Ֆրանսիան Ուկրաինայի հետ երկկողմ համաձայնագիր է կնքելու, որով նախատեսվում է օգնություն Ուկրաինային նոր հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա նշել է, որ փետրվարին մեկնելու է Ուկրաինա՝ պայմանագրի մանրամասները վերջնական համաձայնեցնելու։
Միաժամանակ, հունվարի 18-ին Փարիզ է ժամանելու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Մակրոնը նաև ազդարարել է Կիևին զենքի նոր մատակարարումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկվեն 40 հեռահար SCALP հրթիռներ և մի քանի հարյուր ռումբ։
«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային ավելի մեծ ռազմական օգնություն ցուցաբերել նրանով, ինչն անհրաժեշտ է իր երկինքը պաշտպանելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը մամուլի ասուլիսում։ Ուկրաինա ՌԴ ներխուժումից ի վեր Ֆրանսիան արդեն 1,7 մլրդ եվրոյի օգնություն է ցուցաբերել Կիևին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիան էր Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտի համաձայնագիր ստորագրել՝ հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։