Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ստորագրել է հրաման Գազայի հատվածին օդով օգնություն հասցնելու մասին, տեղեկացրել է DPA գործակալությունը։
Ենթադրվում է, որ բեռներն օդից կնետվեն C130 բեռնատար ինքնաթիռներից, որոնք գտնվում են Ֆրանսիայում։ Գործողությունը կսկսվի շաբաթվա վերջին, նշվել է հրապարակման մեջ։
Գերմանիան նաեւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել ծովային հումանիտար միջանցքի աշխատանքին։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ Վաշինգտոնը ստեղծում է ժամանակավոր նավահանգիստ Գազայի հատվածի տարածքում ծովով օգնություն հասցնելու համար։ Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ Գազա հումանիտար օգնության առաքումը կիրականացվի ծովով, Կիպրոսով։