Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը «Х» սոցցանցում գրառում է արել՝ արձագանքելով USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի հայտարարությանը: Ընդ որում, նա տեղեկացրել է, որ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունն «այլևս երկրում տեղ չունի»:
Բանն այն է, որ Փաուերը վերջերս եղավ Հայաստանում և դրանից հետո հանդես եկավ Լեռնային Ղարաբաղը լքած հայերի պաշտպանության օգտին: Նա հայտնեց նաև, որ ԱՄՆ-ն այդ մարդկանց օգնելու համար լրացուցիչ 4 մլն դոլար է հատկացրել: 2020 թ. ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը Լեռնային Ղարաբաղի կարիքների համար կազմել է 28 մլն դոլար: «Մենք կշարունակենք անել ամենայն հնարավորը, որպեսզի աջակցենք նրանց և Հայաստանում նրանց շռայլորեն ընդունողներին»,- գրել է այդ կապակցությամբ Փաուերը:
Բայց դա սենսացիա չէ և նույնիսկ նորություն չէ: ԱՄՆ-ն երբեք գաղտնի չի պահել, որ ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ստեփանակերտին: Սենսացիան ուրիշ հանգամանք է: Հաջիևը, հղում անելով ձերբակալված, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ցուցմունքներին, հայտնում է, որ նա «գործնական» հարաբերություններ է ունեցել Փաուերի հետ, երկրորդ՝ «2022 թ. հոկտեմբերին հայտնվելով Ղարաբաղում՝ Վարդանյանը նաև պետական հեղաշրջում է ծրագրել Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ, որին աջակցում է ԱՄՆ-ն»:
Աներևակայելի է: Դեռ վերջերս նախագահ Ալիևը հայտարարում էր, որ Վարդանյանի հայտնվելը Ստեփանակերտում «Մոսկվայի նախագիծն» է: Նրա անունը հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն այդ հարցը բարձրացրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:
Ավելին, ադրբեջանական կողմը Վարդանյանի հրաժարականի հարցը դարձրել էր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու պայմաններից մեկը: Վարդանյանի մասին Ալիևը խոսում էր անգամ անվտանգության գծով Մյունխենի խորհրդաժողովի ընթացքում՝ Հարավային Կովկասի երկրների առաջնորդների մասնակցությամբ ընթացող բանավեճի ժամանակ: «Մեր միջազգային գործընկերների հետ համաձայնեցվել է, որ կքննարկվեն Ղարաբաղի հայկական փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները,- ասում էր այն ժամանակ Ալիևը:- Մենք պատրաստ ենք դրան, բայց միայն հայկական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել և ողջ կյանքում ապրել են Ղարաբաղում: Ոչ թե այն մարդու հետ, որը արտահանվել է Ռուսաստանից, որպեսզի ղեկավար պաշտոն գրավի Ղարաբաղում: Գուցե «արտահանվելը» պատշաճ բառ չէ: Հավանաբար ես կգերադասեի «բերվել է մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպես է նա հայտնվել Ղարաբաղում, ինչպես է նա փորձում և հասնում նրան, որպեսզի վերադառնա Երևան, իսկ այնտեղից՝ Մոսկվա, այնուհետև նորից Երևան ու նորից Ղարաբաղ»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին ասում էր. «Այն մարդը, որը Ղարաբաղ է եկել դրսից կամ գործուղվել է՝ խաղալով ոմանց խաղերը, չի կարող մեզ համար բանակցությունների կողմ լինել, և այն մարդիկ, որոնք կանգնած էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի գործի»:
Հիմա էլ ստացվում է, որ Ալիևը, «կռիվ տալով» Վարդանյանին հեռացնելու համար, փրկում էր Հայաստանի վարչապետին ամերիկամետ, ոչ թե «ռուսամետ» հեղաշրջումից Երևանում:
Բայց հետաքրքիրը միայն դա չէ: Բաքվի սլաքների թեքումը ԱՄՆ-ի կողմը ուշագրավ երևույթ է, քանզի դարձյալ դեռ վերջերս Բաքուն և Երևանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, օգտագործում էին ամերիկյան հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության համար: Եվ հանկարծ խզում: Ադրբեջանը հրաժարվում է Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նշանակված հանդիպումից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով: Պատրվակը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը «լիակատար մուտք ունենան տարածք», իրենց սեփականությունն ու մշակույթը պահպանելու հնրավորություն», և «հարկ է ապահովել նրանց ընտրությունը իրենց ապագայի հարցում»: Սա այն դեպքում, երբ Բաքուն ու Երևանը խոսում էին, թե «պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ գրեթե այս տարվա վերջում», և թե «նման փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է»: Հետևաբար Բաքվի հրաժարումը ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններից կարող էր հիմնավորված համարվել միայն այն դեպքում, եթե պայմանագրի տեքստ մտցվեր ամերիկյան դիրքորոշումը: Սա հանգեցնում է այն մտքին, որ ամենավերջին պահին ինտրիգում ի հայտ է եկել նոր սյուժե, և Բաքվի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լարելու «խաղը» տրամաբանական է թվում:
Ըստ բոլոր նշանների, ուղղակի թե անուղղակի, ԱՄՆ-ն որոշել է ինչ-որ բանի համար «պատժել» Ադրբեջանին և սկսել է ցույց տալ իր նոր շահերը տարածաշրջանում՝ անելով մի շարք հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ: Օ’Բրայենի խոսքով՝ Բաքվին գրեթե վերջնագիր է ներկայացվել, թե «սեպտեմբերի 19-ից հետո հարաբերություններն Ադրբեջանի հետ չեն կարող բնականոն լինել այնքան ժամանակ, քանի դեռ առաջընթաց չի լինի խաղաղության գծում»: Այդ կապակցությամբ չեղյալ են հայտարարվել «ամերիկյան բարձր մակարդակով» մի շարք այցեր Ադրբեջան:
Ինչպես երևում է, Վաշինգտոնը սկսում է Երևանը ներգրավել եվրոատլանտյան համայնքում և, ինչպես Փարիզը, այլևս հանդես չի գալիս միջնորդի դերում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Այժմ խաղադրույքը դրվում է «Հայաստանի ժողովրդավարական վարչակարգի» վրա և դատապարտվում է Ադրբեջանի «ավտորիտարիզմը»: Խնդիրը նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, որքան Բաքվում քաղաքական վարչակարգի վեկտորի փոփոխության մատնանշումը: Դրանից էլ Բլինքենի հայտարարությունը «Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի» նախապատրաստման մասին, Բաքվի ներգրավումը հնարավոր տարածաշրջանային զինված հակամարտության մեջ կամ խիստ լարվածության պահպանումն Անդրկովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի «խաղաքարտը» բանեցնելով:
Բայց բոլոր դեպքերում Փաշինյանը և Ալիևը քաղաքական հակամարտության այս նոր գալարում շատ բան գաղտնի են պահում՝ պարբերաբար փոխելով իրենց քաղաքական տրամադրվածությունը: Ուստի սպասենք, թե ինչ նոր բան կպատմի Վարդանյանը ադրբեջանական հետաքննությանը, և ինչպես Բաքուն կտնօրինի այդ կերպ ձեռք բերած «պատմական» նյութը: Առայժմ միայն հարցեր են ծագում:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ ИА REX