Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին ժամանել է Սաուդյան Արաբիա: Նա ծրագրում է բանակցություններ անցկացնել թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման ալ Սաուդի հետ: Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:
Զելենսկին պատմել է, որ այցի համար առաջին թեման խաղաղության բանաձևն է: Ուկրաինան արդեն անցած տարի խորհրդատվական մակարդակով հանդիպում էր անցկացրել Ջիդայում՝ նման նախաձեռնության իրականացման վերաբերյալ: «Այժմ մենք մոտ ենք առաջին համաշխարհային գագաթնաժողովի անցկացմանը և հույս ենք կապում Սաուդյան Արաբիայի շարունակական ակտիվ աջակցության հետ»,- հավելել է Զելենսկին։
Թիվ երկու թեման, ըստ նրա, բանտարկյալների և տեղահանվածների վերադարձն է։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն արդեն օգնել է ազատել ուկրաինացիներին։
Երկրի ղեկավարը նախատեսում է քննարկել նաև տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտները և Սաուդյան Արաբիայի մասնակցությունն Ուկրաինայի վերականգնմանը։