավոր նշաններն են.
- հոգնածություն և ապատիա, նույնիսկ առավոտյան,
- հևոց,
- թուլության զգացում,
- գլխացավ,
- սրտի զարկերի արագացում,
- աղմուկ/զնգոց ականջներում առանց արտաքին ձայնի,
- ախորժակի կորուստ,
- վերքեր բերանի խոռոչում,
- ծակծկոց ձեռքի և ոտքի մատներում,
- քայլվածքի փոփոխություն;
- դյուրագրգռություն;
- դեպրեսիա;
- մտավոր ունակությունների նվազում (հիշողություն, ուշադրություն, մտածողություն):
Բացի վերը նշված ախտանիշներից, B12-ի անբավարարությունը կարող է առաջացնել․
- Մկանային ջղաձգումներ. B12-ի պակասը բացասաբար է ազդում շարժողական և զգայական նյարդերի աշխատանքի վրա, ինչը կարող է առաջացնել մկանային ջղաձգումներ և թուլություն:
- Էրեկտիլ դիսֆունկցիա. B12 անբավարարություն ունեցող տղամարդիկ կարող են զգալ էրեկտիլ դիսֆունկցիա՝ օրգանիզմում հոմոցիստեինի մակարդակի բարձրացման հետևանքով։
- Տեսողության խանգարումներ. B12-ի անբավարարությունը կարող է առաջացնել տեսողության խանգարումներ, հնարավոր է տեսողական նյարդի վնասման պատճառով:
Ո՞րն է վիտամին B12-ի պակասի հիմնական պատճառը
Սովորաբար վիտամին B12-ի պակաս առաջանում է այն պատճառով, որ չեք ուտում բավարար քանակությամբ B12-ով հարուստ մթերքներ, ինչպիսիք են ձուկը և խեցեմորթները, միսը և ձուն:
Այս խնդիրն առավել տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր հետևում են վեգան սննդակարգի:
Վիտամին B12-ի պակասի հնարավոր պատճառ կարող է լինել որոշ դեղորայքների ընդունումը, օրինակ՝ 2-րդ տիպի շաքարախտի պարագայում կիրառվող դեղամիջոցները կարող են խանգարել այս վիտամինի յուրացմանը։ Մեկ այլ պատճառ է խոցերի և գաստրիտի պարագայում կիրառվող դեղերի ընդունումը, որոնք ճնշում են ստամոքսում աղաթթվի արտադրությունը։
Եթե դուք զգացել եք վիտամին B12-ի պակասի ախտանիշներից մեկը, և արյան անալիզը հաստատել է այն, խորհուրդ է տրվում խորհրդակցել ձեր բժշկի հետ՝ պարզելու, թե որն է դրա պատճառը: Ինչպես պարզաբանում են մասնագետները, կախված պատճառից, B12 անբավարարության բուժման տարբերակները կարող են տարբեր լինել՝ հաբերից մինչև միջմկանային ներարկումներ։
Աղբյուրը՝
www.doctorpiter.ru , www.healthline.com