Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ ոստիկաններն ու պարեկները վթարի վայրը սահմանազատել և սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոսիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «Opel»-ի մեջ եղել են 5 հոգի, որոնք ընտանիքի անդամներ են, և մահացածը նշված ընտանիքի անդամներից մեկն է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: