Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Գիլանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Ջալիլ Աբասը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրանի հետ՝ հիմնվելով փոխադարձ վստահության, համագործակցության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։
Երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն այս սկզբունքների հիման վրա և սերտորեն համակարգել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերը։
Ըստ պակիստանյան կողմի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել գնալ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ճանապարհով։
Քննարկվել է նաև երկու երկրների դեսպանների՝ միմյանց մայրաքաղաքներ վերադառնալու հարցը։