Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել էր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Կողմերը քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ էր կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել էր, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։