Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հաջորդ շաբաթ կարող է այցելել Իսրայել և հանդիպել նախագահ Իսահակ Հերցոգի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մասկը կարող է այցելել նաև Իսրայելի հարավային բնակավայրեր՝ Գազայի հատվածի հետ սահմանին, որոնք լրջորեն տուժել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժումից։
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկացի միլիարդատերը և X սոցիալական ցանցի սեփականատերը բազմիցս հրապարակավ խոսել է Մերձավոր Արևելքի հակամարտության և Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին։
Հոկտեմբերի վերջին Մասկը հայտարարեց, որ Starlink արբանյակային կապի ծառայություններ կտրամադրվեն Գազայի հատվածում օգնություն տրամադրող միջազգայնորեն ճանաչված կազմակերպություններին։ Ավելի ուշ, նա ասաց, որ Starlink-ի ոչ մի արբանյակային տերմինալ չի փորձել Գազայի հատվածից միանալ։
Ձեռնարկատերը խոստացել է նաև X-ի՝ Գազայի հատվածի հակամարտության հետ կապված բովանդակությունից ստացած եկամուտներն ուղղել Իսրայելական հիվանդանոցներին և պաղեստինցիներին բժշկական օգնություն տրամադրող միջազգային մարդասիրական կազմակերպություններին։