f

Անկախ

Եթե քո գիտակցության մեջ հայրենիք չունես, իրական հայրենիքը չես կարող սիրել. Սաթենիկ Ավետիսյան


«Եթե այլ բնագավառներում աշխատող մարդիկ պետք է ժամանակ գտնեն գեղարվեստական գրականություն կարդալու համար, ապա ես մասնագիտության բերումով եմ դա անում: Ես ունեմ այդ բացառիկ երջանկությունը՝ մշտապես վայելելու բարձր գրականության հետ շփման հաճույքը»,- գրականագետի աշխատանքն այսպես է բնութագրում ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, առաջատար գիտաշխատող Սաթենիկ Ավետիսյանը: Նա վստահեցնում է՝ լավ գրականություն կարդալը հոգեկան առողջությունը և մտքի ճկունությունը պահպանելու լավագույն միջոցներից է:

 «Գրականագետի հայացքը  ռենտգենյան ճառագայթի նման մխրճվում է տեքստի հանգույցների, բջիջների մեջ, փորձում  մեկնաբանել պատկերը, գաղափարը, նույնանալ հեղինակի և հերոսի հետ, հասկանալ տեքստի և իրականության կապը: Հետո, երբ շատ ավելի ես խորանում, հասկանում ես, որ հեղինակն իր  գրականության մեջ տարրալուծված է, և դու բացահայտում ես ոչ միայն նրա հերոսներին, այլ նաև հեղինակին իր հերոսների մեջ։ Շատ հետաքրքիր և բարդ աշխարհ է»,- ասում է Ավետիսյանը՝ ընդգծելով, որ գրականագետը կարևոր միջնորդ է գրողի և ընթեցողի միջև:

 Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ Ավետիսյանը պատմում է, որ դպրոցական տարիներին կարդալ շատ էր սիրում, տանն էլ ունեին հարուստ գրադարան: «Ինչ կարդում էի, ինքս ինձ համար վերլուծում էի, գրառումներ էի անում»,- պատմում է Ավետիսյանը՝ հավելելով, որ իր մասնագիտական ուղին կանխորոշված էր․ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ, իսկ հետո որպես ասպիրանտ կրթությունը շարունակել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: «5 տարի շարունակ վայելել եմ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի գիտնական հսկաների, ականավոր հայագետների դասախոսությունները: Իմ դասախոսները նկատում էին, որ վերլուծական ձիրք ունեմ, և ոգևորում էին ինձ: Դա շատ կարևոր էր իմ մասնագիտական ուղին ճշգրտելու առումով»,- ասում է նա:

Պատմելով գիտության ուղին ընտրելու և հետագայում գիտության ոլորտում մնալու դժվարությունների մասին՝ Ավետիսյանը հիշում է, որ չորս հոգով էին ասպիրանտուրա ընդունվել, բայց գիտության ոլորտում մնաց միայն ինքը: «94-ի հունվարից  սկսեցի աշխատել Գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Աշխատավարձն այնպիսին էր, որ չէր կարող կենսապահովման միջոց լինել»,- հիշում է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ երբևէ չի մտածել գիտությունը թողնելու մասին: Ասում է՝ զուգահեռաբար տարբեր տեղերում դասավանդում էր, որպեսզի կարողանար  իր և ընտանիքի ապրուստը հոգալ և շարունակել  զբաղվել գիտությամբ:

 «Դժվար էր: Այդ ընթացքում գրում էի  ատենախոսություն «Ակսել Բակունցը և հայ նորագույն արձակը»  թեմայով: 1995-ի նոյեմբերին պաշտպանեցի: Դրան հասա ձեռնոց հագած, մատներս՝  ցրտահարված, բայց շատ մեծ էր ոգևորությունս,- ասում է նա:- Իսկ պաշտպանությունից հետո ընկերներով մոմի լույսի տակ խնջույք կազմակերպեցինք: Նվիրումի ճանապարհ էր, չկար  հուսահատություն»։

 Խոսելով իր գիտական արդյունքի մասին՝ Ավետիսյանն ասում է, որ առաջնորդվում է «Ինչ անում ես, պետք է լավ անես» կարգախոսով: «Մեկ գրքի հեղինակ եմ, որը երկու տասնյակ գիտական հոդվածներ է ընդգրկում: Շուտով երկրորդ գիրքս լույս կտեսնի, որը նույնպես մի քանի տասնյակ ուսումնասիրություններ է ընդգրկում, զուգահեռ աշխատում եմ Լևոն Խեչոյանի արձակի նշանագիտական համակարգին նվիրված մենագրության և ազգային ինքնության հիմնախնդիրներին նվիրված դոկտորական ատենախոսության վրա»,- ասում է նա:

 «Եթե մարդ աշխատանք է կատարում, դրա համար պետք է վարձատրվի»

Հարցին՝ ունենք արդյոք որակյալ արդի գրականություն, և ինչու արդի հեղինակները ճանաչված չեն  հանրության կողմից, Ավետիսյանը պատասխանում է. «Մենք ունենք լավ հեղինակներ: Բայց նրանք դասագրքերում ներկայացված չեն: Երեխան իր մշակույթին պետք է հաղորդակցվի դեռ դպրոցական տարիներից: Երկրորդը՝ այստեղ կա նաև գրաքննադատներիս թերացումը: Քննադատությունը չի կարողանում արագ արձագանքել և հանրային դաշտ բերել այդ գրքերը»: Իսկ քննադատների պասիվության պատճառներից մեկը սոցիալական գործոնն է. քննադատի աշխատանքը մերօրյա Հայաստանում չի վարձատրվում: Ավետիսյանը շեշտում է՝ եթե խորհրդային տարիներին հեղինակավոր գրականագետները մեծ հոնորարներ էին ստանում իրենց վերլուծությունների համար, ապա այսօր դա կամավորական հիմունքներով աշխատանք է: «Եթե մարդ աշխատանք է կատարում, դրա համար պետք է վարձատրվի: Բայց այսօր գրաքննադատը չի ստանում ո՛չ պատվեր, ո՛չ առաջարկ»,- ասում է նա՝ հավելելով, որ ինքն արդի գրական ստեղծագործությունները վերլուծելու համար երբևէ չի վարձատրվել: «Եթե կարդում եմ  և  աշխարհայացքային և գեղագիտական համակարգ  եմ  հայտնաբերում կամ ճանաչողության նոր շերտ եմ բացահայտում այդ հեղինակի մոտ, գրում եմ այդ գրքի մասին»,- ասում է նա: Ավետիսյանի կարծիքով՝ երբ որևէ նոր գիրք է շուկա մտնում,  Գրողների միությունը պետք է պատվեր իջեցնի գրաքննադատներին, նաև վճարի  այդ աշխատանքի համար, ԳՄ պաշտոնաթերթն էլ ընթերցողին ներկայացնի  գրախոսությունը.  «Պետք է համակարգային գործելաոճ»: Նա շեշտում է՝ ԽՍՀՄ փլուզումից հետո փոխվեց վերաբերմունքը գրքի ու գրականության հանդեպ, գործող համակարգերը կազմալուծվեցին: Եվ չնայած 2010-ականներից հետո որոշակիորեն աշխուժացել է գրական կյանքը, կա որոշակի պետական հոգածություն այս ոլորտում, սակայն շարունակում է բացակայել հեղինակ-գիրք-քննադատ համագործակցությունը։

 «Մենք պետք է կարևորենք մեր լեզվով ստեղծված գիտելիքը»

Տիկին Ավետիսյանից հարցնում ենք նաև՝ որպես հայագիտության ոլորտի ներկայացուցիչ՝ արդյոք բավարար համարում է պետական հոգածությունը ոլորտի հանդեպ: «Բավականին մեծ գումարներ են ուղղվում դեպի գիտություն, վերջին 2-3 տարիներին գիտաշխատողների  աշխատավարձն է զգալիորեն բարձրացել, շատ-շատ են գրանտային, նաև արտերկրի գիտնականների հետ համագործակցության ծրագրերը: Բայց այդ ամենի մեջ չի շեշտադրվում հայագիտությունը։ Մինչդեռ հայագիտությունը պետական հոգածության մեծ կարիք ունի,- ասում է նա:- Այն ուղղությունները, որոնք միտված են հայ ինքնության և մշակութային դիմագծի ամբողջացմանը, պետք է պետական հոգածության առարկա դառնան: Բայց  այսպես չէ»: Որպես ասվածի օրինակ Ավետիսյանը մատնանշում է  օտարալեզու գիտական հանդեսներում տպագրության պահանջը: Ասում է՝ այս պահանջի հետևանքով իրենք զրկվում են հայ հանրույթին մայրենի լեզվով  իրենց գիտական աշխատանքները ներկայացնելու, ազգային մտքի զարգացումը արագ և անմիջնորդ խթանելու հնարավորությունից:

«Նեղ մասնագիտացմամբ հայ գրականության մասնագետներ ենք, մեր գիտության լեզուն հայերենն է, այլ լեզուների ֆակուլտետներ չենք ավարտել, և մեզնից պահանջվում է ռուսերեն կամ անգլերեն գրել  և դրսում տպագրվել։ Ընդ որում, դրսի գիտնականին կամ դրսի հանրույթին տարօրինակ կթվա կարդալ մի հեղինակի մասին, որի ստեղծագործությունը մեկնաբանել ես, բայց այդ հեղինակը թարգմանված  և հասանելի չէ օտար լեզուներով,- ասում է նա՝ մատնանշելով նաև միջազգային գիտական հանդեսների պահանջները:- Արտերկրի գիտական շրջանակներին պետք է հայտնի լինեն մեր կողմից հետազոտվող հեղինակները, բայց նրանց  ստեղծագործությունները նախ պետք է թարգմանել օտար լեզուներով և նոր մեկնաբանությունը ներկայացնել։ Իրենց պահանջներից է, որ համեմատության մի եզրը լինի համաշխարհային գրականությունը: Իհարկե, երբ խոսում ենք մեր հեղինակների մասին, այդ ամբողջը քննում ենք համաշխարհային գրականության համատեքստում,  բայց դա իրենք բավարար չեն համարում։ Մյուս կողմից գիտնականը զրկվում է ստեղծագործական ազատությունից և ստիպված է որոշակի կաղապարների մեջ դնել իր հղացումները․ գիտական միտքը կապանքներ չի սիրում»։

 Արդյունքում, ըստ Ավետիսյանի, հայագետների համար ոչ հավասար պայմաններ են ստեղծվել: «Եթե դու շատ  որակյալ հայագետ ես, բայց միայն Հայաստանում ես տպվում, դու չես կարող մրցել նրանց հետ, ովքեր տպվում են դրսում կամ արդյունավետ գիտաշխատող համարվել։ Մինչդեռ հայագիտությունը պետք է առանձնահատուկ մոտեցում և արտոնյալ կարգավիճակ ունենա։ Մենք պետք է կարևորենք մեր լեզվով ստեղծված գիտելիքը, մինչդեռ մենք խրախուսում ենք օտար լեզվով ստեղծված գիտությունը»։ Ավետիսյանը շեշտում է՝ պետական աջակցություն է պետք մեր մշակույթն ու գրականությունը օտար լեզուներով աշխարհին ներկայացնելու համար:

 «Եթե ժամանակին ականավոր հայագետներին նման  պարտադրանք ներկայացվեր, մենք այսօր հայագիտություն չէիք ունենա, քանի որ նրանց մեծ մասը չէր կարողանա ուրիշ լեզվով գրել»,- ասում է նա:

 Կարևորելով  հայագիտության դերը՝ Ավետիսյանը նկատում է. «Պետության հզորության ցուցիչը մշակույթի, արվեստի, գիտության ռազմավարության ազգային ծրագրի ստեղծումն ու կիրարկումն է: Դրանք այն  գաղափարախոսական հենքն են, որի վրա բարձրանում է պետությունը: Եթե պետությունը չունի գաղափարախոսական պատվանդան, փլուզվում է: Այսօր մեր ժողովրդի հոգեմտավոր պատրաստվածության մակարդակը ցածր է: Դրա հետևանքով մենք անընդհատ պարտվում ենք»:

 Նրա համոզմամբ՝ վերջին 30 տարիների մտավոր, գաղափարական  թուլությունը բերեց նրան, որ մենք կորցրեցինք 30 տարի առաջ ձեռք բերածը: «Ամեն ինչ կախված է մտքի ուժից: Միտքն է ստեղծում իրականություն։ Նշանակում է՝ որքան ուժեղ է ազգային միտքը, այնքան ուժեղ,  ամուր և կայացած է ազգային իրականությունը»,- ասում է Ավետիսյանը՝ կարևորելով ազգային  գաղափարախոսության  վրա հիմնված  կրթությունը:

 «Այսօր ազգային կրթություն չունենք։ Գենետիկ կոդի մղումով  անհատներ են ի հայտ գալիս, որոնք ճակատագրական պահերին փրկում են պատառոտված երկրի բեկորները, բայց դա չի դառնում հայրենապահպան համակարգ, ինքնության փրկության և աճի մեխանիզմներ չենք ստեղծում»,- ասում է  Ավետիսյանը և աբովյանական ոճի ուղերձ հղում երիտասարդներին․ այն է՝ սիրել մայրենի լեզուն, ազգային գիրը, մշակույթը, քանի որ հենց դրանք են հայրենիք ձևավորում գիտակցության մեջ: 

«Այլապես, եթե քո գիտակցության մեջ հայրենիք չունես, իրական հայրենիքը չես կարող սիրել ու պահպանել»,- եզրափակում է նա։


 

Կինը և գիտությունը հայագիտություն կրթություն Ազգային գաղափարախոսություն Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ խմբագրի ընտրանի գիտության զարգացում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին