ԱՄՆ-ն սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք չի փոխանցել Իսրայելին հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից ի վեր, սակայն ուսումնասիրում է դրա կիրառման մասին զեկույցները, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Երկուշաբթի ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Իսրայելը հոկտեմբերին Լիբանանի վրա հարձակումների ժամանակ օգտագործել է ԱՄՆ-ի կողմից մատակարարված սպիտակ ֆոսֆորով զինամթերք, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն ինը խաղաղ բնակիչ։
«Մենք ուսումնասիրում ենք դա, մենք անպայման ուզում ենք ավելին իմանալ՝ հարցեր տալով մեր իսրայելցի գործընկերներին այդ զեկույցների վերաբերյալ, որպեսզի տեսնենք՝ արդյոք դրանք արժանահավատ են և ինչպես է օգտագործվել սպիտակ ֆոսֆորը, արդյո՞ք այն օգտագործվել է... Ես կարող եմ ձեզ հստակ ասել, քանի որ ստուգել ենք, հոկտեմբերի 7-ից ի վեր մենք սպիտակ ֆոսֆորով զինամթերք չենք մատակարարել Իսրայելին», - ասել է Քիրբին CNN-ի եթերում:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը դեռ ամբողջական հստակություն չունի կատարվածի վերաբերյալ։