Բրյանսկի ուսումնարանում ութերորդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացան է բերել ուսումնական հաստատություն և կրակ բացել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ և վիրավորներ։ Ուսումնական հաստատության շենքը շրջափակվել է ուժայինների կողմից, դպրոցի բոլոր աշակերտները տարհանվել են։ Տեղի վարչակազմի տվյալներով՝ զոհվածների թվում է ինքը՝ կրակողը։
Ինչպես հայտնում է Shot-ը, աշակերտուհին ուսումնարան է եկել զենքով, որը պատկանել է որսի սիրահար հորը։ Baza-ի տվյալներով՝ 8-րդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել կենսաբանության դասի ժամանակ։
Հաղորդվում է, որ նա բարձրացել է ուսումնարանի չորրորդ հարկ, մտել դասասենյակ ու կրակ բացել։ Նա հասցրել է մի քանի աշակերտի վիրավորել, ապա՝ ինքնասպան է եղել։
Ըստ Mash-ի տվյալների՝ աշակերտուհին ուշացել է կենսաբանության դասից, մոտավորապես ժամը 9:15-ին մտել է դասարան և որսորդական հրացանից հինգ կրակոց է արձակել:
Հարուցվել է քրեական գործ։
Որոշ աշակերտների հաջողվել է նկարահանել, թե ինչ է կատարվում։
Կատարված ողբերգության պատճառներից միքանի վարկած է նշվում։ Ըստ դրանցից մեկի՝ աղջիկը կոնֆլիկտ է ունեցել դասարանցիների հետ։ ի դեպ, նա կրակ է բացել տղաների վրա։
Երկրորդ վարկածը կապված է այն բանի հետ, որ աշակերտուհին վիճել է դասընկերուհու հետ մի տղայի համար, որին նրանք չեն կարողացել կիսել իրար մեջ։
Աղջկա մայրը հարցաքննության ժամանակ պատմել է, որ վերջին երկու օրվա ընթացքում դուստրը գրեթե չի խոսել և չի պատասխանել իր հարցերին, չնայած նախկինում ևս լռակյաց է եղել։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան դուստրը հրաժարվել է նախաճաշից և տանից դուրս գալիս մորը երկու բառ է ասել՝ «մի՛ ոռնա»։ Այդ ժամանակ կինը չի հասկացել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ իր դուստրը։