Նոյեմբերի 24-ի գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքով զանգվածային հարձակման փորձ է կատարել Ղրիմի տարածքում։
Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ կասեցվել է «Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում թիրախների դեմ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը»։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը 13 անօդաչու թռչող սարք է խոցել Ղրիմի և երեքը՝ Վոլգոգրադի շրջանի վրա։ Վոլգոգրադի մարզի նահանգապետը և օկուպացված Խերսոնի շրջանի ռուսական վարչակազմի ղեկավարը հայտնել են վերջին ժամերին անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Ուկրաինական կողմն այս հայտարարությունները դեռևս չի մեկնաբանել։