Այն, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հանել Հայաստանը ՀԱՊԿ-ից, ինչպես երևում է, արդեն կասկածից վեր է: Պետք է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ամրապնդել է Փաշինյանի այդ մտադրությունը, գրում է լրագրող Ռուբեն Մարգարյանը VERELQ-ի էջերում: Ստոլտենբերգը այցելեց Երևան Բաքվից հետո և հավանաբար, նշվում է հոդվածում, վստահեցրել է Փաշինյանին, որ Ալիևը նոր ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի Հայաստանի դեմ: Այնուհետև հոդվածում ասվում է.
«Հնարավոր է, որ Փաշինյանին ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության ոլորտի որոշ լրացուցիչ երաշխիքներ են տրվել, եթե վարչապետը հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին: Ավելի ճիշտ՝ ոչ թե լրացուցիչ երաշխիքներ, այլ հայտարարություններ լրացուցիչ երաշխիքների մասին: Այնպես, ինչպես ժամանակին արևմտյան երկրները «երաշխավորեցին» Ուկրաինայի անվտանգությունը: Թե ինչով այդ «երաշխիքներն» ավարտվեցին, տեսնում ենք աչքներիս առաջ:
Բայց եթե ՀԱՊԿ-ի առնչությամբ Փաշինյանն այնուամենայնիվ ամեն ինչ որոշել է, շատ ավելի բարդ է իրավիճակը՝ կապված Հայաստանում 102-րդ ռուսական բազայի և Ռուսաստանի ԴԱԾ/ ФСБ –ի սահմանապահ զորքերի հետ, ընդ որում, սահմանապահ զորքերի անձնակազմը, Մոսկվայի և Երևանի պայմանավորվածությամբ, կիսով չափ ձևավորվում է հայկական կողմի հաշվին, մյուս կեսով՝ ռուսական: Սահմանապահ ուղեկալներում կողք կողքի տնկված են հայկական և ռուսական դրոշները:
102-րդ բազան և սահմանապահ զորքերը կապված են միմյանց հետ. բազան կարծես սահմանապահ զորքերի հուսալի թիկունքն է, իսկ սահմանապահ զորքերը կարելի է համարել բազայի առաջնագիծը: Դրանք կա՛մ միասին են գործում Հայաստանում, կա՛մ միասին են հեռանում: Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի առաջ գնալ իր հակառուսական քաղաքականության մեջ և բարձրացնի բազան հանելու կամ Ռուսաստանի սահմանապահ զորքերը հայկական սահմանապահներով կամ Եվրամիության սահմանապահ զորքերով փոխարինելու հարցը, ապա դա լրիվ ուրիշ պատմություն է…
Որքանո՞վ է իրատեսական այդպիսի սցենարը: Հայաստանի իշխանությունները կգնա՞ն նման արկածախնդրության:
Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը կարծում է, որ վաղաժամ է խոսել Հայաստանի ցամաքային սահմաններից ռուսական սահմանապահների լիակատար դուրսբերման մասին: Օրերս АрмИнфо-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ հենց ռուսական ներկայությունն էր սահմանի հայ-թուրքական հատվածում պատճառը, որ թե՛ առաջին ղարաբաղյան պատերազմի, թե՛44-օրյա պատերազմի ժամանակ հայ-թուրքական սահմանում լուրջ միջադեպեր չեղան: «Ռուսական դրոշը ապահովում էր մեր հանգստությունը, դա հանրահայտ փաստ է, այդ մասին խոսում է ողջ սահմանամերձ բնակչությունը»,- նշել է գեներալը:
Ստեփանյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ՌԴ-ի սահմանապահ զորքերը փոխարինել ԵՄ-ի սահմանապահ զորքերով, ինչը տեսականորեն հնարավոր է, ապա դա կհանգեցնի հարաբերությունների լարվածության նոր գալարի ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև Իրանի, որը պարբերաբար դնում է սահմանից արտատարածքային երկրների ներկայացուցիչներին հեռացնելու հարցը:
Ստեփանյանը հիշեցրել է, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կիլիկյան Հայաստանը Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո էր, իսկ բուն Հայաստանի վրա հսկողություն ստանձնեցին սկզբում ամերիկացիները, այնուհետև՝ անգլիացիները: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքում «անվտանգության երաշխիքները» չկանխեցին թուրքական ներխուժումը: Եվ այժմ, համոզված է Ստեփանյանը, ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերման դեպքում Արևմուտքը չի կարող պաշտպանել Հայաստանին. «Որքան էլ քննադատենք մեր երկրի գործող ղեկավարությանը, միևնույն է, չեմ կարծում, որ նա այսօր կդիմի նման խելագարության»:
Որպես զինվորական, հետևաբար պրագմատիկ մարդ, գեներալն իրավացի է: Բայց նա հաշվի չի առնում որոշ գործոններ: Առաջին՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների անմեղսունակության աստիճանը: Երկրորդ՝ այն թխվածքաբլիթների քանակությունը, որոնք պատրաստ է շռայլել Արևմուտքը Փաշինյանին ու նրա թիմին նման խելագարության մղելու համար»։
Աղբյուրը՝ EA Daily