Նոյեմբերի 4-ին Չեխիայում կայացած պրոֆեսիանալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 69 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակցի՝ Պետր Ջինայի նկատմամբ 3-րդ ռաունդում նոկաուտով տպավոիչ հաղթանակ տոնեց Գինեսի բազմակի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, Յուրի Սաքունցը:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը խոսում է նախապատրաստական շրջանի մասին, կիսվում տպավորություններով:
-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Բավական երկար և լուրջ նախապատրաստական շրջան էի անցել, նախորդ մենամարտս տեղի էր ունեցել մայիսին: Շուրջ 5 ամիս մարզումներ եմ անցկացրել, լավ մարզավիճակում էի գտնվում:
Տրամադրված էի մարտական, քան որ պետք է ամեն ինչ անեի հաղթելու համար: Տրամադրվածությունս, մոտիվացիաս ավելացավ, երբ մեկնեցի Չեխիա՝Պրահա, և ինձ դիմավորեցին մեր հայրենակիցները՝ իմ ընկերները, որոնք վաղուց բնակվում են այնտեղ: Ոգևորվածությունս կրկնապատկվեց:
-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Մրցակիցս՝ չեխ Պետր Ջինան, պրոֆեսիոնալ ռինգում բավական մեծ փորձ ուներ, 60-ից ավելի մենամարտեր անցկացրած:
6-ռաունդանոց մենամարտ էր, 3-րդ ռաունդում մենամարտը ավարտվեց, նոկաուտի ենթարկեցի, հարվածաշարին չդիմացավ:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Դրական էմոցիաներ, մոտիվացիա: Ուրախ եմ, որ կրկին ստացվեց երկրիս դրոշը հաղթանակած բարձրացնել, իմ ժողովրդին ուրախացնելու և հպարտանալու առիթ տալու: Մեր հայրենակիցների, իմ երկրի համար այս պահին յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում անչափ կարևոր է: