f

Անկախ

Ցամաք աղբյուր՝  հայ մտավորականություն անցյալ ժամանակով


Ո՞ւր են մտավորականները, ո՞ւր են ստեղծագործական միությունները, գիտական հաստատությունները, ինչո՞ւ մեր երկրի, մեր ժողովրդի այս աղետալի իրավիճակում, երբ ամենօրյա ցնցող իրադարձություններից, ամենօրյա կորուստներից շվարած հանրությունը մղկտում ու խեղդվում է հուսահատության մեջ, նրանց առաջնորդող ձայնը չի լսվում: Կա՞ն, թե արդեն վաղուց չկան: Իսկ գուցե մեր պատկերացումնե՞րն են արդեն հնացած մտավորականության մասին, որ գալիս են միայն անցյալից ու փաստորեն մնացել են անցյալում…  Հարցը կա, որ հուզում է հիմա հավանաբար յուրաքանչյուր երկուսից մեկին: Պատասխանը՝ ոչ:

«Փաշինյանը միայն հայ մտավորականության դավաճանության շնորհիվ կարողացավ անպատիժ հանձնել Արցախն Ալիևին»

«Ինչպես հայտնի է, մեր ժողովուրդը վատն է՝ անտարբեր, հաստակաշի, իներտ ժողովուրդ: Նրան կանչում են բարիկադներից, իսկ նա չի լսում: Չի գնում: Բայց նայեք, թե ինչպես մարդկային հոգու ճարտարապետներն ապրեցին դարի ամենամեծ հայոց ողբերգությունը՝ Արցախի կորուստը,- օրերս ցասումով գրեց տելեգրամի  «Товарищ генерал» ալիքը («Ո՞ւր եք մշակույթի վարպետներ», 21 փետրվարի, 2024 թ.): Ահա այն ամբողջությամբ:

«Ի՞նչ արձագանք ստացավ հայ ազգի խիղճը  նրանցից: Գուցե բանաստեղծները «Հրաժեշտ Արցախին» պոե՞մ գրեցին, «Հայերի մեծ վտարումը» բանաստեղծությո՞ւն: Կամ գոնե  «Թուրքի ծառան» էպիգրա՞մ: Գուցե Կոմպոզիտորների միությունում, եթե ոչ հատուկ Արցախին նվիրված սիմֆոնիա, գոնե մոցարտյան Ռեքվիե՞մը կատարվեց: Գուցե Հայաստանի բոլոր երգչախմբերը կանգնեցին Ազատության հրապարակո՞ւմ: Գուցե Սերժ Թանկյանը ԱՄՆ-ից երգեց մեզ համար «Հայերից դավաճանված Արցախ» բալլա՞դը: Կամ Ռուբեն Հախվերդյանը Փարիզում «Մակրոն, ի՞նչ էիր անում Պրահայում» ե՞րգ գրեց: Գուցե Երևանում ժամանակակից արվեստի «Արցախը մեր սրտում» ցուցահանդե՞ս բացվեց «Պրահայի դավադրությունը» նշանավոր կտավով, որը քննարկում է ողջ Հայաստանը: Գուցե  կինոգործիչներն էլ գոնե վավերագրական ֆի՞լմ նկարեցին արցախցիների  հարկադիր փախուստի մասին «XXI դարի էթնոցիդը» վերնագրով: Գուցե թատրոններում Արցախի անկախության կորուսյալ երազանքին նվիրված գրական-երաժշտական երեկո՞ կազմակերպեցին արցախցի բանաստեղծների ստեղծագործություններով:

Ոչ: Ոչինչ: Բացարձակ զրո:

Բացառությամբ գրողուհի Աբգարյանի բարբաջանքի, թե ադրբեջանական զավթիչների զորքերը պետք է անարգել մուտք գործեն երկրի խորքերը: Ծանրագույն փորձության ժամին, պարզվեց, ազգը ոչ՛ խիղճ ուներ, ո՛չ ձայն, ո՛չ սիրտ, որ խեղդվեր վշտից, ո՛չ միտք, որ գիտակցեր աղետի չափը:

Փաշինյանը միայն հայ մտավորականության դավաճանության շնորհիվ կարողացավ անպատիժ հանձնել Արցախն Ալիևին։ Արվեստի մարդիկ, ոգու տիտանները լռեցին, մեկուսացան, անջրպետվեցին Արցախից։ Ուրեմն ի՞նչ եք ուզում ժողովրդից։ Դավաճանությունը հերոսություն չի ծնում:  Միայն նեխում է ու գարշահոտում»:

Փաստարկներ կա՞ն արդյոք առարկելու սույն դատողություններին: Ավաղ, ոչ:

Ամայի քաղաքը և բոլոր բայերը՝ անցյալ ժամանակով

Զարմանալի պատահականությամբ թե օրինաչափությամբ նույն օրը Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ստանում է ռուս նկարիչ Վասիլի Կրոտկովի նամակը, որով նա ներկայացնում է իր նոր ստեղծագործությունը (տե՛ս վերը զետեղված վերարտադրությունը): Ահա այն.

«Բարև ձեզ… Նկարում եմ գեղանկարչության սեփական՝ ռուսական պոստկուբոֆուտուրիզմի ոճով: Նկարը կոչվում է «Ամայի քաղաք»: Աջ ստորին հատվածում հայկական խաչքար է… Դա աղոթք է քարի մեջ: Իսկ դրա շուրջը քաղաքի հավաքական պատկերն է՝ տներով, եկեղեցիներով ու վանքերով: Դա Արցախն է: Նկարի չափսերն են 70х80 սմ, կտավ/յուղաներկ, 2024 թ.: Իմ նկարները գտնվում են ՌԴ թանգարանային ֆոնդի կատալոգում և մասնավոր ու կորպորատիվ հավաքածուներում Ռուսաստանում ու արտասահմանում: Շնորհակալություն: Հարգանքով Վասիլի Կրոտկով»:

Այս  կապակցությամբ «Хачмерук» (Перекресток) կայքը հիշեցրել է տվյալ արվեստագետի մի ուրիշ՝ «Կատարո» նկարի մասին, որը նույնպես նվիրված է հայոց ողբերգությանը և որի տակ հեղինակն իր վեբկայքում մեկնաբանություն է թողել.

«Կատարոն» գինու անվանում է, որը պատրաստում էին Լեռնային Ղարաբաղում խաղողի տեղական խնդողնի տեսակից: Պատրաստում էին Տող գյուղում՝ Ավետիսյան ընտանիքի գինեգործարանում: Խաղողն աճում էր Դիզափայտ լեռան լանջին՝ Կատարո վանքի հարևանությամբ: Դրանից էլ գինու անվանումը: Հ.Գ. Տեքստում առկա բոլոր բայերն անցյալ ժամանակով են»:

Խորհրդանշական ցամաքած աղբյուրը

«Խաչմերուկը» նաև հիշեցրել է մոտ վեց տարվա վաղեմության մի միջադեպ՝ «Ճանաչել Ճշմարտությունը» պիկետը Գրողների միության բակում, Գրողների միության համագումարի օրը (11 հուլիսի 2018 թ.): Պիկետի մասնակիցները՝ Պետերբուրգի հայ համայնքի մի քանի անդամներ, ցուցադրում էին մի պաստառ, որում Սումգայիթի զոհերին նվիրված ցայտաղբյուրի լուսանկարն էր՝ արդեն 20 տարի ցամաքած ու մոռացված: Իսկ ուղեկից  շարադրանքում ասվում էր, որ այդ ցամաքած աղբյուրը շատ խորհրդանշական է՝ ցույց է տալիս հայ մշակույթի ներկայիս վիճակը, որի գործիչները բացարձակապես անհաղորդ են ժողովրդի ապրումներին ու ոգորումներին:   

Հոգեբաններն ասում են, որ այսպիսի աղետների դեպքում ժամանակ է պետք, որպեսզի արվեստագետները վերապրեն այդ ամենը, ինչ-որ չափով «հեռանան» այդ ամենից, իմաստավորեն ու վերաիմաստավորեն, որպեսզի ասելիք ունենան:  Բայց գուցե բացատրե՞ն նաև, թե ինչպե՛ս է, որ  ժամանակին ուսանողական նստարանին նստած ապագա հայ պոետը բանաստեղծություն էր գրում ամերիկացիների դեմ կռվող հեռավոր վիետնամցի զինվորի մասին, բայց հիմա արդեն պատկառելի տարիքում, իմաստնացած ու Գրողների միության աթոռին նստած՝ մի տող անգամ չի երկնում աչքներիս առաջ պատերազմում զոհված մեր հազարավոր լույս տղաների հիշատակին:

Մի գրող կա՝ Լևոն Ջավախյանը, որ չի դիմանում ու պարբերաբար գրառումներ է թողնում սոցիալական ցանցում: Ահա դրանցից մեկը՝ «Մեր ժամանակի հերոսը» վերնագրով:

«Կոտրված ժողովուրդ, լքված հայրենիք, ամայացող աշխարհ, անկարող իշխանություններ, կապիտուլյանտ վարչապետ, թավշյա ընդդիմություն, մոռացվող էրգիր, մշուշվող Արարատ, պղծվող պատմություն, խորտակվող երազանքներ, լափակեր մտավորականներ, վախվորած խեղկատակներ, անհավատ հավատացյալներ, հուսախաբ որբեր, անպտուղ դաշտեր, անբերրի հողեր, արնաներկ հայրենիք, որդեկորույս մայրեր, խաղաղասեր մուրացկաններ... Ձեզ ո՞վ դժոխքի դուռը հասցրեց, բալա ջան... Ձեզ ո՞վ գլխատեց, հատեց ոտքերը, խոցեց սիրտը, ո՞ր սատանան բացեց դժբախտության դարպասները»...

Եվ այնուհետև խորհուրդ է տալիս կարդալ Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ 2» գիրք֊ը, որպեսզի «շատ անհասկանալի բաներ հասկանալի դառնան»։

Ուրեմն կան, հավանաբար կան մարդիկ, որոնք հենց հիմա էլ գուցե ստեղծագործական երկունքի մեջ են, բայց այն, որ չգիտենք նրանց մասին, չենք կարդում, չենք լսում, չենք տեսնում, էլ ավելի տխուր ու ցավալի իրողություն է: Կան անհատներ, բայց չկա այն հավաքականությունը, որին մտավորականություն կամ հանրության սերուցք ենք համարում: Անունը կա, ամանում՝ չկա՞: Արցախը թշնամական ձեռքով դավաճանության մատնվեց, վեպերն ու պոեմները դեռ մի կողմ դնենք, Գրողների միությունը բան չունե՞ր ասելու, որը ոչ անկախ՝ խորհրդային Հայաստանում ամենաանհնազանդ կառույցներից էր, որի անդամների հետ իշխանավորները հաշվի էին նստում:

Բայց գուցե մեզ մեղադրեն ավելորդ խստապահանջության ու կողմնակալության մեջ, չէ՞ որ Գրողների միությունը վերջերս «ազգանվեր» միտք է հղացել,  փետրվարի 8-ին խիզախել է «Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխություն» հայտարարել, որի հաղթողները կպարգևատրվեն 75-165 հազար դրամով: Եվ սա էլ, արի ու տես, վրդովմունք է հարուցել: Պարզվում է, հայ արդի գրողները տրամադրություն չունեն անդրադառնալու ազգային ողբերգությանը, բայց եթե դրամ տան, մուսան  գուցե այցելի, կգրեն: Սա փաստացի անարգանք է գրողների և առհասարակ հայ ժողովրդի երեսին: «Չի կարելի շահարկել, սպեկուկյացիա անել մարդկանց վշտի, ցավերի, ողբերգության վրա։ Պարզապես լավագույն ստեղծագործության թեմայով մրցանակաբաշխություն հայտարարեք, ու թող մրցանակակիրներից մեկը լինի վերոհիշյալ թեմայով գրված պատմվածքը»,-  գրում է «Հրապարակում» այդ մրցանակաբաշխությունը անբարոյականություն որակող հեղինակը:

Բերենք ևս մի ցայտուն օրինակ: Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը վերջերս, ի թիվս այլոց, գրոհեց նաև մեր պատմագիտության վրա՝ հռչակելով, որ այսուհետ հարկ է ուսումնասիրել և սերտել տալ ոչ թե «Հայոց պատմություն», այլ «Հայաստանի պատմություն» (այդ զառանցանքի մասին արդեն շատ է գրվել, չկրկնենք): Պատասխանեցին հարյուրավոր անհատներ, բայց պաշտոնապես պատասխան տվեց միայն Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնը, որը այդպես էլ եզակի մնաց (գոնե մեզ ուրիշ օրինակ հայտնի չէ): Ո՞ւր էին ակադեմիական տասնայակ գիտահետազոտական ինստիտուտները, բազմաթիվ հայագիտական կենտրոնները, բոլոր բուհերի համապատասխան ամբիոնները, որոնք հակագրոհ պիտի կազմակերպեին, իրենց կարծիքը հայտնեին ու հասկացնեին հայտնի անձնավորությանը, որ գիտությունը ճշմարտության ոլորտ է ու իր խելքի բանը չէ, որ թրքոտ կոշիկներով ու ստեր փչելով մտնի ու ապականի ամեն ինչ, ինչպես քաղաքականության ոլորտում: Եվ դա բնավ ստեղծագործական ճիգեր չէր պահանջում, ընդամենը սովորական մասնագիտական ու մարդկային պատասխանատվություն:

Փաստորեն այս երկրում բազմաթիվ շենքեր կան, որոնք մտավոր՝ գիտական ու կրթական հաստատության ցուցանակներ են կրում, բայց նման են ամայի, դատարկ, անշունչ կառույցների վերը նշված կտավի նման, քանի որ այնտեղից ձայն չի լսվում երկրի ու ժողովրդի համար այս վտանգավոր, չափազանց վտանգավոր ժամանակներում:  Մեկը հենց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: Ո՞ւր եք դրա շենքերը լցրած ակադեմիկոսներ ու գիտաշխատողներ, դուք անդամ եք մի հաստատության, որի անվան մեջ «ազգային» բառը կա, դա ձեզ համար ի՞նչ է, դատարկ զնգո՞ց է, դա ձեզ ոչինչ չի՞ պարտավորեցնում:

Դարեր շարունակ մտավորականությունն էր հայ ժողովրդի ուղեցույցն ու անպաշտոն ղեկավարը՝  հեղինակությունը, որի խոսքն էր լսում ժողովուրդը, որի շուրջն էր համախմբվում ու հետևից գնում: Մտավորականությունն էր, որ փաստացի աշխարհին պարզեց «Հոգևոր Հայաստանի» առեղծվածը, պետության բացակայության պայմաններում հայ մշակույթ ու գիտություն զարգացրեց, կրթական հաստատություններ բացեց և հային հայ պահեց՝ փրկելով ուծացումից: Բայց շատ հեռուն չգնանք, ինչպե՞ս հաղթեցինք առաջին արցախյան պատերազմը, ճակատում կռվողների ու հրամանատարների մի զգալի մասը մտավորականներ էին՝ գաղափարական մարդիկ, նույնիսկ  գիտնականներ, որոնք թողեցին իրենց աշխատասենյակներն ու լաբորատորիաները, զենք վերցրին ու գնացին կռվելու:

Ի՞նչ պատահեց, մի՞թե իսկապես հայ մտավորականությունը դարձել է ցամաք աղբյուր վերոնշյալ ցայտաղբյուրի նման, մի՞թե քառորդ դարը բավական էր, որպեսզի տասնյակ դարեր հարատևած երևույթի ճիշտ հակապատկերը ստանայինք:

Ժողովուրդը մնացել է անգլուխ, որովհետև այլևս չի հավատում որևէ քաղաքական գործչի, չունի հեղինակություն, որը կհամախմբեր բոլորին ու կասեր՝ եկեք իմ հետևից: Անտեր երկիր, անգլուխ ժողովուրդ՝ աշնան տերևի պես հանձնված աշխարհաքաղաքական քամիներին ու թշնամական երկրների դրածոներին, որի մասին բոլոր բայերը, ավաղ, այսպես շարունակվելու դեպքում, կլինեն միայն անցյալ ժամանակով, ավելի ճիշտ՝ անցյալ անկատար ժամանակով…

Անահիտ Հարությունյան

Հայաստան մտավորականությունն արդի իրավիճակում ազգային խնդիրներ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին