f

Անկախ

Նոր արագընթաց հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը և թե ինչու է Սյունիքը դառնալու թատերաբեմը. Վլադիմիր Նովիկով


«Բաքուն ցանկանում է ուժեղի իրավունքով քամել Հայաստանից առավելագույնը՝ այն ամենը, ինչ կհաջողվի: Ես կարծում եմ, որ Բաքուն ինչ-որ իմաստով ցանկանում է շարունակել: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Ադրբեջանում դեմ չեն դիտարկել Հայաստանի հետագա ապաինքնիշխանացման հարցը՝ պետական իշխանության հատկանիշների նվազագույն պահպանմամբ, իսկ գուցեև նույնիսկ առանց դրանց»,- կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը: «БИЗНЕС Online»-ի հետ հարցազրույցում նա պատմում է այն մասին, թե ինչպես կարող է Ֆրանսիան օգտագործել Հայաստանը որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, ինչու Իլհամ Ալիևն արտահերթ ընտրություններ անցկացրեց, ինչպես նաև վերջինիս երկակի քաղաքականության մասին Ռուսաստանի նկատմամբ:

«Չափազանց սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ Ալիևին մի քանի հակամարտությունների պատանդ են դարձնում»

- Վլադիմիր Վլադիմիրովիչ, օրերս Ադրբեջանում նախագահի ընտրություններ տեղի ունեցան: Համոզիչ հաղթանակ տարավ հանրապետության գործող ղեկավար Իլհամ Ալիևը: Ինչո՞ւ նա կազմակերպեց այդ ընտրությունները: Ցանկանում է բացարձակ լեգիտիմության մանդա՞տ ստանալ: Ինչո՞ւ:

- Սկսենք նրանից, որ նա ուզում է ամրագրել Ադրբեջանն իր նոր սահմաններով, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը: Հաղթելով այդ արտահերթ ընտրություններում՝ նա լեգիտիմացնում է աշխարհաքաղաքական իրականությունը, որում ղարաբաղյան էջը շրջված է, և ինքը հողերը հավաքող է: Սա առաջին հանգամանքը:

Երկրորդ հանգամանքը: Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանի շուրջն ամեն ինչ բարդ է: Սկսենք նրանից, որ Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր կնքելու համար միջնորդության տարբեր ձևաչափեր օգտագործել, այդ թվում և եվրոպական երկրների մասնակցությամբ, իսկ Ադրբեջանը ձգտում է, որ ամեն ինչ արվի առանց միջնորդների: Եվ հասկանալով, որ կարող է բախվել նաև միջազգային ճնշմանը, ադրբեջանցի առաջնորդը նաև ձգտում է իրեն լրացուցիչ լեգիտիմացնել:

Երրորդ հանգամանքը: Չափազանց բարդ իրավիճակ է դասավորվում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի վերջո, հարցը բնավ էլ փակված չէ: Այո, ղարաբաղյանը կարծես փակված է, բայց դա նույնպես շատ պայմանական է, քանի որ մենք չենք հասկանում, թե ինչ տեղի կունենա Հայաստանում 10-15 տարի հետո: Չեն առաջանա արդյոք այնտեղ ուժեր, որոնք ռևանշ կցանկանան: Ինչպիսի՞ն կլինի այդ ուժերի ռեսուրսային հիմքը, ի՞նչ իրավիճակում կհայտնվի Հայաստանն այն ժամանակ և այլն: Այժմ դրված է խաղաղության պայմանագրի և սահմանների հարցը: Ինչքան հասկանում ենք, այդ սահմանները բավականին վիճելի են: Յուրաքանչյուր կողմն իր պատկերացումներն ունի, թե ինչպես և որտեղով պետք է դրանք անցնեն: Բացի այդԻլհամ Հեյդարովիչը 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր սահմանների ապաշրջափակման մասին հասկանում է որպես զանգեզուրյան միջանցք գցելու հնարավորություն: Մենք լսել ենք այդ մասին օրերս, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «եթե խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն չկա, ապա կուզենայինք համաձայնագիր կնքել չհարձակվելու մասին մինչև խաղաղության պայմանագրի կնքումը»: Այդպիսով նոր  արագընթաց հայ-ադրբեջանական պատերազմի հավանականություն է ծագում, որի կենտրոնը կլինի Հարավային Հայաստանը՝ Սյունիքի մարզը: Եվ այդ իրավիճակում նույնպես Ալիևը կցանկանար լեգիտիմացնել իրեն:

Եվ վերջին հանգամանքը: Նման լրացուցիչ լեգիտիմացումը արտահերթ ընտրությունների միջոցով  անհրաժեշտ է իրեն նաև հետևյալ պատճառով: Ներկայիս հակամարտությունը Մերձավոր Արևելքում շատ անհարմար իրավիճակ է ստեղծել Ադրբեջանի համար: Չէ՞ որ նա շատ մոտ հարաբերությունների մեջ է, մի կողմից, Թուրքիայի, մյուս կողմից՝ Իսրայելի հետ: Հասկանալի է, որ ադրբեջանա-իսրայելական բարեկամության պատճառը իրանական հարցն էր: Գազայում առճակատումը սկսվելուց հետո Թուրքիան և Իսրայելը դառնում են միմյանց հակադիր ուժեր, և Ադրբեջանը ստեղծված իրավիճակում ստիպված է խուսանավել նրանց միջև: Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանին բարդ ժամանակներ են սպասում՝ կապված արտատարածաշրջանային դեպքերի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հակամարտության, և այդ իրավիճակում նույնպես ցանկանում է իր համար լրացուցիչ լեգիտիմություն ապահովել:

- Բացի հայկական ուղղությունից, Ադրբեջանի հին-նոր նախագահն ինչ-որ քայլեր կձեռնարկի՞ արտաքին քաղաքականության մեջ:

- Որպեսզի որոշ քայլեր ձեռնարկի ուրիշ ուղղություններով, Ալիևն առաջին հերթին պետք է այժմ փակի հայկական հարցը, ընդ որում, հատկապես իր պայմաններով: Նա շատ է ցանկանում լուծել դա ուժեղի իրավունքով և ոչ որևէ այլ կերպ: Չափազանց սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ Ալիևին մի քանի հակամարտությունների պատանդ են դարձնում: Բացի մերձավորարևելյանից, որտեղ Անկարան իրեն որոշակիորեն դրսևորել է, հակամարտություն կա Թուրքիայի և Ֆրանսիայի միջև Միջերկրական ծովի շելֆի համար: Սրանից էլ, ըստ երևույթին, պարոն Փաշինյանի՝ անվտանգության երաշխավորի ձգտումները՝ ի դեմս Ֆրանսիայի: Այդ ամբողջ քաղաքականությունը շարունակվելու է:

Ռուսաստանի նկատմամբ կլինի երկակի քաղաքականություն, որը Ալիևը բավականին յուրովի արդեն վարում է: Մի կողմից՝ նա շատ ջերմ է Մոսկվայի հետ, մյուս կողմից՝ արդեն գիտենք, որ կիևյան վարչակարգի հետ համագործակցության փաստեր կան, ընդհուպ որոշ տեսակների զենքի մատակարարումը:  

- Իսկ Իրանի՞ հետ ինչպես կդասավորվեն հարաբերությունները:

- Դե ինչպես որ մինչև հիմա էին: Իսկ դասավորվում էին բավական բարդ: Իրանում 25-30 տոկոսը ադրբեջանական բնակչություն է: Այսպես ասած, իրանական կառավարության սիրած ազգային փոքրամասնությունը: Ադրբեջանցիներն այնտեղ լուրջ դիրքեր են գրավում պետապարատում, բիզնեսում: Բացի այդ, իրանցիները բնավ չեն ցանկանում, որ իրենց ադրբեջանցիներն աշխույժ շփվեն Ալիևին հպատակ ադրբեջանցիների հետ, որովհետև վախենում են Բաքվի ազդեցությունից: Եթե հիշում եք, 2023 թ. իրանա-ադրբեջանական հարաբերությունները կտրուկ սրվեցին, դրա առիթը Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչությունն էր: Որոշ «խելոք» փորձագետներ նույնիսկ ասում էին, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անմիջապես պատասխան կտա, բայց իրականում նման բան տեղի չունեցավ: Ղարաբաղի զտումը հանգիստ ընթացավ: Այդուհանդերձ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լարված են: Այն, որ ժամանակ առ ժամանակ այդ լարվածությանը փոխարինում են որոշ փոխադարձ հաճոյախոսություններ՝ բարձր մակարդակովոչինչ չի նշանակում: Չարժի դրան ուշադրություն դարձնել: Միանգամայն ակնհայտ է, որ Իրանը Ադրբեջանում ընկալվում է առնվազն որպես բարդ և ծանր հարևան:

- Ինչպիսի՞ն կլինեն Ալիևի քայլերը երկրի ներսում: Նա ընդդիմություն չունի՞, ինչպես Ղազախստանում, որտեղ անցած շաբաթ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը փոխեց վարչապետին: Ալիևը նո՞ւյնպես կփոխի կառավարությունը՝ ինչ-որ նոր մարդիկ բերելով իշխանություն:

- Ադրբեջանում ընդդիմություն կա, բայց այնտեղ ղազախական իրավիճակ չէ: Ղազախստանում երկկենտրոնություն է եղել՝ էլբասին և նախագահ Տոկաևը, համապատասխանաբար նրանց աշխատակազմերի միջև պայքար է ընթացել: Այնուհետև տեղի ունեցավ 2022 թ. հունվարյան ողբերգությունը, որի հետևանքով Նուրսուլթան Նազարբաևին և նրա շրջապատին հեռացրին իշխանությունից: Ադրբեջանի իրավիճակը սկզբունքորեն տարբեր է: Մոտավորապես 2010-ականներից սկսած՝ Իլհամ Հեյդարովիչը իրար հետևից իշխանությունից հեռացրեց իր հոր մարդկանց և խաղադրույքը դրեց իր կնոջ՝ Մեհրիբան Փաշաևայի ընտանիքին մերձավոր երիտասարդ տեխնոկրատների վրա: Այսինքն՝ այնտեղ հարցը լուծված է: Եթե որոշ տեղափոխություններ էլ տեղի ունենան, ապա զուտ տեխնիկական կլինեն՝ կապված բուն Ալիևի շրջապատում որոշ կլանային, խիստ ոչ թափանցիկ գործընթացների հետ: Ուստի զուգահեռը Ղազախստանի հետ, իմ կարծիքով, տեղին չէ:

«Եթե դա տեղի ունենա, ապա ՀԱՊԿ-ն պարտավոր է միջամտել»

- Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռուսաստանին առաջարկում են մասնակցել Թուրքիա տանող զանգեզուրյան տրանսպորտային միջանցքին: Դա մեզ պե՞տք է:

- Ադրբեջանի տարածքը համընկնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման հետ, որը տանում է Իրան: Ներկայիս պատժամիջոցների և մնացած ամեն ինչի իրավիճակում մենք շատ շահագրգռված ենք այդ միջանցքով:

Ինչ վերաբերում է նրան, ինչի մասին հարցնում եք, ապա դա մասնակցություն է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ նախատեսված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, որի համաձայն, ինչպես հիշում եք, նախատեսվում էր տրանսպորտային միջանցքի բացում Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով: Համաձայն այդ փաստաթղթի՝ այդ ամենն ապահովում էր Ռուսաստանի ԴԱԾ-ի սահմանապահ ծառայությունը: Այդ առումով որոշ ճանապարհների բացումը, ավելի ճիշտ՝ որոշ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում արդեն մեր ստանձնած պարտավորությունն է: Այլ հարց է, որ պարոն Ալիևը ցանկանում է յուրովի մեկնաբանել հայտարարության այդ կետը և խոսում է այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի մասին: Այսինքն՝ փաստացի  արտատարածքային միջանցքի մասին, որում զուտ ադրբեջանական ազդեցություն է լինելու և որը պետք է անցնի Հայաստանի տարածքով: Այն, որ նա դրա հետ մեկտեղ փորձում է, օգտվելով Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս ղեկավարության տարաձայնություններից, ավելի շատ ներքաշել մեր երկիրը և դարձնել այդ գործում իր դաշնակիցը, նույնպես հասկանալի է:

- Եվ ի՞նչ հեռանկարներ ունի այդ պատմությունը:

- Թե ինչին մենք կմասնակցենք, առանձին հարց է: Բայց այն, որ Ալիևը կսկսի ճնշել՝ պահանջելով ոչ միայն ապաշրջափակել ինչ-որ տարածք, այլև Հայաստանի տարածքով միջանցք բացել, հավանաբար ռազմական ճանապարհով, ապա դա 100 տոկոսով է: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության վրա, որ արվել է օրերս և որում ասվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և դեսպանության աշխատակիցներին խորհուրդ չի տրվում երկրի հարավում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում այցելել և անցնել թվարկված  բնակելի կետերով: Բացի այդ, նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Երասխ, որը գտնվում է Սյունիքի և Երևանի միջև: Եթե ադրբեջանցիները կարողանան ռազմական ճանապարհով ճանապարհ բացել Երասխի շրջանում, ապա կվերանա Հայաստանի հարավ ռազմական զենքի տեղափոխման հնարավորությունը:

- Եթե այդ պատերազմը սկսվի, ապա ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն, որի անդամ է հանդիսանում Հայաստանը:

- Եթե դա տեղի ունենա, ապա ՀԱՊԿ-ն պարտավոր է միջամտել: Բայց մենք ձեզ հետ հասկանում ենք, որ այդ հարցի կապակցությամբ ՀԱՊԿ-ում կոնսենսուս ձեռք չի բերվել:

- Իսկ ինչպե՞ս են կատարվելու պայմանագրերը: Թե՞ դրանք չեղյալ են դառնալու:

- Եթե պատերազմ լինի և ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի կողմից որևէ օգնություն չլինի, ապա դա լուրջ պատրվակ կդառնա Հայաստանի ներկայիս ղեկավարության համար լրիվ խզելու հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և հետխորհրդային տարածքի այլ միավորող կառույցների հետ:

- Ի՞նչ եք կարծում,  մենք ՀԱՊԿ-ից առանձին միջամտելո՞ւ ենք նման ճգնաժամային իրավիճակում: Մենք, ի վերջո, ռազմաբազա ունենք Գյումրիում, մենք անմիջական դաշնակիցներ ենք:

- Ես չգիտեմ, թե ինչպես կվարվեն այդ իրավիճակում նախագահ Վլադիմիր Պուտինն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորներից մեկի վրա որոշակի պարտավորություններ կան: Դրանք կան և թույլ են տալիս մեզ միջամտել այդ իրավիճակին: Հասկանալի է, որ դրանք թույլ չէին տալիս մեզ միջամտել ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Ղարաբաղը Հայաստանի մաս չի համարվում: Ղարաբաղը ինքնահռչակ պետություն էր՝ Հայաստանի հովանու տակ: Այստեղ իրավիճակն ուրիշ է: Ավելին ես չգիտեմ: Բայց եթե նման միջամտություն չլինի, ապա կրկնում եմ,  Հայաստանի ներկայիս ղեկավարության համար ծանրակշիռ պատրվակ կհայտնվի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար:

- Իսկ ինչպե՞ս կարձագանքեն ամերիկացիները, ֆրանսիացիները: Նրանք ինչ-որ կերպ կխառնվե՞ն:

- Ես կարծում եմ, որ կարող է կրկնվել 1920 թվականի իրավիճակը, երբ Վուդրո Վիլսոնը և ֆրանսիացիները, մի կողմից,  բորբոքում էին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդների ախորժակը, մյուս կողմից, երբ դա իրապես պահանջվեց, չեկան օգնության: Այլ հարց է, որ նույն Ֆրանսիան կարող է օգտագործել Հայաստանը որպես գործիք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Եթե մենք իրար հետ չենք կարողանում բաժանել նավթագազային շելֆը Միջերկրական ծովում, ուրեմն ստացեք մեզնից հարվածը Հայաստանով: Բայց թե որքանով ամուր ու իրականանալի կլինեն նման երաշխիքները, առանձին հարց է:

- Իսկ Իրա՞նն ինչպես կարձագանքի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա:

- Եթե իրանը հասկանա, որ իրավիճակը շատ հեռուն է գնացել, ապա կփորձի միջամտել:

- Բայց Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է: Այդ դեպքում արդյոք Իրանի և Թուրքիայի անմիջական բախում չի առաջանա՞:

- Դա կարող է իրոք Իրանի և Թուրքիայի բախման պատճառ դառնալ: Հարցը դարձյալ այն է, թե ամեն ինչ որքան հեռու կգնա:

- Հայաստանի ղեկավարությունն ինչո՞վ է ավելի շատ շահագրգռված. որպեսզի դա իրոք հեռուն գնա և կոնֆլիկտին միջամտեն հզոր ու տարբեր արտաքին կողմե՞ր, թե՞ հակառակը, որպեսզի ամեն ինչ արագ գցի ու հարցը փակի:

- Հայաստանի ղեկավարությունը փաստացի գցեց Ղարաբաղը: Սյունիքի հարցում ես այդքան կտրուկ չէի լինի, թե նա պատրաստ է այն գցել: Այլ հարց է, որ որոշ երաշխիքների դիմաց, որոնցից այլև ոչինչ չի բխում, ներկայիս ղեկավարությունը սկսել է լայնամասշտաբ գործողություն հայկական ինքնության վերաձևակերպելու ուղղությամբ: Հասկանալի է, որ Ղարաբաղը  միանշանակ երևույթ չէր: Վերջին մեկուկես-երկու տասնամյակներին հայերի մի զգալի մասը ղարաբաղյան հարցը շատ հակասական էր ընկալում  ու գիտակցում: Հայ հասարակության մի մասը, հիմնականում երևանյանը, դա բեռ էր համարում: Բայց ես չեմ կարծում, որ որպես բեռ է ընկալվում Սյունիքը: Երկրի Սահմանադրությունը վերաշարադրելու փորձերը ինչ-որ նոր իրողությունների անվան տակ՝ հանելով դրանից Ղարաբաղի հիշատակումը, զինանշանից Արարատը հանելու մտադրությունը, էլի ինչ-որ հանգամանքներ, դժվար թե խանդավառություն առաջացնեն հայ բնակչության մեջ: Արդեն իսկ այժմ հստակ է, որ Թուրքիայի հետ հաշտության ճանապարհին «ապաղարաբաղացման» հաջորդ քայլը կարող է լինել Հայոց ցեղասպանության հայեցակարգից հրաժարվելու պահանջը: Ըստ ամենայնի, Փաշինյանն ուզում է նման հաշտություն, բայց այդ դեպքում Թուրքիան ուժեղի իրավունքով կպահանջի, որ Հայաստանը ջնջի ցեղասպանության թեման իր պատմագրությունից, այլևս այն չարծարծի և առաջ չտանի միջազգային ասպարեզում:

«Եկեք ազնվորեն խոսենք. այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, էթնիկ զտում է»

- Ի՞նչ եղան  Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչները, որոնք լքեցին իրենց տները: Բոլորն էլ Հայաստանո՞ւմ են, թե նաև ուրիշ տեղ:

- Նրանք Հայաստանում են: Այլ վայրերում նրանց տարածման քանակական տվյալներ ես չեմ տեսել: Առայժմ, ինչպես հասկանում եմ, նրանց հիմնական ապաստանը Հայաստանն է: Այլ հարց է, որ այնտեղ արդեն աներևույթ պայքար է սկսվում: Ղարաբաղյան նախկին ղեկավարությունն ասել է, որ կպահպանի ղարաբաղյան պետականության ինստիտուտները վտարանդիության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը դա չի ուզում: Եվ այդ հարցի շուրջը պայքար է ընթանում:

- Հայաստանի ընդդիմությունն ինչ-որ կերպ օգտագործո՞ւմ է այդ մարդկանց իշխանության համար իր պայքարում:

- Նախ՝ հայկական ընդդիմությունը պառակտված է հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև: Երկրորդ՝ ինչպես ցույց տվեցին 2021, 2022 և 2023 թթ. իրադարձությունները, այդ ընդդիմությունը չի կարող ոտքի հանել ժողովրդին որևէ նշանակալի ընդվզման համար: Երրորդ՝ սոցիալական դեպրեսիան հայ հասարակության մեջ այնպիսին է, որ նա ինքնրույն  ոտքի չի ելնի և չի ըմբոստանա: Եկեք ազնվորեն խոսենք. այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, էթնիկ զտում է: Բայց հայ հասարակությունը ո՛չ ուժ ունի հիմա, ո՛չ ռեսուրսներ ռևանշի համար:

- Ի՞նչ տրամադրություններ են հայկական բանակում: Դարձյալ անկումային հոգեվիճա՞կ: Նրանք պատրա՞ստ են կռվել, ռազմական հեղաշրջում կատարել, թե՞ դա հիմա ամորֆ կառույց է:

- Ես նորից հղում կանեմ 2021 թվականի իրադարձություններին: Այն ժամանակ՝ փետրվարին, բանակի վերնախավը վերջնագիր ներկայացրեց երկրի վարչապետին: Ինչո՞վ ավարտվեց դա: Այդ վերջնագիրը մի անի օրում հալվեց: Վարչապետը հեռացրեց գլխավոր շտաբի պետին: Խոսում էին, թե զինվորականներն իրենց կուսակցությունը կստեղծեն և կմասնակցեն 2021 թ. արտահերթ ընտրություններին, բայց  նման բան տեղի չունեցավ: Այդ առումով հայկական բանակը շատ տարբեր է թուրքականից: Ինչպես հիշում եք, Թուրքիայում տասնամյակներ շարունակ, Քեմալ Աթաթուրքից հետո, բանակը իրոք սոցիալ-կաստայական ինստիտուտ էր, որը երբեմն իր կարգերն էր թելադրում պետությանը: Այստեղ դա տեղի չունեցավ:

- «Մենք պետք է հասկանանք, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Նախկինում նման հարց չի եղել, ինչպես նաև բարդություններ՝ կապված հայեցակարգի հետ: Անցյալում Հայաստանի հարաբերությունները պաշտպանության ոլորտում 97 տոկոսով կապված են եղել Ռուսաստանի հետ: Այժմ դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է Փաշինյանը: Ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին է խոսքը:

- Բանն այն է, որ հայկական էլիտայում, ասենք նաև Անդրկովկասի մյուս էլիտաներում այժմ ընդհանուր առմամբ տիրում է հետևյալ տրամադրությունը. Ռուսաստանն այժմ չափից ավելի է զբաղված Ուկրաինայում և մեր տարածաշրջանի համար ճար չունի: Այդ իրավիճակում, այսպես ասենք, յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է և ինչ կարող է: Ես չեմ պնդում, որ դա օբյեկտիվ է: Չեմ միանում նման տեսակետին: Բայց դա այնտեղ գերակշռող է դառնում: Եվ այդ անդրկովկասյան եռյակից յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է: Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում, լուծում է ղարաբաղյան հարցը: Վրաստանը ջանում է օգտվել ստեղծված հնարավորություններից: Պարզ ասած, ինչ-որ աշխարհին բացվող օդանցք դառնալ պատժամիջոցների պայմաններում: Հայաստանի ղեկավարությունը ջանում է այդ թեզի օգնությամբ հիմնավորել Ռուսաստանից առավելագույն հեռավորություն պահելու փորձերը:

- Փաշինյանի այդ արտահայտությանը հետևո՞ւմ են ինչ-որ գործնական քայլեր, թե՞ դա ինչ-որ քաղաքական զոնդավորում էր, զանգվածներին նետված հատուկ տեղեկատվություն:

- Նման նետումները զանգվածներին միշտ արվում են որոշ քաղաքական քայլերից առաջ: Միանգամայն ակնհայտ է, որ սկսած մոտավորապես 2022 թ. վերջից՝ հայկական ղեկավարությունն ամբողջ ուժով փորձում է կոնֆլիկտի հրահրել Մոսկվային նրա դուռը շրխկացնելու և հարաբերությունները խղելու նպատակով:

- Մարիա Զախարովան այդ բոլոր հայտարարությունների կապակցությամբ ասում է, որ մենք, միևնույն է, մնում ենք բարեկամական և դաշնակից պետություններ: Այսինքն՝ մեզ քշում են, իսկ մենք մնո՞ւմ ենք:

- Մոսկվան շահագրգռված է Հայաստանով՝ որպես բարեկամով ու դաշնակցով և ջանում է ամեն կերպ պահպանել այդ դիրքը:

- Փաշինյանը մի քանի առաջարկություններ է արել Բաքվին խաղաղության պայմանագիրը կնքելու համար, բայց Ալիևը չի ընդունում դրանք: Ինչո՞ւ:

- Բաքուն ցանկանում է ուժեղի իրավունքով քամել Հայաստանից առավելագույնը՝ այն ամենը, ինչ կհաջողվի: Կարծում եմ, որ Բաքուն ինչ-որ իմաստով ցանկանում է ավելի հեռուն գնալ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Ադրբեջանում դեմ չեն դիտարկել Հայաստանի ապաինքնիշխանացման հարցը՝ պետական իշխանության հատկանիշների նվազագույն պահպանմամբ, գուցեև նույնիսկ առանց դրանց: Օրինակ՝ ի՞նչ կարիք կա հրապարակայնորեն հայկական քաղաքների անունները հնչեցնել ադրբեջանական տարբերակով, ներառյալ՝ Երևանը կամ Սևանա լիճը: Ինչո՞ւ հրապարակայնորեն ասել, թե դրանք մեր բնիկ հողերն են: Ինչո՞ւ Ադրբեջանի փախստականների կոմիտեն վերանվանել Արևմտյան Ադրբեջանի փախստականների կոմիտե, ինչպես նաև Հայաստանի տարածքների զգալի մասն անվանել Արևմտյան Ադրբեջան: Նման բաները հենց այնպես չեն արվում: Պարոն Փաշինյանը, ըստ երևույթին, արդեն հասկանում է, որ ինքն այնքան էլ խելոք մարդ չէր՝ որոշելով, որ կարող է լուծել Ադրբեջանի հետ խնդիրները Արցախը հանձնելով, և հիմա ամեն կերպ փորձում է դա շտկել: Ահա այդ գործընթացի էությունը:

- Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է լրիվ յուրացնե՞լ Հայաստանը ինչ-որ տեսքով:

- Կարծում եմ՝ առնվազն պոկել նրա հողերի զգալի մասը: Ամեն ինչ տանում է 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի ինչ-որ նոր խմբագրմանը: Ադրբեջանն այն ժամանակ արդեն խորհրդայնացված էր, սկսվում է հայ-թուրքական պատերազմը, և վերջին պահին, որպեսզի չհանձնվեն բոլշևիկներին, իսկ ուրիշ մեկին հանձնվելու տարբերակ էլ չկար, Հայաստանի առաջին Հանրապետության խելոքները փաստացի համաձայնում են զիջել տարածքների մեծ մասը իրենց տարածքում օտարերկրյա զորքերի ներկայության և Հայաստանի ապառազմականացման դիմաց: Ներկայիս իրավիճակը դա շատ է հիշեցնում:

- Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Փաշինյանի ճակատագիրը: Նա կփախչի՞ Հայաստանից, եթե դա տեղի ունենա Հայաստանի հետ: Նրան հենց հայերը կնզովեն դրանից հետո:

- Նրանք սկզբում նրան ձեռքերի վրա էին տանում: Եկեք նկատենք, որ երբ նա իշխանության էր գնում, ոչինչ չասաց ղարաբաղյան հարցի մասին: Ավելին, հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում է զրոյից: Դրանով նա զրոյացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր մշակումները, ներառյալ Մադրիդյան սկզբունքները և նորացված Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև այն ամենը, ինչ պատրաստվել էր 2012 թ. Կազանում ստորագրման համար: Մեր ինչի՞ն է պետք գուշակել, թե ինչ կլինի Փաշինյանի հետ: Նրա ճակատագիրը նույնիսկ ոչ միայն երկրորդական, այլև, ես կասեի, տասներորդական է այն ողբերգության ու այն աղետների համեմատ, որոնք տեղի կունենան Անդրկովկասում այն սցենարի իրականացման դեպքում, որի մասին խոսեցինք:

«Պարոն Էրդողանը մի շահագրգռություն ունի. որպեսզի Ռուսաստանը ոչ թե պարզապես թուլանա, այլ թուլանա այնքան, որ հայտնվի իրենից կախվածության վիճակում»

- Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանում: Դուք արդեն ասացիք, որ նա ցանկանում է դառնալ աշխարհին բացվող հակապատժամիջոցների օդանցք: Նրանք վերջերս իրենց մոտ բռնեցին ուկրաինացի ահաբեկչի, որը ցանկանում էր մտնել մեզ մոտ, և ողջ ցանցը բացահայտեցին: Մեծ աղմուկով խոսեցին այդ մասին: Ինչո՞ւ:  Դա Ռուսաստանին ընդառաջ քա՞յլ է:

- Վրաստանի այդ վարքագծի երկու վարկած կա: Առաջինը հանգում է նրան, որ մենք նրանց 2008 թ. խփեցինք, նրանք դա հիշում են և հիմա իրենց խելոք են դրսևորում: Նրանց միջոցով մեզ պատժամիջոցների տակ ընկած շատ ապրանքներ են հասնում, մեզանից՝ մեր նավթը և ոչ միայն: Երկրորդ վարկածն այն է, թե ինչ լավն են մեր հավատակից վրացիները, չեն ցանկանում գնալ «եվրոպական սոդոմ» և ձգվում են դեպի մեզ: Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը: Բացարձակ պաղարյուն հաշվարկ է: Պարոն Իվանիշվիլին ջանում է հավասարակշռություն պահել Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Եվ այդ կապակցությամբ ես հատկապես ուշադրություն կհրավիրեի ՉԺՀ-ի հետ Վրաստանի ամրապնդվող հարաբերությունների վրա: Օրինակ՝ նախօրեին վարչապետի քաղաքական փոխատեղման վրա, երբ Ղարիբաշվիլու փոխարեն դրեցին Կաբախիձեին: Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դրանից մի քանի օր առաջ Չինաստանում էր, ուր նրանց ընդունեցին ամենաբարձր մակարդակով, այդ թվում և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային համագործակցության բաժնում: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է, «Վրացական երազանք» կուսակցությունը գաղափարապես համահո՞ւնչ է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Մեղմ ասած, ոչ: Իսկ հիմա ուշադրություն. ո՞վ է գլխավորել այդ պատվիրակությունը: Իշխող կուսակցության առաջնորդ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Կաբախիձեն, որն արդեն դարձավ վարչապետ: Ո՞րն էր Վրաստանի կառավարությունում ամենակարևոր հրաժարականը, ո՞ր միակ նախարարին են փոխում: Պաշտպանության նախարարին: Ո՞վ դարձավ պաշտպանության նախարար: Խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին: Նա նույնպես եղել է Չինաստանում այդ պատվիրակության կազմում: Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել, որ Իվանիշվիլին, որպես Վրաստանի ստվերային կառավարիչ, ըստ երևույթին, սկսել է Չինաստանի հետ կապեր հաստատել, հաղորդակցվել և հետագայում էլ համակարգել որոշ նշանակումներ:

- Այսինքն՝ ՉԺՀ-ն ակտիվ թափանցում է Վրաստա՞ն: Իսկ ի՞նչ շահեր ունի:

- Քանի որ Չինաստանը հետաքրքրված է ամեն տեսակ տրանսպորտա-լոգիստական համակարգերով, կարծում եմ, որ ուշադրությունը առաջին հերթին կապված է դրանց հետ: Հիշեցնեմ, որ մի Նիկո Նիկոլաձե կար՝ 1918-1921 թթ. առաջին Վրացական Հանրապետության հիմնադիրներից մեկը: Ահա պարոն Նիկոլաձեն, երբ 1918 թ. Վրաստան եկան գերմանացիները և օգնեցին առաջին հանրապետության կայացմանը, ջանասիրաբար առաջարկում էր ժամանակի կայզերական կառավարությանը մի տարբերակ, որով իր երկիրը կարող էր օղակ դառնալ Գերմանիայի և Չինաստանի միջև երկար լոգիստական ճանապարհին:

- Եթե հետաքրքրությունն իսկապես կապված է լոգիստիկայի հետ, ապա Ռուսաստանը նույնպես լինելու է այդ միասնական տրանսպորտային միջանցքում, թե՞ Վրաստանն ու Չինաստանը ցանկանում են շրջանցել մեզ:

- Բանն էլ հենց այդ է, որ տվյալ իրավիճակում Վրաստանը ձգտում է ձեռք գցել այն ապրանքահոսքերը, որոնք մինչև պատժամիջոցները անցնում էին Ռուսաստանով:

- Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ուր Վլադիմիր Պուտինը վերջին պահին որոշեց չմեկնել, ինչպե՞ս են դասավորվելու:

- Կարծում եմ՝ դրանք առայժմ կդասավորվեն այնպես, ինչպես կան: Թուրքիան մեզ համար, իհարկե, շատ խնդրահարույց է, բայց և այնպես հարևան է: Նա երկիմաստ է վարվելու: Մի կողմից՝ որոշ բարեկամական քայլեր ցույց կտա Ռուսաստանին ընդառաջ, մյուս կողմից՝ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Երբ ասում են, որ Էրդողանը մեր լավ բարեկամն է, ես դրան չէի համաձայնի: Ներեցեք, բայց այդ լավ բարեկամը շահագրգռված է Ուկրաինա որոշակի համակարգերի սպառազինություն և զինամթերք մատակարարել:

- Էրդողանը դեպքերի զարգացման ո՞ր տարբերակով է շահագրգռված. որ մե՞նք հաղթենք, թե՞ Ուկրաինան:

- Կարծում եմ՝ պարոն Էրդողանը մի շահ ունի, որ Ռուսաստանը նշանակալիորեն ոչ թե պարզապես թուլանա, այլ թուլանա այնքան, որ հայտնվի իրենից կախվածության մեջ: Ենթադրում եմ, որ դա ինչ-որ չափով նաև Իվանիշվիլու շահագրգռությունն է:

- Ի՞նչ կախվածություն նկատի ունեք: Նա ցանկանում է ինչ-որ տարածքնե՞ր, թե՞ ուրիշ բան:

- Նա ցանկանում է, որ թուլանա ռուսական ազդեցությունը Անդրկովկասում և մեծանա թուրքական ազդեցությունը: Նա ցանկանում է Ռուսաստանի համար դառնալ աշխարհին բացվող օդանցք, որը մե՛կ բացի, մե՛կ փակի՝ պայմանավորված քաղաքական կոնյունկտուրայով: Մեզնից որոշ զիջումնե՞ր են պետք, կփակի օդանցքը և կսկսի սակարկությունը: Ստացա՞վ ուզածը, կբացի: Իվանիշվիլին, Թուրքիայի և Վրաստանի չափերի ու ներուժի ամենայն տարբերությամբ հանդերձ, նույն բանն է ցանկանում:

Վադիմ Բոնդայր

Աղբյուրը

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Վրաստան Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին