Հոկտեմբերի 30-31-ը Մոսկվայում Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների ապարատների միջև խորհրդակցություններ են ընթանում, կողմերը քննարկում են նաև Միութենական պետության անվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը։ Այս մասին հայտնում է բելառուսական Belta գործակալությունը։
«Հոկտեմբերի 30-31-ը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվում Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ապարատների միջև։ Բելառուսական կողմը գլխավորում է Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ալեքսանդր Նևերովսկին»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությանը։
Նշվում է, որ այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Վախրուկովի հետ։ «Օրակարգում ներառված է համատեղ աշխատանք Միութենական պետության անվտանգության հայեցակարգի նախագծի նախապատրաստման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ «Բելառուսի և Ռուսաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի հետագա սրման ֆոնին կողմերն ընդգծել են ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար համատեղ աշխատանքի կարևորությունը»։