f

Անկախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.

քանզի լուսո պտուղներն են բարությունը,

արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):

​Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արևելք եղար և խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»։ Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու և միշտ Տիրոջ հետ լինելով՝ արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության։ Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում։ Սուրբ Ծնունդը այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, և ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիները տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում։

Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1.5):

Սիրելի բարեպաշտ զավակներ ի հայրենիս և ի սփյուռս, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայրապետիս պատգամն է, որ մեր սրտերը չդարձնենք հուսահատության, տրտմության մութ ու ցուրտ անձավներ, այլ Քրիստոսի ներկայությամբ լուսավորված մսուրներ, որտեղ մանուկ Հիսուսին աստվածահաճո գործեր ընծայելու մղումն ու ձգտումն են թագավորում։ Արդ, ապավինենք մարդեղացյալ Տիրոջը, ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո և ճշմարտի առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի։ Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները, ինչպես Ավետարանում է ասվում. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16)։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին։ Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, և ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով՝ «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, և Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի 51.5):

Այս հուսառատությամբ ու հավատով, Սուրբ Ծննդյան ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Փրկչի օրհնությունն ու զորակցությունը և գահակալության արևշատ ու արդյունալի տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարյաց մաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։

Սուրբ Ծննդյան շնորհաբեր այս օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Փրկիչ մեր Տերը։ Ով մանկացյալ Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, մեր փրկության համար մարմնացար և աշխարհ եկար ու մարդկության հանդեպ անսահման սիրովդ երկնառաք շնորհների լույսը ծագեցրիր բոլոր Քեզ հավատացողների հոգիներում։ Խաղաղություն ու բարօրություն պարգևիր աշխարհին ու մեր հայրենիքին։ Ազատիր մեզ ամենայն չարից ու չարիքից, մխիթարություն շնորհիր պատերազմի արհավիրքներից ու ծանր կորուստներից խռովահույզ ու վշտակիր մեր սրտերին։ Ներիր և թողություն շնորհիր մեզ, որպեսզի մեղքերն ու անկումները չփակեն մեր առջև ճանապարհը մեր տեսիլքների իրագործման և ակունքները Քո անբավ բարիքների և անսպառ ողորմության։ Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին։ Շուտափույթ վերադարձ պարգևիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլև անհայտ կորած մեր զավակներին։ Երկնային երանական հանգստության և լուսեղեն օթևանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին։ Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի Քեզանով զորացյալ դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,

Ձեզ եւ մեզ մեծ աւետիս

Սուրբծննդյան պատարագ Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց Արցախ Հայաստան Մայր աթոռ սուրբ Էջմիածին ՖԲ Գրառում

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին