2023թ. 9 ամիսներին վերարտահանումը զգալիորեն նպաստել է Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման աճին։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստանում շարունակվում է ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ հոսքը։ «2023թ. 9 ամսում Ռուսաստան ապրանքների արտահանման 85 տոկոսանոց աճին նպաստել է վերարտահանումը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Խոսքը մոտ 80,6 տոկոսային կետի մասին է։ Նույն ժամանակամիջոցում հայկական ապրանքների արտահանումը աճին նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- նշել է Սիրունյանը։