Հայաստանում արդեն ընդունվել է բուժապահովագրման համակարգի ներդրման հայեցակարգը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է առողջապահության հանձնաժողովի նախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ բուժապահովագրման համակարգի ներդրումը նախատեսվում է 2024թ. կեսին։ Այն, պլանի համաձայն, պետք է ավարտվի 2026թ.։
«Այլ խոսքով՝ բուժապահովագրման համակարգը լիովին կգործարկվի 2026թ.»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը։
Համակարգը, ինչպես նշել է Զեյնալյանը, նախատեսվում է ներդնել փուլ առ փուլ։ Նախագծի միջնաժամկետ ծախսերը արդեն հաշվարկված եւ պլանավորված են։