Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հաստատել է ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրված տեքստը, որը ներառում է լիցենզիաների և թույլտվությունների էլեկտրոնային եղանակով տրամադրման հնարավորությունը, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ։ Այս մասին ասվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրությունում։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել այն ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրված տարբերակը, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցներ», - ասվում է հաղորդագրությունում։
«Նախատեսվում է, որ փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն ըստ անդամ պետությունների պատրաստության աստիճանի՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։ Օրինակ՝ ավտոմատ ռեժիմով էլեկտրոնային փաստաթղթի տեսքով լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման հնարավորությունը, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի օրենսդրությամբ», - պարզաբանում է ԵՏՀ հաղորդագրությունում։
Նոր կանոնների ընդունման մասին որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելուց 60 օրացուցային օր հետո։