Իրանի խորհրդարանական ընտրություններում հաթանակ են տոնում խիստ պահպանողականները: Իրանի Մեջլիսի ընտրված 245 քաղաքական գործիչներից 200-ը պահպանողականներ են, իսկ 45-ը՝ համեմատաբար չափավոր քաղաքականության կողմնակից: Իրանի նոր խորհրդարանում ընդամենը 11 կին կլինի նախկին 16-ի փոխարեն։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է:
Մարտի մեկին կայացած ընտրությունները ռեկորդային էին մի շարք առումներով: Այս անգամ ընտրություններին թույլատրվել էր մասնակցել ռեկորդային թվով թեկնածուների՝ ավելի քան 15000 մարդ, նրանցից 1700-ը կանայք։ Այսքանով հանդերձ՝ Իրանի իշխանություններն արգելել էին ընտրություններին մասնակցել բարեփոխումներ պահանջող թեկնածուներին կամ գործող իշխանության քննադատներին:
Ռեկորդային թվով թեկնածուները պայքարում էին խորհրդարանի 290 տեղերի համար: Արդյունքում պատգամավորական մանդատներից համալրվել է միայն 245-ը. մի շարք ընտրատարածքներում թեկնածուները չեն կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ 20%-ը: Թափուր մնացած 45 տեղերը կհամալրվեն ընտրությունների երկրորդ փուլում, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Հայտնի է, որ նորակազմ խորհրդարանի առաջին նիստը կկայանա մայիսին:
Նշենք՝ Իրանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում հինգ տեղ հատկացված է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ավանդաբար այդ հինգ տեղից երկուսը զբաղեցնում են հայ համայնքի ներկայացուցիչները: Ընտրություններին մասնակցում էր 7 հայ թեկնածու: Հայտնի է, որ Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է։ Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։ Նա միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։
Մյուս ռեկորդային ցուցանիշը ընտրողների ցածր ակտիվությունն է. Ընդամենը 41 տոկոս, իսկ մայրաքաղաք Թեհրանում՝ 24 տոկոս: Անցած 11 խորհրդարանական ընտրությունների համեմատությունը ցույց է տալիս, որ ընտրողների մասնակցությունը մշտապես գերազանցել է 50 տոկոսը, օրինակ՝ 2016-ին՝ 62 տոկոս է եղել: Նախորդ՝ 2020 թվականին կայացած ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր 42 տոկոս: Ակնկալվում էր, որ այս անգամ կհաջողվի գոնե նույն ցուցանիշը պահպանել: Բայց չստացվեց: Ընդդիմությունն էլ ակտիվորեն կոչ էր անուն բոյկոտել ընտրությունները:
Նշենք՝ երկրի 87 միլիոն քաղաքացիներից ավելի քան 61 միլիոնը ընտրություններին մասնակցելու իրավունք ունի:
Շեշտենք՝ այս ընտրություններն առաջինն էին 2022-ի զանգվածային ցույցերից հետո, որոնք առաջացել էին Մահսա Ամինիա անունով երիտասարդ կնոջ մահվանից հետո. նրան ձերբակալել էր բարոյականության ոստիկանությունը ոչ պատշաճ հիջաբ կրելու համար: Ցույցերի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հազարավոր մարդիկ վիրավորվեցին։ Ձերբակալված հազարավոր ցուցարարներից շատերը շարունակում են մնալ բանտում, իսկ ոմանք ստացել են խիստ դատավճիռներ, ներառյալ մահապատիժը:
Ընտրել են անհատներին, ոչ թե քաղաքական ուժերին
Փորձագետները նշում են, որ քաղաքացիները նախապատվությունը տվել են առանձին թեկնածուներին, ոչ թե հայտնի քաղաքական գործիչների կողմից աջակցվող կոալիցիաների:
Հատկանշական է, որ ամենաշատ ձայները ստացել է հոգևորական, գործող պատգամավոր Մահմուդ Նաբայանը։ 58-ամյա քաղաքական գործիչը համարվում է պահպանողական։
Ընտրվել են նաև նոր դեմքեր: Նրանց թվում է 35-ամյա դոկտորանտ և քաղաքական շոուի նախկին հաղորդավար Ամիր Հոսեյն Սաբետին, ով ստացել է երրորդ ամենաշատ ձայները մայրաքաղաքում։
Իսկ խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ընդամենը 4-րդ տեղն է կարողացել զբաղեցնել Թեհրանում. սա ԶԼՄ-ները գնահատել են որպես նրա ժողովրդականության անկում:
Փորձագետների կարծիքով՝ պահպանողականների հաղթանակը կանխատեսելի էր. Իրանում պահպանողականների կամ բարեփոխիչների հաղթանակը մշտապես կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից. երկրի համար ճգնաժամային և արտաքին մարտահրավերներով լեցուն ժամանակներում մշտապես հաղթում են պահպանողականները: Համեմատաբար հանգիստ և բարենպաստ ժամանակներում ընտրողներն իրենց քվեն վստահում են բարեփոխիչներին:
Անդրադառնալով ընտրություններին պասիվ մասնակցությանը՝ փորձագետները դա պայմանավորում են ներքաղաքական գործընթացների նկատմամբ իրանական հասարակության անտարբերության և ներքին փոփոխությունների առումով լուրջ ակնկալիքների բացակայության իրողությամբ։ Իրանական հասարակության մեջ ավելի ու ավելի շատ է ամրապնդվում համոզմունքը, որ ընտրություններից քիչ բան է կախված, հատկապես իշխանափոխության առումով:
Իրանի նախագահի ուղերձը
Ընտրություններից հետո Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել իրանցի ժողովրդին՝ իր թշնամիներին հիասթափեցնելու և ուրբաթ օրը քվեատուփի մոտ ազգային միասնություն ցուցադրելու համար:
«Մարդիկ եկան ու «ոչ» ասացին համաշխարհային ամբարտավանությանը. Սա պարտություն էր հակամարդկային ուժերի համար, որոնք անցյալ տարի տարբեր ապստամբությունների միջոցով փորձեցին ավերածություններ ստեղծել մեր երկրում»,- գրել է Ռաիսին ժողովրդին ուղղված ուղերձում։
Փորձագետների կարծիքով, սակայն, Իրանի հառակակորդները այս ընտրություններով չեն զրկվել իրենց նպատակին հասնելու հնարավորություններից: Պայմանավորված ներքին լարվածությամբ և ընտրություններով որևէ բան փոխելու անհնարինությամբ՝ երկրում ցանկացած հարցի շուրջ դժգոհությունը հեշտությամբ հնարավոր է վերածել հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաների: Դրանք մինչ այժմ Իրանի իշխանությունները հաջողությամբ ճնշել են: