ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեի թեկնածությունը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ նախագահի աջակցությունը, հավանաբար, կհանգեցնի Ռյութեի կողմնակիցների թվի ավելացմանը։ Թերթն ընդգծում է, որ դաշինքի մասնակիցների երկու երրորդը ներկա պահին պաշտպանում է նրա թեկնածությունը։
Welt am Sonntag թերթը, հղում կատարելով ԵՄ դիվանագիտական շրջանակներում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ռյութեն այդ պաշտոնի ֆավորիտն է։ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետը պարբերականին հայտնել է, որ որոշումը կարող է ընդունվել մինչեւ այս տարվա հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները։
ՆԱՏՕ ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ավելի վաղ հաստատել էր, որ պաշտոնին կմնա մինչեւ 2024թ. հոկտեմբերի 1-ը։