ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) առաջնորդները մասնակցում են Մերձավոր Արևելքում պատերազմին նվիրված վիրտուալ գագաթնաժողովին, հայտնում է Al Jazeera-ն։
Հարավային Աֆրիկայի կողմից հրավիրված հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիան, Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք դաշինքին կմիանան 2024 թվականի հունվարին։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և «ցեղասպանության» մեջ՝ ասելով, որ հանդիպումը պետք է «ազդանշան լինի մեզ համար՝ միավորելու ուժերը և ակտիվացնելու գործողությունները՝ վերջ տալու այս պատմական անարդարությանը»:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել միջազգային խաղաղության համաժողով կազմակերպել և ասել, որ կայուն խաղաղությունն անհնար է «առանց Պաղեստինի հարցի արդարացի լուծման»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտությունը քաղաքական լուծում տալ, որին դաշինքը կարող է մասնակցել և օգնել դրան հասնելու համար:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը կոչ է արել երկրներին դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների մահը և ասել է, որ Պաղեստինի ժողովրդի խնդիրները պետք է լուծվեն «լուրջ ձևով»: