Փետրվարի 3-9-ը Եգիպտոսում (Շարմ Էլ Շեյխ) կայացած ուժային եռամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորցին՝ նվաճելով 3 ոսկե, 1 արծաթե մեդալ:
110 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ և բարձր ցուցանիշներով 1-ին հորիզոնականը զբաղեցրեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Առաքելյանը:
Անկախի հետ զրույցում Արթուրը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և հաղթանակը հայրենակիցներին նվիրելու մասին:
-Շնորհավորում ենք աշխարհվի գավաթի խաղարկությունում հաղթանակ տոնելու և առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել. 2 տարի մրցաշարի չէիք մասնակցել:
-Շնորհակալ եմ: Վերջին միջազային մրցումս 2021-ին էր. Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում դարձա չեմպիոն, այն ժամանակ հանդես էի գալիս 100 կգ քաշային կարգում: 3 տարի ժամանակ ունեցա նախապատրաստվելու համար. իմ ընդհանուր արդյունքը գերազանցեցի 45 կգ-ով:
Ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացրել: Մարզվում եմ մինիմում 70 % բեռնվածությամբ: Իսկ ավելի քիչ բեռնվածությամբ միայն մրցումներից հետո 1 ամիս:
-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Այս մրցաշարը տարբերվում էր նրանով, որ անմիջապես ես եմ կապ հաստատել, հայտերը ուղարկել ու 4 մարզիկով մեկնել ենք:
Ամեն բան հրաշալի, բարձր մակարդակով էր կազմակերպված: Շուրջ 15 պետության 400 մարզիկ էր մասնակցում: Գերակշիռ մաս էին կազմում տեղացի՝ եգիպտացի, մարզիկները:
110 կգ քաշային կարգում եմ հանդես եմ եկել: Կատարել եմ ուժային եռամարտի 3 վարժությունն էլ, կքանիստ վարժության լավագույն արդյունքը՝ 230 կգ, պառկած սեղմում հենարանից՝ 165 կգ, պոկումը՝ 250 կգ:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-2 տարվա դադարից հետո, մասնակցելով մրցաշարի, կրկին ոսկե մեդալ ձեռք բերեցի, ինչի համար շատ ուրախ եմ, ինչը նաև շատ պարտավորեցնում է: Ողջ թիմով՝ ընկերներով, հաջող հանդես եկանք՝ մեդալներ նվաճելով:
Այդ օրերին սահմանին վիճակը կայուն չէր. երբ միջազգային հարթակում ներկայացնում ես երկիրդ, ամեն ինչ անում ես պատվաբեր ելույթներ ունենալու և հաղթելու համար: Մեր հաղթանակը նվիրում ենք հայ ժողովրդին, ամենակարևորը, մեր զինվորներին, անմահացած տղաներին. փառք ու պատիվ մեր հերոսներին: