ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը Վաշինգտոնում Անկարայի դեսպանի պաշտոնում կփոխարինի Հասան Մուրադ Մերջանին, իսկ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ կնշանակվի ԱԳ փոխնախարար Ահմեդ Յըլդըզը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով տեղեկացրել է Օնալին և Յըլդըզին իրենց նոր պարտականությունների մասին։ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նշանակված Օնալը ծնվել է 1963 թվականին։
Նա երկրի ԱԳՆ-ում ծառայում է 1989 թվականից՝ աշխատելով բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Ավստրիայում և Հորդանանում:
Եղել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար, ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ է նշանակվել անցած փետրվարին։ Այս վերադասավորումները տեղի են ունենում նոր դեսպանների նշանակման ֆոնին․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս 10 երկրում նոր դեսպանների է նշանակել։