Եվրահանձնաժողովը (ԵՀ) հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու առաջարկին, որն այժմ կքննարկվի մարտի 21-22-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Եվրահանձնաժողովն այսօր հավանություն է տվել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ պատրաստված առաջարկներին՝ ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ», - ասել է նա։
Նախկինում Բորելը հայտնել էր, որ այս առաջարկը ներառում է ռուսական եկամուտների 90%-ի օգտագործումն Ուկրաինայի համար արկեր գնելու նպատակով և 10%-ը՝ ԵՄ բյուջեին՝ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հետագա աջակցության համար։ Առաջին ներդրումները կարող են կատարվել այս տարվա հուլիսին։ Այժմ առաջարկը պետք է քննարկվի ԵՄ գագաթնաժողովում։