ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը ԱՄՆ-ին, նրա նախագահ Ջո Բայդենին համարում է Գազայի հատվածում իսրայելական բանակի կատարած զանգվածային սպանությունների պատասխանատու։
«Մենք ԱՄՆ վարչակազմի և նախագահ Բայդենի վրա ենք դնում [Գազայի հատվածում] զանգվածային սպանությունների լիակատար պատասխանատվությունը։ Զանգվածային սպանությունները տեղի չէին ունենա, եթե ԱՄՆ-ն կանաչ լույս չվառեր օկուպանտների առջև ցեղասպանային պատերազմի շարունակման համար»,- ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի հայտարարությունը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Մեկ ժամ անգամ չի անցնում առանց սիոնիստական օկուպանտների հրեշավոր սպանդի իրականացման մեր խաղաղ ժողովրդի դեմ»,- ընդգծել է շարժման ներկայացուցիչը։
Ուրբաթ ավելի վաղ Իսրայելը հարված էր հասցրել «Աշ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցին կից տարածքին, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։