Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի 02 շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխացնմամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։
Ըստ ականատեսների՝ վթարի պատճառ է դարձել այն, որ կեղտաջրերը դուրս են եկել դիտահորից և ողողել ճանապարհը, ինչի հետևանքով էլ առաջացել է մերկասառույց։