Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 4 մլն 218 հազար դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում իրականացնելու համար:
Այն իր մեջ ներառում է բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով ՝ ակնաբբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով վիրավորումների առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթաց:
Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն՝ զինվորական ծառայության ընթացքում պարտականությունները կատարելիս բեկորային վնասվածք ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում կազմակերպման վերաբերյալ: