ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վիրահատվելուց հետո արտասահմանյան իր առաջին այցի ընթացքում երեքշաբթի հայտարարել է, թե ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան անհաջողության մատնվի, այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է ուշացնել Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ ֆինանսավորումը։
Ըստ CNN-ի՝ Գերմանիայի Ռամշթայն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի 20-րդ նիստում Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են նվազեցնել Կրեմլի հնարավորությունները:
«Ուկրաինան չի նահանջի, Միացյալ Նահանգները՝ նույնպես»,- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի կողքին նստած հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի այժմյան ուղերձն ակնառու է՝ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ձախողվի:
«Այս կոալիցիան և ազատ աշխարհը թույլ չեն տա, որ Ուկրաինան պարտվի»,- շեշտել է նա:
Օսթինը նշել է, որ 2022-ի փետրվարից ի վեր զոհվել և վիրավորվել է առնվազն 315 հազար ռուս զինծառայող, և որ Ռուսաստանը 211 միլիարդ դոլար է ծախսել «Ուկրաինայի դեմ կայսերական ագրեսիային աջակցությունն ապահովելու, սարքավորումներով կահավորելու, դրանք տեղակայելու և սպասարկելու համար»: ԱՄՆ պաշտպանության նախարարը հավելել է, որ Ռուսաստանին պատերազմը կարժենա 1,3 տրիլիոն դոլար, այն դեպքում, երբ 2026-ին ակնկալվում էր տնտեսական վերելք:
«Ուկրաինան խորտակել, ոչնչացրել և վնասել է ՌԴ ռազմածովային նավատորմի մոտ 20 միջին և խոշոր ռազմանավ»,- հայտարարել է Օսթինը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակում է ոչնչացնել ռուսական ռազմական ինքնաթիռները:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ ԱՄՆ Կոնգրեսում լրացուցիչ ֆինանսական աջակցության հարցը դեռ անորոշ է: Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հանրապետական սենատորների փակ նիստում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու ուղիներ փնտրել Ներկայացուցիչների պալատում, ինչը, ըստ հանրապետական սենատորների, նշանակում է, որ Կիևին օգնություն տրամադրելու հնարավորությունը Կոնգրեսում «դեռ չի սպառվել»: