f

Անկախ

Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»


Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։

«Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Ահա գործակալի հետ մեր զրույցից մի հատված։

-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։

-Այո։

-Ի՞նչ արժի։

-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։

-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։

-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։

-Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։

-Այո։

-Ճակատը քանի՞ մետր է։

-Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։

-Խառը կառուցապատման տա՞կ է։

-Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։

-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։

-Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է։

Տարածք մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք տասնամյակներ առաջ կառուցված մի շինություն, որ գտնվում էր հողամասի վերջնամասի՝ ձորակի նմանվող հատվածում (շինությունը մասամբ գետնափոր է)։ Հողամասում առկա էին խորքից հատված հաստաբուն ծառեր։

Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։

Նոր Նորքում գտնվող 1903 քմ հողամասի օտարման պատմությունը սկսվում է 2000 թ.-ից։ Նոր Նորք թաղային համայնքի ավագանին, թաղապետ Մկրտիչ Մինասյանի առաջարկությամբ օտարվող համայնքային գույքի ցանկում է ներառել Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող էլեկտրական ենթակայանի նախկին շինությունը։ Համաձայն ավագանու որոշման՝ այն զբաղեցրել է ընդամենը 32 քմ տարածք։ Ավագանու որոշումից օրեր անց Նոր Նորքի թաղապետը ստորագրել է գույքն օտարելու որոշում, որից տեղեկանում ենք, որ աճուրդային կարգով, 268 հազար 800 դրամով այն գնել է քաղաքացի Սաշա Ղուկասյանը։ Գնորդը գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Ղուկասյանի հայրն է։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ գույքի սեփականատերը հողամասը բաժանել է երկու մասի, որից հետո մի քանի գործարք է կատարվել։

Վերջնարադյունքում՝ 2007 թ.-ին հողամասերը գնել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին պատկանող «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը միավորել է 2 առանձին տարածքները։ Ուշագրավ է, որ ո՛չ Կադաստրի կոմիտեի տեղեկանքում, ո՛չ Նոր Նորքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումներում չենք հայտնաբերել տվյալ, թե ինչպես է 32 քմ գույքը վերջնարդյունքում դարձել 1903 քմ։

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 29-ին ոստիկանության ուղեկցությամբ մուտք գործեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու ետնամասի՝ համայնքային սեփականություն համարվող հողատարածք, որպեսզի տարածքն ազատի ինքնակամ կառուցված կացարաններից։ «Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապատել: Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն»,- ասված է քաղաքապետարանի լրատվական վարչության՝ այդ օրը տարածած հաղորդագրության մեջ։ Այդ համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Երևանի տարածքից, համայնքից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»։

Երևանի քաղաքապետարանի փետրվարի 26-ի գործակարգավարական նիստում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, անդրադառնալով Գայի պողոտայի սկզբնամասի սեփականաշնորհված հողամասին, նշել է, որ Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքը կանաչապատման ենթակա է։ «Անհասկանալի է, թե ինչպես է ընդհանուր օգտագործման համար համայնքային սեփականություն հանդիսացող հաղամասի այդ հատվածը մասնավորեցվել»,- հայտարարել է Արմեն Բեգոյանը։

Արդյոք Երևանի քաղաքապետարանը և իրավապահները նույն ջանասիրությամբ համայնքին կվերադարձնեն կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված հողամասը, ինչպես այգին ազատեցին ինքնակամ կառույցներից, թե՞ որոշիչ կլինեն վաղեմության ժամկետներն ու ենթադրյալ բարեխիղճ գնորդի իրավունքները։ Ժամանակը կտա այս հարցի պատախանը։

Հայաստան Տիգրան Ավինյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին