f

Անկախ

Մեն-մենակ իրականացրել է դիրքի պաշտպանությունը․ երբ մտել են մարմինը հանելու, մոտը ПК-ն էր ու մեծ քանակությամբ պարկուճ․ սեպտեմբերի 19-ի զոհերի թվում էր Տիգրան Ավետիսյանը


Արցախյան վերջին պատերազմում արիաբար կռված ու նահատակված տղաներից մեկն էլ Տիգրան Ավետիսյանն է։ Մարտակերտի Վանք գյուղի հարակից դիրքերից մեկում, որտեղ պատերազմից երկու օր հանգամանքների բերումով հայտնվել էր Տիգրանը, պատերազմական գործողությունների դադարից հետո գտնված մեծ քանակությամբ կրակված փամփուշտները Տիգրանի մղած կռվի մասին շատ բան էին պատմում․․․

«Տիգրանիս մարմինը որ գտել են, ПК-ն էր մոտը ու էնքա՜ն պարկուճ․․․ Երեխես մինչև վերջին փամփուշտը կռվել ա․․․ Դեմքի վրա էլ մի գիծ անգամ չկար․ մեջքից ու գլխի հետևի մասից էին խփել․․․ Անցել են թիկունք, շրջափակել, որ կարողացել են դիրքը վերցնել ադրբեջանցիները։ Տիգրանը մեն-մենակ պաշտպանություն ա իրականացրել»,- «Փաստինֆո»-ին պատմում է մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Մոր համոզմամբ՝ Տիգրանը դիրքում մենակ էր մնացել․ երբ կռիվը թեժացել է, մյուսները թողել՝ դուրս էին եկել։ 21-ամյա Տիգրանը նաև իր մշտական անձնակազմի հետ չէր այդ օրը․ պատերազմից երեք օր առաջ կողքի դիրք էր բարձրացել, քանի որ այդ դիրքի դիրքապահներից մեկը վատառողջ էր, նրան էր փոխարինում։

«Իրեն ընդհանրապես արգելված էր առաջին գիծ գնալը, քանի որ չորրորդ աստիճանի վարիկոզ ուներ, բայց այդ օրը երևի, ցանկանալով օգնել, աջակցել զինակցին՝ ինքն էր բարձրացել նրա փոխարեն․․․

Նման բաներ լինում էին, քանի որ 44-օրյայից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ից զինծառայող չկար արդեն, շատ էին քչացել տղերքը․․․ Այնքան քիչ էին, որ հերթափոխ էլ երբեմն չէին անում։ Նրա հիմնական կազմի տղաներից մեկը Տիգրանի հուղարկավորությունից մի քանի օր անց ասաց, որ որդիս վիրավոր էր, փամփուշտ էր ուզել նաև, բայց չեն կարողացել օգնության հասնել նրան, քանի որ, իբր, մառախուղ էր, տեղը չէին գտնում․․․ Դե, արդեն հասկանալի է, թե ինչն ինչոց էր իրականում»,-ասում է տիկին Ադելինան։

Տիգրանը պաշտում էր Արցախը։ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Գորիս՝ այնտեղից էլ Երևան։ Ապաքինվելուց հետո, առանց հարազատներին տեղյակ պահելու, երեք տարվա պայմանագիր է կապել ՊԲ-ի հետ ու նորից անցել ծառայության։

«Ինքը երբեք չհամակերպվեց ընկերոջ՝ Լևոնի կորստի հետ, ով զոհվեց 44-օրյայում։ Պատերազմի ավարտից հետո Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անգամ շեշտեց՝ Լևոնի գաղափարը պետք է շարունակենք ու ավարտին հասցնենք նրա սկսածը։ Չհամակերպվեց, վրեժի ծարավ ուներ․․․»,-նկատում է մայրը։

Սեպտեմբերի 17-ին 21-ամյա Տիգրանը ծնողների հետ խոսելիս ասել էր, որ ահագին կուտակումներ կան, 100-ավորների մասին է խոսքը և դա իրենք տեսնում են։ Հաջորդ օրը մորը նորից ասել է, որ հաստատ մի բան լինելու է․ ճշտող հարցին՝ պատերա՞զմ, պատասխանել է՝ այո, բայց չվախենաս։

«Դեռ ամսի 14-ին, երբ խոսել եմ հետը, ի դեպ այդ ժամանակ արտերկրում էի, հարցրեցի՝ մատաղ ինիմ, քեզ համար ի՞նչ բերեմ այստեղից, ասաց՝ էէէ, մամ, ստի վեր եշում ըմ, կարող ա մունք էլ ուրուր տսնանք վեչ․․․ /Էսպես որ նայում եմ, կարող է մենք էլ իրար չհանդիպենք/․․․»,-հիշում է մայրն ու հուզվում․․․

Վերջ զանգը Տիգրանից տիկին Ադելինան սեպտեմբերի 19-ին, ժամը 11։36 է ստացել։ Քանի որ տեղը հարմար չէր տեսազանգով խոսելու համար, որդուն ասել է, որ մի քիչ ուշ, երբ հասնի տուն, հետ կզանգի։ Այդպես էլ չի հասցրել որդուն հետ զանգել։

Շենքի բակում Արցախում ապրող ընկերուհուց զանգ է ստանում և իմանում, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է։

Դրանից հետո ում զանգում է, որ տեղեկանա Արցախում տիրող իրավիճակի, Տիգրանի վիճակի մասին, չի հաջողվում։ Չորրորդ օրը, երբ շրջափակումից հանում են ՊԲ զորքերի մնացյալ մասին, Տիգրանից էլի լուր չկար։ Հինգերորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, երբ հորեղբայրը, ով աշխատում էր ԱԻՆ-ում, ճանաչում և ընդունում է Տիգրանի մարմինը, ծնողներին հայտնում են նրա զոհվելու բոթը․․․

Երեք օր անց Արցախն անմնացորդ սիրով սիրող 21-ամյա Տիգրանին հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վերջին պատերազմի զոհերի հուղարկավորության առաջին օրն էր սեպտեմբերի 29-ը։ Տիկին Ադելինան հիշում է՝ անդադար փոսեր էին փորվում ու ժամը մեկ երեքական աճյուն էր հուղարկավորվում ու ոչ վերջ կար, ոչ՝ սկիզբ․․

«Մեզ զգուշացրել էին, որ դագաղի վրա Արցախի դրոշ չպիտի լինի, միայն Հայաստանինն է լինելու։ Ինձ համար անհասկանալի ու անտրամաբանական էր դա, քանի որ Տիգրանը ծնվել, ապրել ու կյանքը զոհել է իր պաշտելի Արցախի համար։ Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել, ինչպե՞ս կարելի է չգնահատել նրա ու իր նմանների անձնազոհությունը։ Ես շատ բաների վրա կարող է ուշադրություն չդարձնեմ, բայց արժեզրկել հանուն այդ մի բուռ հողի նահատակված տղաներին, մոռանալ նրանց հերոսությունները, երբեք թույլ չեմ տալու, երբեք․․․»,-ասում է մայրն ու ավելացնում՝ մեր տանն էնքան մեդալ ունի գնդապետ ամուսինս․․․ հարցը մեդալը չի, պարգևը չի, այլ՝ իրապես գնահատելը հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված հերոսներին։

Ի դեպ, Տիգրանը նաև 44-օրյա պատերազմում էր աչքի ընկել իր հայրենասիրությամբ, չնայած այն ժամանակ ընդամենը երկու ամսվա ծառայող էր։ Օրեր շարունակ նրանից ոչ ոք լուր չուներ․ նոյեմբերի 16-ին նրան ու ևս չորս հոգու հրաշքով ողջ են գտնում՝ 67 հոգանոց խմբից ընդամենը հինգ հոգու․․․

Եռաբլուրում հանգչող որդուն տիկին Ադելինան ամեն օր այցի է գնում։ 21-ամյա Տիգրանին այցելողները շատ են․ ծանոթ, թե անծանոթ կանգնում, խունկ են ծխում կամ ուղղակի լռում են․․․

Տիգրան Ավետիսյան ադրբեջանական ագրեսիա ցեղասպանություն Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին