Այսօր առավոտից, ինչ սկսել է Երեւանի ավագանու նիստը, այդ անձը (նկատի ունի «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյնին-խմբ) ստանձնել է ՔՊ-ական քաղաքապետի եւ մյուս անդամների փաստաբանի գործունեությունը:Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան»» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Նա իր նշած բեմից, թատերաբեմից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմ անձի հասցեին, ստացավ համարժեք պատասխան, որից հետո հարձակում գործեց ինձ վրա: Մնացածի մասին հանդես կգանք լրացուցիչ մամուլի ասուլիսով»,-ասաց նա:
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան, հնչեցին վիրավորանքներ, իսկ երբ Անի Խաչատրյանը բեմից իջավ եւ շարժվում էր դեպի իր տեղը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց նրա վրա: Վերջինս նույնկերպ պատասխանեց: Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անջատել ուղիղ հեռարձակումը: