Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում Ռուսաստանի կողմից միջուկային փորձարկումներն արգելող համապարփակ պայմանագրի (CTBT) վավերացումը։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Պետդումայում հարցը քննարկելիս, խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ վավերացումը չեղարկելու որոշումը համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին և կլինի ԱՄՆ-ի հայելային պատասխանը, որը չվավերացրեց պայմանագիրը։
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին հայտարարել է, որ «եթե ԱՄՆ-ը չշարունակի քայլեր ձեռնարկել իր պարտավորությունների կատարման ուղղությամբ, ապա այս համաձայնագիրը կմնա որպես բուտաֆորիա, և, իհարկե, իմաստ չունի, որ Ռուսաստանը մասնակցի այս իմիտացիային»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հոկտեմբերի 10-ին ասել է, որ ուղղակի կապ չի տեսնում Ռուսաստանի կողմից CTBT-ի հնարավոր ապավավերացման և սպառազինությունների նոր մրցավազքի միջև: